ԿարևորՀասարակություն

Պատերազմի «մեղքը»՝ ըստ չափաբաժինների․ խոստանում է գլխավոր դատախազը

Հանրապետության գլխավոր դատախազը երեկվանից Ազգային ժողովում ներկայացնում է 2020 թվականի տարեկան հաղորդումը։ Արթուր Դավթյանը այսօր ստիպված է եղել լսել կառույցի աշխատանքին վերաբերող ոչ հաճելի դիտարկումներ։ Դատախազն, օրինակ,  համաձայն չէ գնահատականին, թե դատախազության կազմած գործերը, այսպես ասենք, «փլվում» են դատարաններում։ Հաշվետվությունը խորհրդարանում դատական համակարգի բոլոր խնդիրները հիշելու հերթական առիթն է դարձել։

Քրեական հետապնդման փոխարեն՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն․ գլխավոր դատախազի աշխատանքից դժգոհության հիմնական պատճառը «Մարտի 1»–ի գործի տապալումն է։ Իրավիճակն այդպես է գնահատում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Այս  գործը, ըստ նրա,  դատախազության աշխատանքի «լակմուսի թուղթն է»։

 «Ըստ էության՝ մարդը, որը սկսել էր ժողովրդի ջարդը իր բնորոշմամբ «թատերական» հրապարակում, մայիսի 9–ին որոշել է վերադառնալ այդ հրապարակ և ձեր թողտվությամբ, ձեր կամքի բացակայությամբ մարդը քաղաքական հայտ է ներկայացնում։ Այս ամենի պատճառը Մարտի 1–ի գործով քննության արդյունքների ոչ ճիշտ և դատարան ուղարկված մեղադրանքի ոչ ամբողջական լինելու փաստն է»։

Սա դատարաններում քննվող միակ գործը չէ, որի ընթացքից պատգամավորները  դժգոհ են։ Կան նաև նախկին պաշտոնյաներին առնչվող կոռուպցիոն գործեր, որոնք այդպես էլ հանգուցալուծում չեն ստանում։ Գործող իշխանություններին ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ունի իր հիմնավորումը և պատասխանն այն հարցին, թե ինչու կառավարման այս շրջանը կմտնի պատմության մեջ․

 «Կանցնեն տարիներ, և  այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, հատկապես  դատաիրավական ոլորտում, կգնահատեն որպես անկախ դատական իշխանության ձևավորման տարիներ։ Մեզ մեղադրում են, թե թույլ ենք, թե չենք կարողանում հստակ հարաբերություններ հաստատել դատական իշխանության հետ, չենք կարողանում դատախազության հետ կապված հարցերը կարգավորել»։

Իշխանական պատգամավորը ստեղծված իրավիճակը բացատրում է ոչ թե թուլությամբ կամ անկարողությամբ, այլ՝ դատաիրավական համակարգի «գործերին» խառնվելու ցանկության բացակայությամբ։

Դատախազ Արթուր Դավթյանն էլ  նախազգուշացում է՝ նախընտրական շրջանում  թուլության որևէ դրսևորում չի լինելու։

«Հորդորում, կոչ եմ անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ․ անկեղծ, առանց խաբելու, առանց կեղծելու, առանց ատելության խոսքի, առանց վիրավորանքի ներկայանալ մեր հանրությանը։ Եթե որևէ մեկի մտքով համապետական պատասխանատու այս գործընթացում օրենքը շրջանցելու պլաններ են անցնելու, ես այս պահին բարեկամաբար զգուշացնում եմ՝ հետևանքները լինելու են շատ ցավոտ, որովհետև արձագանքը դրան լինելու է շատ–շատ կոշտ»։

Անցյալ տարի գլխավոր դատախազությունում ստեղծվեց նոր ստորաբաժում, որը պետք է զբաղվի բացառապես կոռուպցիոն գործերով։ Իշխանության մարմինները վստահեցնում են, որ անցել են մի փուլ, որից հետո արդյունքները տեսանելի կլինեն։

Տեսանելի արդյունքներ դատախազությունը խոստանում է նաև 2020–ի պատերազմի ընթացքում լրտեսության և դավաճանության գործերով։ Դրանցից մեկի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան։ Ոչ թե բարձրաստիճան պաշտոնյա, այլ նախկին զինծառայող է անցնում այս գործով։ Ավելին դատախազը չի մանրամասնում, ինչպես նաև չի գնահատում, թե այդ գործողությունները որքանով են ազդել պատերազմի ընթացքի վրա։  

«Վաղ է, որպեսզի ես ամեն կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցությամբ։ Հրապարակել ենք արդեն՝ շուրջ 1650 քրեական գործ է քննվում։ Երբ յուրաքանչյուր քրեական գործի կամ դրանց հիմնական հատվածի քննության արդյունքներով կունենանք իրավական գնահատականներ, կանդրադառնանք  նաև պատերազմի ելքի վրա դրանց ազդեցությանը»։

Պատերազմին վերաբերող  բոլոր հաղորդումները դատախազությունն ուսումնասիրում է՝ ԱԺ նիստերի դահլիճում վստահեցրեց Արթուր Դավթյանը։

«Սկսած մինչև պատերազմը, պատերազմին մեր պատրաստ լինելուն առնչվող բոլոր նրբությունները, պատերազմի ընթացքում, պատերազմը վարելու, պատերազմը կազմակերպելու հետ կապված բոլոր ուղղություններին առնչվող, ինչպես նաև հետպատերազմական վիճակում։ Քրեական գործերով այս հարցերը պետք է պարզաբանվեն։ Բացառապես իրավական գործընթացների արդյունքում բոլորի համար էլ ակնհայտ է լինելու, թե յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում ու պատասխանատվությունը կամ ում մեղքը ինչպես է դրսևորվել այս ամենում»։   

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել նաև Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով։ Թե քանի պաշտոնյա է ընդգրկված այդ գործում, հայտնի չէ․ անգամ անուններ չեն հրապարակվում․

 «Դրա մասին հրապարակային խոսելը չի օգնի, հակառակը՝ կվնասի»։  

Ամեն դեպքում դատախազը չի թաքցնում, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ոգևորված ելույթներն իրենց օգնում են ապացուցողական բազա ձեռք բերելու և կոնկրետ անձանց քրեական արարքները բացահայտելու համար։

Կարդացեք նաև

Back to top button