
Պետական վերահսկողություն իրականացվում է միայն ոչ պարենային արտադրանքի նկատմամբ։ Դրանով զբաղվում է էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ Տեսչության ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը «Ռադիոլուր»-ին փոխանցում է, որ քաղաքացիների զանգերի միայն 30 %-ն է կապված ոչ պարենային արտադրանքի հետ․
«Ապրանքների փոխարինման, հետվերադարձի, պարենային ապրանքների կարգին չլինելու և շատ այլ հարցեր կարգավորելու լիազորություն չունի տեսչությունը, բայց հենց այս խնդիրներն են գերակշիռ մասը։ Թեժ գծին քաղաքացիների բողոքների 70%-ը հենց նմանատիպ հարցեր են։ Մենք վերահսկում ենք օրինակ ԱԳԼՃԿ-ներում բենզինի, գազի թերլիցքավորման և այլ հարցեր»,-ասում է Արթուր Մկրտչյանը։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չունի լիազորություն զբաղվելու սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությամբ։ Այս լիազորությունները տրված չեն նաև Հկ-ներին, ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, որը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ առհասարակ չկա որևէ պետական կառույց, որը կզբաղվի սպառողների իրավունքների լիարժեք պաշտպանությամբ․
«Սպառողների իրավունքները պաշտպանելու գործիքակազմը Հկ-ներին տրված չէ, մենք դա անում ենք բացառապես մեր ֆինանսական միջոցներով, որոնք ի վերջո ինչ-որ մի օր կարող են սպառվել, որովհետև պետական պատվեր չկա սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու»,-նշում է Բաբկեն Պիպոյանը։
«Ռադիոլուր»-ը զրուցել է նաև Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Մուշեղյանի հետ, որի փոխանցմամբ, անիրատեսական է պետության համակարգող գործառույթը՝ վաճառող-սպառող հարաբերություններում և դա ընդունված է ամբողջ աշխարհում․ եթե սպառողի և վաճառողի միջև խնդիր է ծագում, դա լուծվում է բացառապես դատական ճանապարհով։ Փոխարենը Նաիրա Մուշեղյանը կարևորեց ՀԿ-ների դերը, ըստ նրա, սպառողների իրավունքների պաշտպանության օրենքը լիարժեք է, դրա տեղեկացվածությունը՝ քաղաքացիների շրջանում՝ թերի․
«Որքան Հկ-ները իրավունքների իրազեկման հարցերում լինեն ակտիվ, մենք կունենանք այդքան պաշտպանված սպառող։ Սպառողին իրազեկելը ՀԿ կարևոր խնդիրը պետք է լինի։ Ամբողջ խնդիրը հենց այստեղից է գալիս, մենք սպառողներից ամեն անգամ երբ նամակներ ենք ստանում, որ օրինակ ապրանք եմ գնել, անսարք է և այլն, մենք պատասխանում ենք, որ պետությունը չի կարող խառնվել սպառող-վաճառող հարաբերություններին, դա իրավաչափ չէ, գնորդը պետք է տեղեկացված լինի, որ օրենքով պետք է լուծի իր խնդիրը»,-ասում է Նաիրա Մուշեղյանը։
Օրենքի լիարժեք լինելուն համաձայն չէ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ասում է՝ ամենաառանցքային՝ սպառողին վնասի փոխհատուցման իրավունքի ապահովման դրույթը չի կարգավորվում սպառողների իրավունքների պաշտպանության օրենքով։ Օրինակ է բերում Էրոս Ռամազոտիի համերգը, որը չեղարկվեց, տոմսերի գումարները քաղաքացիներին հետ չվերադարձվեցին, թեպետ սպառողի իրավունքի պաշտպանության ընթացակարգով տեղի ունեցավ դատ։ Տմոսերը վաճառած ընկերությունն ուղղակի հայտարարեց, որ չունի համապատասխան ֆինանասական միջոցներ քաղաքացիներին փոխհատուցելու համար․
«Ինչպես պետական տենդերների ժամանակ է լինում, այնպես էլ նման դեպքերում ընկերությունը պետք է ունենա սառեցված գումար, որպեսզի սպառողը նմանատիպ ռիսկեր չկրի, իսկ սա օրենքով չի կարգավորվում»,-ասում է Բաբկեն Պիպոյանը։
Բաբկեն Պիպոյանն ասում է, որ ըստ նրա երկու մեխանիզմ կա կարգավորելու սպառողների իրավունքները։ Կամ փոփոխել օրենսդրությունն այնպես, որ դատական կարգով սպառողի հայցի կարգավորումը լինի պարզեցված և սպառողը 2-3 տարի դատական ընթացքի մեջ չլինի, կամ ունենալ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույց։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը նշում է, որ համակարգային լուծման համար ցանկալի է կառույցի առկայությունը։




