
Հանգստյան օրերին մայրաքաղաք Երևանից հայրաքաղաք Գյումրի մեկնել ցանկացող 150 մարդ չի կարողացել գնացքի տոմս գնել ու մնացել է կայարանում։ Պատճառը Գյումրու նկատմամբ երևանցիների աճող հետաքրքրությունն է և ամեն շաբաթ նախորդից 10 տոկոսով ավելի այցելուների քանակը․
«Մեր 4 վագոնով աշխատող 380 տեղանոց գնացքները չեն բավարարում պահանջարկը։ Այդ իսկ պատճառով նախատեսում ենք 4 վագոնը 6 դարձնել, որպեսզի հնարավորինս բավարարենք ուղևորների փոխադրման պահանջարկը»։
Ստեղծված իրավիճակում երթուղին սպասարկող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության քայլերի մասին պատմում է Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը։ Նշում է՝ շաբաթ օրը Երևանից Գյումրի են փոխադրել 362 ուղևոր, որոնցից 270–ը միայն դպրոցական խմբեր են եղել։ Գնացքը մյուս ցանկացողներին սպասարկել չի կարողացել։
«Մենք ունենք վագոններ։ Դրանք տեխնիկական վերանորոգում կանցնեն այս շաբաթվա ընթացքում, և կարծում եմ՝ առաջիկա շաբաթ–կիրակի կկարողանանք 6 վագոնանոց շարժակազմ տրամադրել»։
Այսպիսով՝ հանգստյան օրերին ևս 200 հոգի կկարողանա այցելել Գյումրի։ Գրիգորյանը նշում է, որ լրացված շարժակազմը նաև լրացուցիչ ծախսեր է ենթադրում, սակայն ուղևորների համար տոմսերի արժեքը կմնա անփոփոխ՝ ավանդական գնացքների համար 1000 դրամ, իսկ միայն ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին արագընթաց գնացքների համար՝ 2500 դրամ։ Երկաթուղում այլ փոփոխություններ էլ են սպասվում․
«Մեր խնդիրը շարժակազմերն են, որոնք տարեցտարի նորացվում են։ Ներհանրապետական չվերթների մեջ արդեն ունենք 2 նոր տիպի շարժակազմեր, առաջիկայում ստանալու ենք 27 ուղևորատար վագոններ, որոնք, իհարկե, անհամեմատ ավելի բարձր որակ կտրամադրեն միջազգային փոխադրումների ուղևորներին։ նախատեսվում է, որ հայ–վրացական ցամաքային սահմանը երկաթգծի համար հունիսին բացվելու է․ կգործի Երևան–Բաթում գնացքը, միգուցե կհասցնի Երևան–Թբիլիսի գնացքն էլ գործել»։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում 2021 թվականին սպասվող թարմացումների մասին ԱԺ ամբիոնից հայտնել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրա խոսքով՝ տարվա ընթացքում հանրապետության լոկոմոտիվային ցանցն ամբողջովին պետք է թարմացվի։ Երկաթուղին պատրաստակամություն է հայտնել մինչև տարեվերջ վերանորոգումներ իրականացնել գործող բոլոր ուղևորակայաններում։





