
Արցախի եւ Հայաստանի օմբուդսմենները վեց փակ զեկույց են պատրաստել հայ գերիների սպանությունների, անմարդկային վերաբերմունքի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից զոհվածների մարմինների անարգման փաստերով: Զեկույցները փակ են, քանի որ պարունակում են սարսափազդու լուսանկարներ եւ տեսանյութեր։
Արցախի Հադրութի շրջան Հին Թաղերից դեկտեմբերի 12–ին անհետացած 10 քաղաքացու ճակատագիրն անորոշ է։ Համայնքի ղեկավար Էդիկ Այվազյանը փոխանցեց, որ տեղեկություն չունի։
Այլ մանրամասներ համայնքի ղեկավարը չհայտնեց, նրա փոխարեն որոշ մանրամասներ Խծաբերդի համայնքի ղեկավար Ալեքսանդր Ավանեսյանը փոխանցեց։ Նա հիմա Մասիսում է, գյուղում միայն ռուս խաղաղապահներն են, դիրքերում էլ՝ ադրբեջանցիները։ Ասաց՝ գյուղը չորս կողմից ադրբեջանցիներով է շրջապատված
«Այնտեղ բնակիչ չի կարող մնալ, քանի որ շրջափակման մեջ են։ Նրանք Ստեփանակերտում են հիմնականում, նաև՝ Հայաստանում»։
Արտյոմ Մխիթարյանին հանդիպեցի անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Մխիթարյանները Սպիտակից են Երևան եկել։ Արտյոմ Մխիթարյանի եղբայրը ժամկետային զինծառայող է, գերեվարվել է Հադրութից։
«Փաստը տեսանյութով ենք արձանագրել, մոտ 25 օր առաջ ենք տեսել։ Շատ դեպքեր ունենք, որ վիդեոները կան, ադրբեջանական կողմը չի հաստատում, որ իրենց մոտ են։ Դիմել ենք Կարմիր Խաչին, իրավապաշտպաններին, որպեսզի հաստատեն։ Շատ հաճախ ռուս գեներալը գնում է, տեսանյութը տանում է հաստատում են։ Մենք հույս ունենք, որ գնալու է, ասելու է ՝ իրենք ձեր մոտ են տվեք, ժամանակն է»։

ԱՀ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպամ Արտակ Բեգլարյանը նույնպես ընդգծում է՝ կան տասնյակ ապացուցված փաստեր հայ գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանն այդ դեպքերը համառորեն չի հաստատում։ Ադրբեջանը թաքցնում է ռազմագերիներին, քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց, որոնք իրենց մոտ են գտնվում․
«Վերադարձած գերիների վկայություններ կան, որ գերեվարվող անձինք, այդ թվում՝ կանայք, Ադրբեջանի բանտերում արժանացել են անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների։ Հայրենիք վերադարձած գերիների մի մասն այժմ հիվանդանոցներում բուժում է ստանում։ Երկու քաղաքացիական գերի մահացել է Ադրբեջանում, մեկի մարմինը փոխանցվել է մեզ, մյուսինը՝ դեռեւս ոչ։ Երկուսի պարագայում էլ բավարար ապացույցներ կան, որ բանտում սպանվել են։ Երկուսն էլ տարեց անձինք են՝ մեկը 80, մյուսը՝ 79 տարեկան»։
Բեգլարյանն ասաց՝ պատերազմի հետևանքով 60 քաղաքացիական զոհ կա, որից 39–ը` պատերազմական գործողությունների ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով են զոհվել․ «Հրետակոծության, ավիակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցներից հետևանքով 21–ը զոհվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, կամ՝ գերության ժամանակ։ Նրանց մեծ մասի մարմիններն արդեն գտել ենք։ Սա նախնական թիվ է։ Տարբեր անորոշ վկայություններ ունենք այլ զոհերի վերաբերյալ»։

Արցախի եւ Հայաստանի օմբուդսմենները վեց փակ զեկույց են պատրաստել հայ գերիների սպանությունների, անմարդկային վերաբերմունքի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ագրեսիայի ընթացքում ադրբեջանցի զինվորականների կողմից զոհվածների մարմինների անարգման փաստերով: Զեկույցները փակ են, քանի որ պարունակում են սարսափազդու լուսանկարներ եւ տեսանյութեր:
Այդուհանդերձ, դրանք փոխանցվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններին, օտարերկրյա պետություններին:




