
Հայաստանը առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումներում արդար է, լուսավոր, բարգավաճ ու ինքնիշխան, հայրենիքը՝ միասնական և ազատ։ Հայաստանը 9–ի անվան մեջ է, ազգայինը՝ 6–ի, հայրենիքը՝ 3–ի։ Ազգային են օրակարգը, բևեռն ու շարժումը։ Արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք։ Կուսակցությունների անունները երբեմն նոր են, շփոթեցնող ու միջին վիճակագրական քաղաքացու համար՝ անճանաչելի։ Մինչդեռ, ըստ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի, կուսակցության անունը նրա բրենդն է, հենց դրանով պետք է քաղաքական ուժին հիշեն։ Հենց անունն է որոշում կուսակցությունների առաջնային՝ ճանաչելիության խնդիրը՝ բացատրում է Վիգեն Հակոբյանը․
«Ցանկացած քաղաքական գործընթացում շատ կարևոր է, երբ բրենդը ճանաչելի է։ Երկրորդ՝ երբ բրենդը հիշվում է, քաղաքացին գնում է ընտրությունների, առանց որևէ խնդրի գտնում է քվեաթերթիկը կամ քվեաթերթիկում այն անունը, որն իրեն հոգեհարազատ է»,- ասում է քաղտեխնոլոգը։
Քաղաքական ուժերը փորձում են ընտրել այնպիսի անուններ, որոնք, բացի հիշվող լինելուց, նաև առաջնային մեսիջ են պարունակում, թե այդ քաղաքական ուժն ինչպիսի գաղափարախոսության և արժեհամակարգի կրող է։ Սակայն անվանումների կրկնությունը նաև վտանգ է ստեղծում, որ հայտնի և հաճախ օգտագործվող անունները կարող են շփոթ ստեղծել ընտրողների համար։ Ու ընտրողը պետք է սկսի փնտրել ու փորձել պարզել, թե, ի վերջո, ովքեր են տվյալ անվան տակ մեկտեղվել։
«Քաղաքական տեխնոլոգիաներում շփոթության մեխանիզմը հաճախ է օգտագործվում, հատկապես ընտրություններից առաջ, երբ քաղաքական նոր ուժեր են ի հայտ գալիս, որոնց նպատակը հիմնականում լիդեր քաղաքական ուժի հետ նույնացումն ապահովելն է»,- ասում է Հակոբյանը։
Այս քաղտեխնոլոգիան Հայաստանում նախորդ ընտրությունների ժամանակ էլ է կիրառվել, ընդ որում՝ ոչ միայն կուսակցությունների անունների՝ շփոթության աստիճանի նմանություն է եղել, այլև անձանց։ Անգամ մեծամասնական և համամասնական համակարգի ժամանակ ցուցակներում միևնույն անուն-ազգանունով թեկնածուներ էին հայտնվում, որոնք ունեին որևէ կուսակցության առաջնորդի անունը։
«Հիմա նույն կերպ են վարվում, միշտ են այդպես վարվել քաղաքական ուժերի հետ աշխատող քաղտեխնոլոգները, որոնք նախընտրական շրջանում բերում, գրանցում են ինչ–որ կուսակցություններ, որոնց անվանման մեջ կան նույն բառերը, որոնք առկա են նաև հիմնական հակառակորդ քաղաքական ուժերից մեկի անվանման մեջ։ Եվ քիչ չեն եղել դեպքերը, երբ, օրինակ, ընտրողները շփոթել են, և դրա հետեւանքով որոշ քանակի ձայներ փոշիացվել են»,- նշում է քաղտեխնոլոգը։
Հայաստան, ազգային, հայրենիք․ այս բառերը պարունակող անվանումներն «աշխատող» և հաջողված է համարում հոգեբան Իրինա Ծատուրյանը՝ դա պայմանավորելով նրանով, որ ընտրողներն իրենց հարազատ, ծանոթ, քիչ թե շատ հայտնի անունների ետևից են գնալու։

«Դա չի նշանակում, որ մնացած անվանումներ ունեցող կուսակցությունները և դաշինքներն իրենց ազգի կամ հայրենիքի մասին չեն մտածում, բայց սա, ինչ խոսք, շատ ավելի հաջող է»,- ասում է հոգեբանը։
Եթե անգամ «երկվորյակ» կուսակցությունների ստեղծումը շփոթեցնելու միտում չունի, ապա այլ նպատակ, այնուամենայնիվ, ունի։ Նման բառերն, ըստ հոգեբանի, ընտրողին վստահություն են ներշնչում, սակայն նույնիսկ այդօրինակ վեհ, զգացմունքային, գլոբալ առումով գրավիչ բառերի առկայության դեպքում մարդն ընտրության ժամանակ առաջնորդվելու է նրանով, թե որքանով է իր համար տվյալ ուժը ճանաչելի։
«Ինքը գնում է, ուզում է ընտրի այդ «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությանը, բայց «Բարգավաճ Հայաստան» բառակապակցությունը քանի որ ավելի է իր ականջի մեջ նա գնում է և Բարգավաճ Հայաստանին է ձայն տալիս։ Մարդը գնում է դեպի իմացած բանը, նորը բանը պետք է շատ տպավորիչ ու հիշվող լինի»,- խոսքն ամփոփում է Ծատուրյանը։
Ամեն դեպքում՝ քաղաքական լուրջ հայտ ներկայացնող ուժը չի կարող գնալ այն ճանապարհով, որ իր անունը շփոթեն այլ ուժի անվան հետ կամ որեւէ կերպ չտարբերեն նրան՝ ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Այսպես կոչված «երկվորյակ» կուսակցություններին քաղաքագետները երբեմն նաեւ «փոշի» կուսակցություն են անվանում՝ ելնելով նրանից, որ դրանք երբեմն պարզապես հակառակ քաղաքական ճամբարից ձայներ փախցնելու նպատակ ունեն։ Ըստ այդմ, որոշ եզրահանգումներ կան, որ դրանք լուրջ չեն ինչպես անվան ընտրության հարցում, այնպես էլ քաղաքական հավակնությունների առումով։





