
Համավարակ՝ համատարած լոքդաունով, պատերազմ՝ անդառնալի հետևանքներով։ 2020թ տնտեսական տարվա ծրագրերի մեծ մասն այդպես էլ թղթի վրա մնացին։ Թղթի վրա մնացած ծրագրերի բացասական ազդեցությունը շարքային սպառողների համար խնդիրներ կստեղծի արդեն 2021-ին։ Էներգետիկայի ոլորտն էլ բացառություն չէ․ անավարտ ծրագրերի արդյունքում է նաև, որ հաջորդ տարվա փետրվարի 1-ից 400 կվտ ժամից ավելի էլեկտրաէներգիա վճարողների համար հոսանքի գինը կբարձրանա մոտ 3 դրամով։
2020-ի համար նախատեսված ու չավարտված ծրագրերից, օրինակ, Որոտանի կասկադի ՇԱՄԲ ՀԷԿ-ի վերազինման աշխատանքների ձգձգումն է, որն արդեն խնդիր է ոլորտի համար։ Այստեղ ծրագրել էին լայնածավալ աշխատանքներ իրականացնել՝ նորոգել Շամբի ՀԷԿ-ի առաջին ու երկրորդ ագրեգատները, դրանք շահագործման հանձնել մինչև դեկտեմբերի 1-ը։
ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը «Ռադիոլուրին» փոխանցում է. «Համավարակով ու պատերազմով պայմանավորված՝ աշխատանքները ժամանակին չեն իրականացրել։ Հետաձգում են, այլ հարց է՝ թե որքան»։
Հենց ժամկետներն են, որ խնդրահարույց են մասնավորի ու պետական կառույցի՝ այս դեպքում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության համար։
«Եկել էինք այն կոմպրոմիսային տարբերակին, որ ընդունելի է հետաձգումը առաջին ագրեգատը մինչև 2021թ մարտի 1-ը, երկրորդը՝ մինչև ապրիլի 1–ը։ Երկրորդի մասով ընկերությունն ուղղակի ասում է, որ հնարավոր չէ ապրիլի 1-ին շահագործման հանձնել, այն պատրաստ կլինի հունիսի 15-ին։ Սակայն հստակ հիմնավորումներ, թե ինչու պետք է լինի հունիսի 15-ը և ոչ թե ապրիլի 1-ը, չի ներկայացրել։
Ընկերությունում պնդում են՝ հիմնավորումներն ու փաստաթղթերը ներկայացրել են։

Քոնթուր Գլոբալ հիդրո Կասկադ ընկերության ֆինանսական տնօրեն Ալվինա Աբաջյան․ «Ըներությունն անմիջապես, երբ ունեցել ենք քովիդի ու պատերազմի ֆորսմաժոր նամակները, տեղեկացրել ենք ու ներկայացրել ենք ուշացումների հետ կապված բոլոր հիմնավորումները։ Ինչ վերաբերում է, որ ընկերությունը ջանքեր չի գործադրել, ջանքեր գործադրել ենք ու այն օրը, երբ հնարավոր է եղել, կազմակերպել ենք չատերային չվերթ ու ընկերությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան»։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ընդգծում է ՝ դեկտեմբերին շահագործման չհանձնելով`արդեն ՀԷԿ–ից թերաառաքվում է մոտ 310 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա՝ 7․5 մլրդ դրամ է կազմում փոխարինվող հոսանքի գինը։ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի գույքային համալիրի սեփականատերը ամերիկյան Contour Global Hydro Cascade ընկերությունն է։
«Contour Global Hydro Cascade տնօրենին մի քանի անգամ զանգել, խնդրել եմ, որպեսզի գան ու քննարկենք հարցը։ Իրենք միշտ ասել են, որ հնարավոր չէ այդպիսի հիմնավորումներ ներկայացնել, մենք էլ ասում ենք, որ հնարավոր չէ սպառողի հաշվին որոշում ընդունենք ( որոշումն ընդունում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը)։ Եթե վաղը ինձ կանչեն պատասխանատվության ու ասեն, որ ջանքերը բավարար ես համարել, ինչի՞ հիման վրա ես համարել, քանի ՞ օր է դա տևել»։
Հայտնի չէ, եթե տնտեսական տարին այսքան բարդ չլիներ, արդյո՞ք ՇԱՄԲ ՀԷԿ–ի ագրեգատների վերազնման ժամկետների ուշացումը էներգետիկ ոլորտի վրա այսքան շատ բացասական ազդեցություն կունենար։ Այս պահին, սակայն, այն ակնհայտ է։ Ներքին սպառման համար արտադրվող տարեկան 6,4 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիայից 940 մլն կվտ/ժամը արտադրում է այս ընկերությունը։ Տնտեսագետ Հրանտ Մարգարյանն ընդգծում է՝ հոսանք այնուամենայնիվ պետք է արտադրվի․ հիշեցնում է՝ 2021–ին 141 օր էլ Մեծամորի ատոմակայանը չի աշխատելու․
«Սովորաբար Մեծամորի ատոմակայանի կանգառը լինում է 45 օր։ 2020թվականին այն չաշխատեց 65 օր, իսկ 2021–ին արդեն 141 օր։ Իսկ ատոմակայանի կանգնեցնելու ամեն օրը մեծ փոփոխություն է բերում Հայաստանի ամբողջ էներգետիկ համակարգում։ Դրան զուգահեռ, դիտարկելով նաև «Որոտանի» ուշ գործարկելը, պետք է հասկանանք, որ բեռն ամբողջովին ընկնելու է գազով աշխատող ՋԷԿ–երի վրա, իսկ նրանց համար հուլիսից գազի սակագինը 5․7 դրամով բարձրացավ, որը ինքնարժեքի բարձրացման պատճառ է։ Այս դեպքում խնդիրն ավելի ու ավելի է բարդանալու»։
Ոչ միայն այս, այլ ընդհանրապես ոլորտում իրավիճակ փոխելու համար փորձագետները ճկուն քաղաքականություն վարելու անհրաժեշտություն են տեսնում։ Չնայած խնդիրներին՝ տնտեսագետ Հրանտ Մարգարյանը Հայաստանի ապագան ատոմային էներգետիկայի զարգացման մեջ է տեսնում։
«Էներգետիկ համակարգում որևէ խնդիր լուծելու համար կարևոր է լրացուցիչ սպառման ծավալների ապահովումը։ Սա վերաբերում է և էլեկտրաէներգիայի, և գազասպառման ծավալներին։ Առանցքային նպատակը պետք է լինի լրացուցիչ սպառման ծավալների ապահովումը, ինչն իր հերթին կբերի այդ ճկունության ապահովմանը»։
Տնտեսագետը բացատրում է՝ Մեծամորի ատոմակայան, ՀԷԿ- եր, ՋԷԿ-եր։ Կարևոր է բոլորի աշխատանքի շարունակականության ապահովումը։ Սա նաև դիվերսիֆիկացնում է հոսանքի արտադրությունը, ինչն էլ բնակիչ բաժանորդներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման հիմքն է։




