ԿարևորՀասարակություն

ԿԳՄՍ նախարարի 100 օրը

100-օրյա պաշտոնավարման արդյունքներն է այսօր ներկայացրել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նախարարը հայտնել է, որ մշակման փուլում է «Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման 2021-2025 թթ. ռազմավարությունը», որը ներառելու է պատերազմի իրողությամբ պայմանավորված վերանայումներ:

Մշակվում է «Գիտության ոլորտում բարեփոխումների և պետական ներդրումների ճանապարհային քարտեզը»: Հստակեցվելու են ֆինանսական կարիքները, մշակելու է ոլորտի զարգացման գործողությունների պլանը: Արվածից նախարարը առանձնացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը։ Նա ասել է. «Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին։ Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ»։

Նախարարը հայտնել է, որ հաստատվել են նաև նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը այն բնակավայրերի համար, որտեղ նախադպրոցական ծառայություններ չեն տրվում: Մշակվել և շրջանառվում է «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին»  կառավարության որոշման նախագիծը:

Հանրակրթության ոլորտում փոփոխության են ենթարկվել և կառավարության որոշմամբ հաստատվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի ընտրության կարգը և օրինակելի կանոնադրությունը։

«Փոփոխության է ենթարկվել ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը, որի համաձայն՝ նախատեսվում է 3000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ուսումնական հաստատությունների համար ձևավորել միացյալ խորհուրդ՝ դրանով իսկ հնարավոր դարձնելով խուսափել փոքր համայնքներում խորհուրդների ձևավորման ընթացքում շահերի բախման ռիսկերից: Հաստատվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը»։

Փոփոխվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի՝ իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունների սահմանվող հաշվարկով։ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման կարգը, գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են առավել բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել է kadrer.emis.am կայքը, որով նախարարությունը կվարի մասնագետների էլեկտրոնային շտեմարան՝ թվայնացնելով գործուղման գործընթացը։

Նախարարը, որպես արված աշխատանք, ասուլիսի ընթացքում կարևորել է ընդհանուր առմամբ՝ այսքանը: Լրագրողների հարցերը վերաբերել են անելիքներին, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի շենքերը վաճառելու և ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարին։ Նախարարը վստահեցրել է.  «Շենքային կառույցներին որևիցե վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում չկա, կա գաղափար։ Խնդիրը շենքը չէ, խնդիրը նոր շենքերն են, նոր քաղաքն է։ Խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է»։

Նախարարը խոստովանել է, որ շատ կցանկանար այդ շրջանառվող գաղափարը դառնար իրականություն՝ մեր երազած ստեղծագործական միջավայրով։ Սակայն դա դեռևս իրատեսական էլ չէ։ Եթե բոլոր շենքներն էլ վաճառվեն, գումարը չի բավարարելու նպատակն իրականություն դարձնելու, քանի որ լրջագույն ներդրումներ են անհրաժեշտ։

Կարդացեք նաև

Back to top button