ԿարևորՄիջազգային

Պահպանողականները՝ ընդդեմ բարեփոխիչների․ նախագահական ընտրություններ Իրանում

Հունիսի 18–ին Իրանում նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնի շուրջ 590 հավակնորդներից թեկնածուները 7-ն են՝ Սայիդ Ջալիլին, Մոհսեն Ռեզաին, Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, Ալիռեզա Զաքանին, Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին, Մոհսեն Մեհրալիզադեն եւ Աբդոլնասեր Հեմաթին։  Ի՞նչ կփոխվի Իրանի արտաքին և ներքին քաղաքական ուղենիշերում ընտրություններից հետո, որո՞նք կլինեն պատժամիջոցների բեռից ձերբազատվել փորձող Իսլամական պետության առաջնահերթությունները, ինչպիսի՞ն է հայ համայնքի մասնակցությունը և դիրքորոշումը նախընտրական ընտրապայքարում։

Ընտրություններից  4 օր առաջ

4 օր հետո Իրանի 83 միլիոն բնակչության ավելի քան 60 միլիոնը քվեարկելու է նախագահի 7 թեկնածուներից մեկի օգտին։ Սա նախագահական 13-րդ ընտրությունն է ԻԻՀ–ում։ Գործող նախագահ, բարեփոխումների կողմնակից Հասան Ռոհանին չի մասնակցում ընտրություններին․պաշտոնավարման երրորդ ժամկետ  երկրի բարձրագույն օրենքը չի թույլատրում։ 2017 թվականի նախագահական ընտրություններին Ռոհանիի հիմնական մրցակից, դատական իշխանության ղեկավար Իբրահիմ Ռաիսին դարձյալ  մասնակցում է ընտրապայքարին։ Կանխատեսումների համաձայն՝ հիմնական պայքարը կընթանա նրա և ևս երկու թեկնածուների միջև՝  նախկին փոխնախագահ Մոհսեն Մեհրալիզադեիի և Կենտրոնական բանկի կառավարիչ Աբդոլնասեր Հեմաթիի: Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր Պույա Հոսեյնին վստահ է՝ առաջիկա ընտրություններին իշխանությունը բարեփոխիչներից կանցնի պահպանողականներին։

Իրանի չփոփոխվող արտաքին ուղենիշը՝ ըստ իրանագետի

«7 թեկնածուներից 5–ը պահպանողականներն են, 2–ը՝ բարեփոխիչները։  3-4–ը շատ պատրաստված են, տիրապետում են Իրանի բոլոր խնդիրներին, ունեն հստակ լուծումներ։ Տարածաշրջանային զարգացումներում  և արտաքին հարաբերություններում հստակ նշվում է նախ՝ տնտեսական ծանր բեռի թոթափումը՝ պատժամիջոցների մեղմացման ֆոնին, և երկրորդ՝ հարևանների հետ հարաբերությունների բարելավումը»,-ասում է իրանագետ Գոհար Իսականդարյանը։

Նա նույնպես վստահ է՝ բարեփոխիչներին կփոխարինեն պահպանողականները։ Ներկայացնելով Իսլամական հանրապետության կառավարման մոդելը՝ նշում է՝  երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը գծվում է հոգևոր առաջնորդի կողմից, և այն փոփոխման ենթակա չէ։ Որ ուժն էլ ստանա վստահության քվե, այն անփոփոխ է լինելու, կարող են փոխվել որոշ դետալներ միայն՝ ասում է Իսկանդարյանը և որպես օրինակ նշում երկու թևերի տարբերվող հռետորաբանությունը։ Ըստ իրանագետի՝ այս պահին ֆավորիտ է պահպանողական, դատական իշխանության ղեկավար Իբրահիմ  Ռաիսին, և տարածաշրջանային զարգացումներից ելնելով է, որ այս ընտրությունների ելքը կլինի հօգուտ նրան․ «Պահպանողականները խիստ տոնայնությամբ և ուժային դիրքերից են որոշում լուծել խնդիրները»,-ասում է Գոհար Իսկանդարյանը։

«Բարեփոխիչներին նաև մեղադրում են Արցախյան պատերազմի ժամանակ Իրանի խիստ կրավորական դերի համար, որի արդյունքում Իրանը, կարելի է ասել, Կովկասում թուլացրեց իր ազդեցությունը․տարածաշրջան մտան այնպիսի ուժեր և ակտիվացան,  որոնք մինչ այդ այդպիսի ազդեցություն չեն ունեցել։  Հիմա պահպանողականները, գալով իշխանության, փորձելու են բալանսավորել այն»։


Ընտրություններին իրանահայերի մասնակցությունը


Իրանի Մեջլիսում ներկայացված հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը նշում է, որ հայ համայնքն ազատ է ընտրության հարցում, իսկ թե նախապատվությունը որ թևին կտա,  հստակ չէ։ «Հայ քաղաքական գործիչներն ընտրական գործընթացում չեն կողմնորոշում համայնքի ներկայացուցիչներին, մենք համայնքի անունից երբեք հայտարարություններով հանդես չենք գալիս, թե ում սատարել»,-ասում է Բեգլարյանը և տեղեկացնում, որ նախընտրական երեք բանավեճ է կազմակերպվել, ուղիղ անդրադարձ չի եղել տարածաշրջանային հարցերին, միայն խոսվել է արտաքին–տնտեսական հարցերի մասին։

«Դա չի նշանակում, որ իրենք անտարբեր են։ Բայց կարծում են, որ Իրանի քաղաքականությունն այդ մասով բավարար է, և երկրի Գերագույն անվտանգության խորհրդի մշակած ծրագրերը, որոնց մասին  անմիջականորեն զեկուցվում է երկրի հոգևոր առաջնորդին,  հստակ են։  Իրան-Հայաստան սահմանի մասին շեշտվել է, որ այն պետք է չխախտվի, քանի որ այն Իրանի համար կարմիր գիծ է։ Ես՝ իբրև հայ պատգամավոր, որ մտահոգ եմ Իրան-Հայաստան հարաբերություններով, կակնկալեի ավելի հստակ անդրադարձ»։

Իրան-Հայաստան նախագծերի ճակատագրի՝ ընտրություններից հետո

Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիրը վստահ է, որ ընտրություններից հետո Իրանը նոր թափով կսկսի կյանքի կոչել ավելի վաղ ձեռք բերված տնտեսական պայմանավորվածությունները, այդ թվում՝  Կասպից ծով–Սև ծով նախագծի իրագործումը։ Պույա Հոսեյնին նշում է, որ Իրանը հունիսի 18–ից հետո տնտեսական ծրագրերի իրագործման նոր էջ է բացելու։

«Աշխարհում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ․ Թրամփի հեռանալ, Բայդենի իշխանության ստանձնում, Նեթանյահուի հեռացում Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնից, Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացում։ Սրանք թույլ են տալիս ասել, որ պատժամիջոցների թուլացմամբ Իրանը տնտեսական ծրագրեր կարող է իրագործել աշխարհի այլ երկրների հետ, այսինքն՝ նոր դարաշրջան է բացվում Իրանի համար»։

Երկրի գործադիր իշխանության ապագա ղեկավարին անհրաժեշտ կլինի հավաքել ձայների 50% -ից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկին դա չհաջողվի, ապա տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլ: ԻԻՀ ընտրական շտաբի տվյալների համաձայն՝ ընտրություններին  կմասնակցի Իրանի շուրջ 60 մլն քաղաքացի:

Կարդացեք նաև

Back to top button