
Աստղիկ Ավետիսյանը 3 տարի առաջ լքեց բնակարանը, որում ապրել էր 13 տարի։ Նախընտրեց բազմաբնակարան շենքից տեղափոխվել առանձնատուն, ուր ինքն էր կայացնում ամենապարզ որոշումը՝ ինչ հոտ պետք է գա իր տնից։
Նախկինում դա որոշում էր շենքի աղբամուղ խողովակը․
«Բազմաբնակարան շենքերում բնակիչները հանդիպում են աղբատարների հետ կապված բազմաթիվ խնդիրների, ես էլ այդ մարդկանցից մեկն էի։ Աղբատարի հոտը, ճանճերը, կեղտոտությունը, ոչ հիգենիկ միջավայրը անընդհատ խնդիրների ու բարդությունների առաջ էին կանգնեցնում։ Ամբողջ հոտը քո տան մեջ էր, դու ինչքան ուզում ես՝ մաքուր պահիր, նորոգված պահիր, երբ միջանցքում կա հոտ, դուռը բացում ես՝ ամբողջ հոտը ներսում է»։
Ավետիսյանի ներկայացրած խնդիրը ծանոթ է աղբամուղ ունեցող շենքերի մեծ մասի բնակիչներին։ Աղբի խցանումների, գարշահոտության ու հարկերում առնետների ներկայության խնդրի մասին քաղաքային իշխանությունները տեղյակ են։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշում է՝ աղբամուղներ պետք է չլինեն, բայց որոշում կայացնողը ոչ թե քաղաքապետարանն է, այլ քաղաքացին․

««Բազմաբնակարան շենքերի մասին» օրենքով, շենքի ներսում գտնվող բոլոր ապրանքները, այդ թվում՝ աղբամուղը, շենքի բնակիչներին է։ Եվ եթե անգամ մեկը չի ուզում, դա լուրջ խնդիր է առաջացնում։ Աշխատում ենք բնակիչների հետ բացատրելով, որ սա է միակ լուծումը։ Պետք է բոլոր բազմաբնակարան շենքերից աղբամուղները հանվեն։ Սա հստակ է, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում»։
Աղբամուղներ ունեցել են Երևանի բնակելի շենքներից 3600–ը, այժմ այդ թիվը կրճատվել է 700–ով։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշում է, որ թեև դրանք հեռացնելու լիազորություն չունեն, բայց փորձում են խթանել գործընթացը։ Ասում է՝ եթե բնակիչները միաձայն որոշում կայացնեն, քաղաքապետարանը կապահովի պատշաճ աղբահանությունը․
«Աղբամուղները փակվելուց հետո շենքի բնակիչները կստանան համապատասխան, համարժեք քանակությամբ աղբամաններ։ Քաղաքը տիրապետում է բավարար չափով աղբամանների, որպեսզի բավարարի այդ պահանջարկն ամբողջությամբ»։
Կարապետյանի խոսքով՝ աղբամուղներից ազատվել ուզում են ոչ բոլոր բնակիչները։ Հատկապես բարձր հարկերում բնակվողներն ու տարեցները գոհ են աղբից ազատվելու այս տարբերակից։ Արփինե Կարապետյանը, օրինակ, դրական կողմեր տեսնում է․

«Այն դեպքում, երբ քեզ արագ պետք է աղբից ազատվել, ես կողմ եմ որ աբամուղը լինի։ Գիտակցության և համապատասխան ծառայությունների մակարդակն է պետք բարձրացնել։ Ես գոհ կլինեի աղբամուղից այն դեպքում, երբ շենքի բնակիչների գիտակցությունը լիներ քիչ ավելի բարձր, և մարդիկ հասկանային, որ նոր տարուց հետո եղևնին պետք չէ 9-րդ հարկով իջեցնել ներքև, որովհետև դաա ուղղակի հնարավոր չի»։
«Օրենքը մեզ խանգարում է այս պահին, օրենսդրական մեր մարմնին՝ Ազգային ժողովին առաջարկել ենք փոփոխություն, որը մեզ այս պահին կօգնի»։
Բնակիչների կարծիքը միանշանակ չէ, իսկ քաղաքապետը վստահ է՝ աղբամուղները ոչ թե օգնում, այլ վնասում են քաղաքին։ Բայց քանի դեռ օրենսդրական փոփոխության չի կատարվել, որոշում կայացնողը բնակիչն է։




