
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո օրակարգի գլխավոր հարցը մեկն է ՝ ո՞ր օրենսգրքով են անցկացվելու ընտրությունները։ Քաղաքական ուժերի մի մասը համոզված է, որ ԸՕ հին օրենսգրքով ընտրությունների գնալը կստվերի ընտրական ողջ գործընթացը, մյուսները կարծում են, որ խաղի ժամանակ խաղի կանոններ փոխելն անթույլատրելի է, կան նաև ուժեր, որոնց համար էական չէ՝ ընտրությունների են գնալու փոփոխվա՞ծ, թե՞ գործող օրենսգրքով։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի բացառում հունիսի 20-ի ընտրություններն Ընտրական նոր օրենսգրքով անցկացնելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ փոփոխությունների փաթեթը 1 տարի մշակվել ու քննարկվել է, և տեխնիկապես հնարավոր է այն արագ ընդունել։ Անհրաժեշտ նախապայմանն, ըստ նախարարի, քաղաքական ու հանրային կոնսենսուսի առկայությունն է։
«Կոնսենսուսի դեպքում, կարծում եմ, փոփոխությունները հնարավոր է արագ ընդունել․ որևէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20–ի արտահերթ ընտրությունները իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով»,- նշում է Բադասյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանի կարծիքով՝ «հում» ընտրական օրենսգիրքը նոր ճգնաժամ կարող է ստեղծել, ուստի պետք է այս փուլում պետք է ձեռնպահ մնալ միջամտություններից։ Ըստ Մարուքյանի՝ ճիշտ չէ խաղի ընթացքում փոխել խաղի կանոնները։
«Եթե Ընտրական օրենսգիրքը բերվի ու «Իմ քայլը» միաձայն ընդունի այն, կնշանակի, որ մեզ հետ ձեռք բերված բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են ընկնում, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ամսի 20-ին ընտրություններ ենք անում և ոչ մի բանի չենք միջամտում։ Բացի դրանից՝ այդպես սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»,- ասում է Մարուքյանը։
ԲՀԿ–ի մասնակցությունն ընտրություններին պայմանավորված չէ Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ՝ «Ռադիոլուրին» հայտնեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Մենք երկու դեպքում էլ կմասնակցենք, որևէ խնդիր չկա, դա իրենց գործն է, թող նախաձեռնեն, տանեն առաջ։ Կտեսնենք, թե վերջնական ինչ տեսք կունենա նախագիծը, ըստ այդմ՝ որոշում կկայացնենք»,- պարզաբանում է Մելքումյանը։
Արտախորհրդարանական «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր Նորայր Նորիկյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն Ընտրական նոր օրենսգրքով․ գործողով ընտրությունների գնալը, ըստ Նորիկյանի, կորակազրկի ընտրությունների արդյունքը և կդիտարկվի որպես ժողովրդի թիկունքում ձեռք բերված պայմանավորվածություն, ինչպես նաև՝ իշխող քաղաքական ուժի կողմից տրված խոստման չիրականացում։
«Գործող Ընտրական օրենսգրքի մնալու պայմաններում խորհրդարանի 50 տոկոսը բաժին կհասնի, այսպես ասենք, կասկածելի հեղինակություն ունեցող մարդկանց։ Դա նշանակում է, որ խորհրդարանի առնվազն կեսը կազմելու են քաղաքականության հետ որևէ աղերս չունեցող անձինք, այսինքն՝ մենք ձևավորելու ենք ոչ թե երկրի օրենսդիր իշխանություն, այլ ներողություն արտահայտությանս համար՝ տեղերում հարցեր լուծող ախպերների պառլամենտ։ Գործող խորհրդարանը թեև գործող օրենսգրքով, բայց հանրային բոլորովին այլ տրամադրություններով է ձևավորվել»,- ասում է Նորիկյանը։
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը՝ ժամանակավրեպ են համարում արտահերթի մասին խոսելը։ ՀՀԿ-ում չեն բացառում, որ ընտրությունների մասին հայտարարելը կարող է ընդդիմության համար նետված խայծ լինել։
ՀԱԿ–ում ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու որոշում դեռ չեն կայացրել, «Ռադիոլուր»-ին փոխանցեց Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ ուժի մեջ է մնում կուսակցության ավելի վաղ տարածած հայտարարությունը, որով ՀԱԿ-ն անընդունելի էր համարել հին օրենսգրքով ընտրություններ անցկացնելը։









