ԿարևորՀասարակություն

Սահմանախախտ ադրբեջանցիների դեմ էլեկտրական հովի՞վ

Սյունիքի սահմանամերձ գյուղերում օր-օրի շատանում են խնդիրները՝ պայմանավորված սահմանախախտ ադրբեջանցիների ներկայությամբ: Մի կողմից դժվարացել է նախիրն  արոտավայր տանելու հարցը, մյուս կողմից՝ պետք է մշտապես հետևել, որ անասունը ադրբեջանցիների կողմից հսկվող տարածքներ չանցնի:

Շաբաթ օրը՝ մայիսի 22–ին,  Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրից թշնամին  42 խոշոր եղջերավոր անասուն էր տարել։  Համայնքի ղեկավար Ներսես Շադունցը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ բանակցել են ու կարողացել 42-ից 39-ը  վերադարձնել: «Միջդիրքային տարածքից  են անասունները տարել։ Մեր տարածքում խոտածածկը արդեն էդքան բարձր չէ, հակառակորդի տարածքում խոտածածկը բարձր է, անասուններ չկան այնտեղ, ինքնըստինքյան, անասունները անցնում են խոտածածկ տարածք։ Միանագամից ինձ տեղեկացրին, դիմեցի ռուս սահմանապահներին, բանակային կորպուսին։ Արավուսի վարչական ղեկավարի հետ բանակցեցինք, 42 խոշոր եղջերավորներից 39-ը հետ վերադարձրինք, 3-ը չկան»,-ասում է Շադունցը։

Սա առաջին դեպքը չէ։ Օրեր առաջ Տեղ համայնքի մեկ այլ հատվածից ձիեր էին տարել։ Համայնքապետը մտահոգված է, որ նման դեպքերն արդեն սովորական են դառնում: Ու չգրված մի օրենքով՝ թշնամին շատ տանում է ու քիչ՝ վերադարձնում։  «Ձիեր էլ են տարել, Խնածախի հատվածում 8 եղջերավոր անասուն էին տարել, ներկայացրել էի ռուս սահմանապահներին, 7-ը հետ բերեցինք, քանի որ սկզբնական այդպես էին ներկայացրել՝ 7-ի մասին էին ասել, էն մեկը չկարողացանք հետ բերել։ Նման խնդիրներ եղել են ու դեռ լինելու են»,–նշում է համայնքի ղեկավարը։

Դեռ հունվարին, երբ Սյունիքի որոշ գյուղերի կոնկրետ հատվածներ դարձան  ադրբեջանական հսկողության տակ, գյուղացիները պաշտոնյաների հետ հանդիպումներում  առաջարկում էին սահմանային տարածքներում էլեկտրական հովիվներ տեղադրել։  Էլեկտրական հովիվը հոսանքով փշալարն է: Դրան հպվելոց անասունը չի վնասվում, բայց զգուշանում է՝ այլ տարածք չի մտնում։ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է մայիսի 20-ին՝ Սյունիքի հարցերով կառավարության միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի   նիստում։«Էլեկտրական հովիվների հարցում քննարկում ունեցանք։ Այս պահին միայն Շուռնուխի որոշակի հատվածներում  են տեղադրվել։ Պիտի հասնենք այն իրավիճակին, որպեսզի խնդրահարույց վայրերում տեղադրվեն էլեկտրական հովիվներ։ Խնդրահարույց ասելով՝ նկատի ունեմ այն տարածքները, որտեղ բնակիչների անասունները էսօրվա սահմանային դիրքերի պատճառով այլ տարածք են անցնում: Ես ննկատի չունեմ պետական սահմանը»,–ասում է մարզպետարանի գլխավոր քարտուղարը։

Ի՞նչ կփոխվի Տեղ համայնքում էլեկտրական հովիվներ տեղադրելուց հետո, համյանքապետ Ներսես Շադունցը չգիտի, ծանոթ չէ դրանց աշխատանքին։ Էլեկտրական մեկ հովիվ կա Շուռնուխում: Գյուղապետ Հակոբ Արշակյանի խոսքով՝ հենց գյուղի սկզբում: Եվս մեկ հովիվ  էկոնոմիկայի նախարարությունն արդեն ուղարկել է, օրերս կտեղադրեն։ Էլեկտրական հովիվն օգնում է, բայց խնդիր չի լուծում՝ասում է Հակոբ Արշակյանը։

 «Այո, իհարկե օգնում են։ Ամեն դեպքում, էս պայմաններում, երբ սովորական ճանճը նեղություն է տալիս, անասունը խփելու անցնելու է փշալարը։ Բայց երբ անասունը դանդաղ արածելով գնում է, կպնում է էդ հովիվին ու հոսանքահարվում՝ հետ է դառնում»,–նշում է Շուռնուխի վարչական ղեկավարը։

Տեղ խոշորացված համայնքը 7 գյուղ ունի՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Վաղատուր, Կոռնիձոր, Քարաշեն։ Ադրբեջանցին չի բավարարվում միայն Տեղից ու Արավուսից անասուն տանելով: Օրերս էլ լուր էր տարածվել, թե մտել են նաև Խոզնավար եւ մի վարորդից ծխախոտ խնդրել։ Հնարավո՞ր է շրջանցել հայկական դիրքերն ու հասնել գյուղ՝հարցրինք Ներսես Շադունցին։  «Անհնարին ոչինչ չկա, բայց դա ապատեղկեատվություն է, որովհետեւ էդ վարորդը, որը նման լուր է տարածել, ոչ սթափ վիճակում է եղել։ Տվյալ պարագայում ոնց վեր ենք լուծում, հնարավոր չէ նման բան ։ Կոնկրետ նրա մատնանշած տարածքից 100 մետր հեռավորությամբ մեր տղաներն են ծառայություն իրականացնում»,–պատասխանեց Շադունցը։

Ընդհանուր վիճակն այս պահին հանգիստ  է, բայց միայն հարաբերական։ Թշնամին մայիսի 12-ին տեղակայված դիրքերում է՝ Սև լճի շրջակայքում, մարդիկ էլ իրենց գյուղերում են: Ներսես Շադունցն ասում է՝ թշնամու ջրաղացին ջուր են լցնում նրանք, ովքեր տարածում են, թե մարդիկ դուրս են գալիս համայնքից։ « Մի տեսակ բան կա մեր մեջ, որ կանայք դուրս են եկել, երեխաներ դուրս են եկել, ինչ–որ մեկը կարող է կանգնի ասի վայ, խի են դուրս եկել, եկեք մեր պոստերը պահենք։ Մի երկու ընտանիք, ասենք, երեխաներին հանել են, ապա մի երկու ժամից հետ են եկել։ Ինչու պիտի դուրս գան։ 10 հոգի ասում են մենք մնալու ենք ստեղ՝ դա էդքան լավ չի լսվում, ոչինչ, բայց մի հոգի ասում է վտանգավոր է, դուրս եմ գալիս, դա միանգամից արձագանքվում է։ Դա նշանակում է թշնամու ջրաղացին ջուր լցնել: Պետք չէ նման բաներ տարածել, ժողովուրդ»,–հորդորում է մեր զրուցակիցը։

Տեղի համանքի գյուղերում, արդեն 2 շաբաթ, անսովոր վիճակ է: Մարդիկ անհանգիստ են, բակց ոչ տագնապած: Համայնքապետն ասում է՝ գյուղերից  չեն գնալու, գնալու տեղ էլ չունեն:

Կարդացեք նաև

Back to top button