
Համավարակը խմբագրեց, իսկ պատերազմը վերախմբագրեց Հայաստանի զբոսաշրջության ոլորտը․ փոփոխվեցին հայտնի ուղղություններն ու ավելացան նորերը, բայց Հայաստանը շարունակում է գրավիչ լինել զբոսաշրջիկների համար՝ վստահ է զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժ/պ Ալֆրեդ Քոչարյանը։
«Առաջին եռամսյակում մենք ունեցել ենք շուրջ 86000 ներգնա զբոսաշրջիկ, ապրիլ ամսին՝ շուրջ 42000, առաջիկայում կտեսնենք, որ այս թվերը աճելու են»,– ասում է Ալֆրեդ Քոչարյանը։

Զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը, ինչպես միշտ, Ռուսաստանից է։ Մասնագետները սա բացատրում են եվրոպական երկրներում առկա սահմանափակումներով։ Covid–յան ժամանակահատվածում Հայաստանն այն փոքրաթիվ երկրներից է, ուր կարելի է հեշտությամբ այցելել՝ ասում է ներգնա տուրիզմի մասնագետ, զբոսավար Արա Պետրոսյանը։ Այս հանգամանքը գրավում է հատկապես եվրոպացի զբոսաշրջիկներին։ Հարցին՝ արդյո՞ք պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները չեն խանգարում զբոսաշրջիկներին, ներգնա տուրիզմի մասնագետ Արա Պետրոսյանը պատասխանում է․

«Օրինակ, ռուսները քիչ թե շատ տեղյակ են վերջին պատերազմից, հետպատերազմյան իրավիճակից։ Քանի որ հիմնական, հայտնի ուղղությունները ընկած են Հայաստանի հյուսիսում, կենտրոնական և հարավային հատվածում՝ մինչև Գորիս, ոչ մի լուրջ խոչընդոտ կամ վախ այդ ուղղությամբ գնալու չկա։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպացիներին՝ իրենք շատ քիչ են տեղյակ, նույնիսկ մարդիկ կան, որ ընդհանրապես չգիտեն, որ 2020թ վերջում Հայաստանում պատերազմ է եղել, գալիս են, հետո իմանում»։
Պատերազմն ու դրա հետևանքները ներքին տուրիզմի վրա շատ են ազդել։ Խմբագրվել են հիմնական ուղղությունները՝ ասում է արշավային ակումբի հիմնադիր, զբոսավար–ուղեկցորդ Նորայր Հակոբյանը։ Պատմում է՝ շատերը այցերից, արշավներից առաջ զանգում ու հարցնում են՝ ուղղությունը սահմանին մո՞տ է, վտանգավոր չէ՞․

«Նախ և առաջ մենք կորցրինք շատ հետաքրքիր ու գեղեցիկ արշավային ուղղություններ, օրինակ արևելյան Սևանի լեռների ուղղությունը, Վարդենիսի լեռների մի մասը, Սյունիքի բարձրավանդակի ուղղությունն ամբողջությամբ, Իշխանասարը, որի վերաբերյալ էլ հիմա խոսակցություններ կան։ Դրանք հրաշալի ուղղություններ են»,– ասում է Նորայր Հակոբյանը։
Ներքին տուրիզմի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել կորոնավիրուսը։ Փակ սահմանները դարձան պատճառ, որ մարդիկ ճամփորդեն երկրով մեկ ու ճանաչեն Հայաստանը։ Ներքին տուրիզմի մասնագետ Նորայր Հակոբյանը վստահ է՝ սահմաների բացվելուց հետո մեծանալու է Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, Հայաստանը այս առումով դեռ չբացահայտված ներուժ ունի․

«Վերջին շրջանում շատ մեծ ճանաչում ունի Ազատի ջրամբարի ուղղությունը, սա շատ գեղեցիկ վայր է, որը, Երևանին մոտ լինելով հանդերձ, ճանաչված չէ։ Մասնավորապես Իջևանի լեռները․ հաճախ արշավականները այնտեղ այցելելիս ասում են՝ սա կարծես Հայաստանը չլինի, բայց իրականում Հայաստանը հենց դա է։ Մեր իմացած Հայաստանն ու այն Հայաստանը, որը կա, իրարից շատ տարբեր են»։
Ճիշտ ու հետևողական գովազդի դեպքում այս ուղղությունները գրավիչ կդարձնեն Հայաստանը օտարերկրացի զբոսաշրջիկների համար։ Զբոսաշրջությունը դանդաղ, բայց վերականգնվում է՝ արձանագրում են ոլորտի մասնագետները․ խաղաղ ու առանց համավարակ մի քանի տարի է պետք, որ Հայաստանը հասնի, կամ նույնիսկ գերազանցի 2018-19թթ գրանցած արդյունքները։




