ԿարևորՀասարակություն

Փարավանայի զարգացման կառավարության նախագիծը տեղացիները չեն հավանում

Վրաստանի Նինոծմինդայի Փարվանա լճի ափամերձ գյուղերի բնակիչները դեմ են կառավարության՝ լճի վերահսկողության կորպորատիվ համակարգի անցման մասին նախագծին։ Կենտրոնական իշխանության ներկայացուցիչներն օրեր շարունակ հայաբնակ այս գյուղերում ներկայացնում են լճի զարգացման ծրագիրը՝ վստահեցնելով դա ավելի մեծ եկամուտ կբերի տեղացիներին։

Փարվանայի ափին գտնվող Փոկա (Փոգա) գյուղի բնակիչ 27-ամյա Խաչիկ Մադոյանը, դպրոցն ավարտելով, վերջնականապես որոշել է շարունակել հոր ու պապի գործը։ Ընտանիքը պահում է Փարվանայից ձուկ որսալով։

Ցրտաշունշ Փոկայում, նույնիսկ նոյեմբեր-դեկտեմբերից, երբ գրեթե կես տարի լիճը սառցակալած է, նա և մյուս բոլոր բնակիչները կարողանում են ձուկ որսալ։

«Ամենալավ սեզոնը հիմա է՝ ապրիլ-մայիսից մինչև նոյեմբեր-դեկտեմբեր։ Մեր գյուղում բոլորը ձկնորսությամբ են զբաղվում, արդեն 7-8 տարի է նաև իմ մշտական գործն է։ Ամեն օր որսում ենք, վաճառում՝ օրական 50-100 լարի աշխատելով»։ 

Անկախությունից հետո Վրաստանի ամենամեծ լիճը, որ հարուստ է մի քանի ձկնատեսակներով (կարաս, ռյաբուշկա (լոսդի), սազան․․․) օրենքի դաշտից դուրս է, պետությունը որևէ վերահսկողություն չի իրականցնում։ Ափամերձ գյուղի և հատկապես Փոկայի բնակիչները իրենք են որոշում, երբ ձուկ որսալ, ինչպես մաքրել լիճը, ավելացնել ձկնապաշարը և այլն։ Մադոյանն ասում է՝ յուրաքանչյուրն իր գործն արդեն լավ գիտի, «մեզ ոչ ոք պետք չէ»։

Խորհրդային տարիներին լճի վերահսկողությունը պետությունն իրականցնում էր կորպորատիվ համակարգի միջոցով։ Նմանատիպ նախագծով Գյուղատնտեսության նախարարության պաշտոնյաներն այս օրերին Փոկայում են։ Բնակիչներին ասում են, որ լճի զարգացման ծրագիրը ավելի մեծ շահույթ է բերելու գործում ներգրավված յուրաքանչյուրին։

Փոկայում Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցիչ (գյուղապետ) Վալերի Ալվանջյանը, որ խորհրդային տարիներին պետական «Սաքթեվզի» («Վրացձուկ)» տեղի տնօրենն էր, Ռադիոլուրին ասում է․  

«Դա ընտիր նախագիծ է հատկապես ձկնապաշարի ավելացման, լճի էկոլոգիական վիճակի  բարելավման տեսանկյունից։ Սակայն կորպորատիվի մեջ կա մի գաղտնիք, որի մասին մենք (տեղացիները նկատի ունի, խմբ․) գիտենք․ գյուղից մի քանիսը, որ կընդգրկվեն կառույցի ղեկավար կազմում, կորոշեն՝ ինչպես անել։ Բոլորը կշարունակեն օգտվել լճից, սակայն հիմա, երբ ձկնորսն աշխատած 10 լարին էլ ամբողջությամբ տանում է տուն, այդ ժամանակ միայն 3 լարին կտանի»։   

Նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում բնակիչները մտավախություն են հայտնել, թե հետագայում չեն կարող լճից օգտվել այնպես, ինչպես դա անում են այսօր․

Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության փոխնախարար Յուրի Նոզաձեն ասում է․ «Մեզ համար կարևոր է Փարվանայի երկարատև զարգացումը, շրջակա գյուղերի բնակիչներին կայուն աշխատատեղերով ապահովելը։ Բնակիչները դեռ չեն պատկերացնում նախագծի բուն նպատակը։ Բայց մենք հույս ունենք կկարողանանք ամբողջովին ներկայացնել այն»։  

Նախարարությունը պատրաստվում է Փարվանա լճի հետ կապված նախագծի շնորհանդեսը առաջիկա օրերին ներկայացնել տեղացիներին՝ անսալով նրանց առաջարկներին։    

Կարդացեք նաև

Back to top button