
Կառավարությունն առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։ Սա ժողովրդագրական առումով բեկումնային փոփոխություն է ենթադրում՝ կանխատեսում են ոլորտի պատասխանատուները։ Գործող օրենքը նախատեսում է մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտուղ զույգերի համար, ինչն անուղղակիորեն ազդում է ծնելիության աճի վրա։ Մինչդեռ օրեցօր զարգացող վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կարող է նշանակալի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Ի՞նչ է փոխվում օրենքում, ինչպե՞ս նորովի պլանավորել ընտանիք՝ Աիդա Ավետիսյանն է պատմում։
Առողջապահության նախարարությունը մտադիր է մի շարք արմատական փոփոխություններ անել մարդու վերարտադրողական առողջության մասին օրենքում։ Ըստ այդմ՝ կհանվեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով կամ ինչպես ընդունված է ասել էկոյի միջոցով երեխա ունենալու որոշ սահմանափակումներ։ Ժողովրդագրական մտահոգիչ պատկերը հիմք ընդունելով՝ որոշվել է երեխա ունենալու նոր հնարավորություն տալ այն ամուսիններին, որոնք չունեն առողջ սեռաբջիջներ, սակայն կնոջ օրգանիզմը ունակ է երեխա ունենալ․ պարզաբանում է առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը։
«Այս փոփոխությամբ դոնորական սերմի և դոնորական ձվաբջջի միջոցով նրանք կարող են դիմել այս ծառայություններին։ Եթե կինն ունի առողջ արգանդ, ապա կարող է դոնորական սաղմ կրել և հասնել բաղձալի արդյունքի»։
Շատ դեպքերում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների դիմող ընտանիքների մոտ ստացվում են ավելի շատ սաղմեր, քան նրանց անհրաժեշտ է։ Դրանք տարիներով պահպանվում են կամ թափոնացվում։ Օրենքի նախագծով առաջարկվում է այս ընտանիքներին հնարավորություն տալ նվիրաբերել սաղմերն այլ ընտանիքների, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն ու այդպիսով երջանկացնել նրանց, ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Նախարարությունը հիմք է ընդունում բազմաթիվ երկրների փորձն ու վստահ է, որ նպատակահարմար ուղի է ծնելիության աճին նպաստելու համար։
«Խոսքը գնում է բացառապես նվիրաբերության մասին։ Որևիցե գումարային հարց այստեղ լինել չի կարող։ Եվ դա զույգի ցանկությունն է, զույգի համաձայնությունն է նվիրաբերել սաղմը, թե ոչ»։
Սաղմերի պահպանման, տեղադրման և մյուս ծախսերն արդեն կհոգա նվիրատվությունը վերցնող զույգը։ Արգելվում է դրանց տրամադրումն օտարերկրացիներին՝ հայտարարեց Նունե Փաշայանը։ Դիմող զույգերը պետք է հաստատեն իրենց հայկական ծագումը։
Գործող օրենքը չի սահմանափակում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունեցող կնոջ տարիքը։ Սակայն նոր փոփոխություններով առաջարկվում է սահմանել շեմ՝ մինչև 53 տարեկան՝ ելնելով կանանց առողջական վտանգներից, քանի որ, ինչպես հետազոտություններն են փաստել, 40-ից բարձր կանանց մոտ մայրական մահացության հավանականությունը երեք անգամ ավելանում է։
«Fertility center» պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն այս փոփոխությունները բնորոշում է որպես երկար սպասված։
«Այն զույգերը, որոնցից կամ կինը, կամ ամուսինն ունեցել են անպտղություն, կարողացել ենք բուժել։ Սակայն, երբ ամուսիններից երկուսն էլ ունեն խնդիր, մենք չենք կարողանում նրանց աջակցել այն դեպքում, երբ սառեցված սաղմեր ունենք։ Մի աբսուրդային վիճակ էր ստեղծվում»։
Այս փոփոխությունները թույլ են տալիս մայրանալու հնարավորություն տալ նաեւ միայնակ կանանց, որոնք չունեն զուգընկեր, սակայն առողջական խնդիրների պատճառով չեն կարող կենսաբանական մայր դառնալ։
Նաեւ մարզերում և քաղաքային պոլիկլինիկաներում վերարտադրողական բժշկությունը զարգացնելու քայլեր են ձեռնարկվում, ըստ այդմ՝ միայն ներարգանդային սերմնավորման կարիք ունեցող զույգերը, որոնց բուժումը միջինում տևում է 1-ից 2.5 տարի, հնարավորություն կունենան Երևան հասնելու փոխարեն բուժում ստանալ տեղում։
«Այսուհետ այս կաբինետները, որոնք ավելի քիչ մասնագիտական ռեսուրսներ և սարքավորումներ են պահանջում, այսուհետ արտամարմնային բեղմնավորման կաբինետներից առանձին կգործեն, ինչը թույլ կտա այս ծառայության զարգացումը նաև մարզերում»։
Օրենքից մի շարք սահմանափակումներ ևս հանվել են։ Այն ընտանիքները, որոնք ունեն նույն սեռի երեք երեխա, կարող են օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության դիմելիս պլանավորել չորրորդի սեռը՝ խուսափելով սեռով պայմանավորված հղիության ընդհատումից:
«Սա կոչվում է ընտանիքի բալանսավորում»։
Կառավարությունը կողմ է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում այս ու մի շարք այլ փոփոխություններին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդագրական պատկերը բարելավելու առումով այս կարևոր փոփոխություններից ակնկալում է տեսանելի արդյունքներ։
«Շատ կարևոր ինստիտուցիոնալ փոփոխություններ են տեղի ունենում։ Սա նույնպես պետք է արձանագրենք, որ հընթացս պետք է մշակվի, լրամշակվի, որ ամենատարբեր խնդիրներ, որոնք կարող են առաջանալ պրակտիկ կիրառման ընթացքում՝սկսած էթիկականից, վերջացրած իրավականից, դրանք պատշաճ ձևով լուծվեն»։
Վերջին 3 տասնամյակում Հայաստանում արձանագրվել է ծնելիության և ժողովրդագրական ցուցանիշերի վատթարացում: Ցուցանիշերն առավել մտահոգիչ են դարձել 2020թ` կապված արցախյան երկրորդ պատերազմի և կորոնավիրուսային համավարակի հետ․ բնական աճի ցուցանիշը նվազել է մինչև կրիտիկական ցուցանիշ՝ կազմելով ընդամենը 0,4: Եթե դրան ավելացնենք երկրում արձանագրված անպտղության գրեթե ճգնաժամային մակարդակը (14,9), ապա հասկանալի է անհապաղ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ հիմնավորում է կառավարությունը։





