
«Ես քաղաքական խրամատը չեմ լքի»,- այսօր դատական նիստից առաջ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքում ես ապացուցել եմ՝ ես կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, ես կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի, հանուն հայ ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը»,-ասել է երրորդ նախագահը։
«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, լինեն նրանք Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ցավոք սրտի, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապարհը։ Օր առաջ պետք է լծվել Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին, այլ ճանապարհ չկա, այլընտրանք չկա», — հայտարարել է Սերժ Սարգսյանը։
Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակների բարձրացման գործին:
«Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է, մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ։ Այսօր ևս ունենք պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու ենք մեր ազգային և ուժեղ պետության համար»,- հավելել է Սերժ Սարգսյանը:




