
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Նա պաշտոնական այցով ժամանել է Տաջիկստան, որն ընթացիկ տարում նախագահում է կազմակերպությունում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաճարակի ընթացքում առաջին անգամ ՀԱՊԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստը կանցկացվի «դեմ առ դեմ»: Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Դուշանբեում Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարները մտքեր կփոխանակեն միջազգային իրավիճակի զարգացման հեռանկարների, ինչպես նաև կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրանց ազդեցության վերաբերյալ:
«Կազմակերպության երկրների ուշադրության կենտրոնում են միշտ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև տարբեր տարածաշրջաններում, այդ թվում ՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակները: Ակնհայտ է, որ առաջիկա հանդիպմանը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարները, բացի ստանդարտ օրակարգից, ուշադիր կքննարկեն պաղեստինա-իսրայելական ճգնաժամի սրումը, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, հակամարտությունը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, որը կողմերին հաջողվեց լուծել խաղաղ ճանապարհով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը, որը, պաշտոնական Երևանի պնդմամբ, ուղղորդվում է Բաքվի կողմից»,- նշված է հրապարակման մեջ:
Օգնություն խնդրե՞լ, թե՞ քաղաքականացնել: Այս ենթավերնագրի տակ հիշեցվում է նաև, որ ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն ՝ անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների դեպքում ՀԱՊԿ անդամները պետք է անհապաղ գործի դնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը ՝ դրանք համակարգելու, միջոցներ ձեռնարկելու, ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով օժանդակություն տրամադրելու համար:
Նշվում է նաև, որ այս նպատակով է Հայաստանի վարչապետի պաշտորակատար Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ պաշտոնապես դիմել կազմակերպությանը՝ նամակներ ուղղելով կազմակերպության խորհրդի նախագահին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին և կառույցի այլ անդամներին՝ խորհրդատվություն սկսելու խնդրանքով:
«Նա դիմել է մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից հետո, որ Ադրբեջանի զինված ուժերը, «սահմանազատման» նպատակով, Սյունիքի մարզի սահմանամերձ տարածքներից մեկում փորձում են «աշխատանքներ» իրականացնել: Ըստ հայկական կողմի ՝ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի պետական սահմանը ՝ խորանալով 3,5 կմ: Բաքվում, սակայն, վստահ են, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժը «տեղի է ունենում Ադրբեջանի կողմից վերահսկվող դիրքերում»: Անցած շաբաթվա ընթացքում Երեւանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներում, այդ թվում`ամենաբարձր, քննարկել են առկա իրավիճակը ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, այնպես էլ կազմակերպության անդամ երկրների հետ: Արդյունքում որոշվել է խորհրդակցություններ սկսել Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասված է ռուսական լրատվական գործակալության հրապարակման մեջ:




