ԿարևորՀասարակություն

Առաջին հինգ ամսում Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան ժամանել

«Արմենիա»  միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից «Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ հունվար–մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 324 745, վերադարձել՝  246 727 մարդ։ 5 ամսում մեկնել ու ժամանել է 571 472 քաղաքացի։ Թե ինչ նպատակով են մեկնել կամ ժամանել, դժվար է  ասել։ Որ մասն է մեկնել երկրից երկար ժամանակով, որը՝ կարճ, դարձյալ տվյալներ չկան։ Հստակ է, որ հունվարից մայիս  մեկնող ու Հայաստան ժամանող քաղաքացիների միջև թվային տարբերությունը եղել է 88 854 մարդ։  

Որքա՞ն մարդ է մեկնել ու ժամանել  Հայաստան։ Միգրացիոն ծառայությունը վիճակագրական կոմիտեի տվյալներին սպասում է օգոստոսին՝ առաջին կիսամյակի տվյալների ամփոփումից հետո։ Սակայն, «Արմենիա»  միջազգային օդանավակայաններ ՓԲԸ–ում օդային ճանապարհով սահմանը հատվածների տվյալները կան։ Ընկերությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ հունվար-մայիսին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 324 745, վերադարձել՝  246 727 մարդ։ 5 ամսում մեկնել ու ժամանել է 571 472 քաղաքացի։ Թե ինչ նպատակով են մեկնել կամ ժամանել, դժվար է  ասել։

Վիճակագրություն այս մասով էլ չկա։ Արդյունքներ լինում են ՝ հետազոտությունների հիման վրա, դրանք, սակայն, 2018 թվականից հետո չեն կատարվել՝ ասում է   Հանրային խորհրդի միգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, միգրացիոն գործակալության նախկին պետ Գագիկ Եգանյանն ու  արձանագրում՝ սահմանը հատելիս  արձանագրվում են ուղևորի տվյալները։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցն ընդգծում է․ «2021թ–ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից մեկնող ու ժամանող ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 88 854 մարդ։   Հենց այսքան անձ մեկնել է Հայաստանից ու չի վերադարձել։ Ընդհանրապես ուղևորահոսքերը պայմանավորված են սեզոնայնությամբ։  Նախորդ տարիներին էլ միշտ գարնանը ավելի շատ են մեկնել։ Սակայն, մոտ 90 հազարի չի հասել  բացասական սալդոն։ Դա միայն 1992 թվականներին էր։ Կա մեկ այլ ցուցանիշ նույնպես, որը մտահոգիչ է․ այս տարի  ամեն չորս ուղևորից մեկը Հայաստան չի վերադարձել, նախորդ տարիներին  այդ ցուցանիշը 10 անգամ պակաս էր, ամեն 30 ուղևորից մեկը չի վերադարձել»։

2020թվականին,համավարակով ու պատերազմով պայմանավորված, միգրացիոն վիճակագրությունը բարդ ու խճճված է՝ արձանագրում է միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։ Հիշեցնում է՝ արտերկրում մշտապես ու ժամանակավոր բնակվողները, աշխատանքային միգրանտները վերադարձան ու մնացին Հայաստանում։ Փետրվարի 1–ից օդային հաղորդակցությունը վերականգնվեց ՌԴ հետ ու աշխատանքային միգրանտները ՌԴ մեկնեցին, հոսքը շարունակվում է, կոնկրետ թվեր՝ դեռ չկան․

«Բոլոր հետազոտությունները  փաստում են, որ  միգրացիոն հոսքի  95 տոկոսն ուղղված  է դեպի  ՌԴ։ Այստեղ են  մեկնում ինչպես երկարաժամկետ միգրանտները, այնպես էլ սեզոնային աշխատանքային միգրանտների 95 տոկոսը։ Մնացածը բաժին է  ընկնում ԵԱՏՄ անդամ մյուս պետություններին՝ Բելառուս, Ղազախստան։ Մի փոքր մասը մեկնում է եվրոպական պետություններ ու ԱՄՆ»։   

Հատկապես ԱՄՆ–ից ավելացել է տրասնֆերտների հոսքը։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդգծում է՝ տրանսֆերտների աճը  դրական է ազդում տնտեսության վրա․ 

«ԿԲ-ն դա հիմնականում պայմանավորում է ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականությամբ, որը հսկայական օժանդակություն է տրամադրում իր քաղաքացիներին: «Բնականաբար, ԱՄՆ քաղաքացիների շրջանում կան մարդիկ, որոնք նաև ասոցացվում են ՀՀ-ի հետ, օրինակ՝ ունեն բարեկամներ կամ տնտեսական շահեր ունեն մեր երկրում: Եվ տրամադրված օժանդակության մի մասը արտահոսում է Հայաստան»։

 2020թ.-ին դրամական փոխանցումներում բեկում մտցրեց թվային տեխնոլոգիաների արագ ներդրումն ու դրանց մասսայական կիրառումը  աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների կողմից: Համավարակով պայմանավորված՝ սահմանափակումների պայմաններում բջջային և առցանց փոխանցումները նպաստեցին փոխանցումների հոսքերի ավելացմանը. 2020 թ.-ի ընթացքում դրանք աճել են 65%-ով։ Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա դրությամբ ֆիզ. անձանց փոխանցումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 90 մլն դոլարով կամ 79.6%-ով՝ կազմելով 203 մլն դոլար: Համաշխարհային բանկի 2021թ.-ի մայիսի զեկույցում նշվում է, որ 2020թ.-ին  աշխարհում տրանսֆերտները նվազել են ընդամենը 1,6%-ով՝ 2019 թ.-ի 548 մլրդ դոլարից հասնելով 540 մլրդ դոլարի:

Կարդացեք նաև

Back to top button