
Հայաստանի մեծ բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսն ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետու մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն:
Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, եւ մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաեւ ցեղասպանության փորձը, որը արվեց 91-94 թթ-ին եւ 2020թ-ին: Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:
Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերն Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- ասել է Քերոլայն Քոքսը։
Քերոլայն Քոքսը Ծիծեռնակաբերդի բարձունք էր գնացել ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ուղեկցությամբ։




