ԿարևորՀասարակություն

Ի՞նչ վիճակում են Երևանի, Գյումրիի և Վանաձորի ապաստարանները

Օրը սկսվում է գիշերը՝ օդային տագնապի ազդանշանով։ Պայմանական սցենարով  ռմբակոծվում են Երևանը, Գյումրին ու Վանաձորը։ Բնակչությունը րոպե առաջ պետք է տեղափոխվի ապաստարաններ ու պատսպարաններ։ Բայց պատսպարանն արդեն բնակիչներ ունի, շենքի նկուղը բնակիչներից մեկի սեփականությունն է․ այդտեղ խանութ է կամ չօգտագործվող իրերի պահեստ։ Քաղաքացին կանգնում է փաստի ու իրեն սպառնացող վտանգի առջև։

«Բնակչության պատսպարման հաշվարկը կա, և ամեն տարի նորից վերանայվում է, վերահսկվում և  փոփոխություններ են արվում, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես։ Ընդհանուր վիճակը բարվոք է»։

ԱԻՆ փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Սահակյանն է։ Նկարագրված հավանական սցենարից խուսափելու համար մշակվում է ապաստարանների և պատսպարանների նոր քաղաքականություն։ Բայց նախ այն, ինչ պարբերաբար արվում է վիճակը ստուգելու համար։

«Յուրաքանչյուր տարի, աշխատանքային պլանի համաձայն, կատարվում է վերահսկողություն  համակարգում։ Այդ պլանի համաձայն՝ յուրաքանչյուր տարի մենք մեթոդական օգնություն ենք ցուցաբերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, որով առաջնորդվում են։ Հիմա մեր կողմից վերահսկողությունը իրականացվում է, բայց բնակչության ամրագրումը պաշտպանական կառույցներին պետական կառավարման մարմինների և ՏԻՄ–ի խնդիրն է»։

Հաջորդաբար փորձենք հասկանալ՝ որ քաղաքում ինչ վիճակում են ապաստարաններն ու պատսպարանները։  Եվ այսպես՝  Երևան, Քաղաքաշինության պետական կոմիտե։  Մինչև ռազմական դրությունը կոմիտեն նախաձեռնել էր քաղաքաշինության ոլորտի նորմատիվ փաստաթղթերում փոփոխություններ, որոնցում  ներառվել են պարտադիր պահանջներ՝  բնակելի և հասարակական շենքերի ու  շինությունների նկուղային, կիսանկուղային, որմնախարսխային հարկերի, այդ թվում՝ ստորգետնյա ավտոկայանատեղերի համար ։ Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության պետ Ռուզան Ադամյան․

«Դա այս պահի դրությամբ վերաբերում է նորակառույց օբյեկտներին։ Էն, ինչ ունի մեր բնակելի ֆոնդը՝ հասարակական շենքերը, շինությունները, որոնք գոյություն ունեին մինչև այս պահը, նրանք ունեցել են, իհարկե, նկուղային հատվածներ, որոնք հնարավոր էր օգտագործել որպես պատսպարան, բայց բնական է, որ դրանց մեծ մասը հիմա մասնավորեցրել են և բավականին ծավալուն գործընթացներ են ենթադրվում մասնավոր  հատվածներն ամբողջությամբ հատուկ սարքավորումներով վերազինելու, որպեսզի դա բնակչության համար որպես ապաստարան ծառայի»։

Քաղաքաշինության պետական կոմիտեն  «Հայ նախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ մրցութային կարգով պետական գնման պայմանագիր է կնքել։  Այդ փաստաթղթով կմշակվեն ապաստարաններին վերաբերող  կոնկրետ նորմեր։ Փաստաթղթի մշակումը մեկնարկել է, բայց գումարի խնդիրը լուծված չէ։ Քաղաքաշինության պետական կոմիտեն առաջիկայում կդիմի կառավարություն մինչև երկու միլիոն դրամ ստանալու  համար։  

«Խորհրդային տարիներից հետո կառուցված շենքերն ու շինությունները, ինչքան որ մենք ենք տեսել, այդ թվում և մեր պատվիրատվության, շատ քիչ դեպքերում են նախատեսվել նկուղներ, ապաստարաններ և այլն։ Ինչու՞, որովհետև կապիտալ ներդրումները, ֆինանսական միջոցները շատ դեպքերում սուղ են եղել, և արագընթաց ծրագիրն անելու համար ասել ենք՝ լավ, էսքանը դեռ կառուցենք, մարդիկ դեռ այս իրավիճակում յոլա գնան, որովհետև ինքնին ապաստարանը թանկ հաճույք է։ Եթե ուզենաս այսօրվա արդի պահանջներին համապատասխան ապաստարան կառուցես շենքի նկուղային մասում, ապա բավականաչափ պիտի բարձրացնել օբյեկտի նախահաշվային արժեքը»։

Ռուզան Ադամյանի խոսքով՝ եթե անգամ բարձրացվի օբյեկտի նախահաշվային արժեքը, ապա մեր հանրապետությունում  դա պետք է լինի պարտադիր։ Իսկ սեփականաշնորհված պատսպարանների պետության կողմից ազգայնացման համար առաջին քայլը մոնիտորինգն է։ Մասնագիտական խմբերը պետք է մտնեն բազմաբնակարան շենքեր, հասարակական շինություններ, հետազոտություն անեն և գուցե միայն ակնադիտական` տեսողական հետազոտությունը  բավարար չլինի, որովհետև․

«Որովհետև շենքերի և շինությունների մեծ մասը արդեն և ֆիզիկական մաշվածություն ունի,  և կարող են ունենալ որոշակի վնասվածության աստիճան։ Հին կառույցի  և գրունտի վիճակն է փոխված, և հիմքերի»։

Գյումրի․ բնակչության քանակով Հայաստանի երկրորդ քաղաք։ Գյումրու քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ ապաստարանների և պատսպարանների հարցերով պատասխանատուն պատերազմի ժամանակ զորակոչվել է բանակ և դեռ չի վերադարձել դիրքերից։ Նրան փոխարինող  չունեն։

Վանաձոր․ բնակչության  քանակով Հայաստանի երրորդ քաղաք։ Քաղաքապետարանը մեր գրավոր հարցմանը պատասխանել է․

«Վանաձոր քաղաքի ապաստարաններն ու պատսպարանները գտնվում են օգտագործման ենթակա վիճակում։ Բազմաբնակարան շենքերի տակ գտնվող պատսպարաններից կան սեփականաշնորհվածներ, որոնց սեփականատերերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են տրամադրել տարածքները օգտագործման։ Սեփականաշնորհված տարածքները էական թիվ չեն կազմում։ Համայնքապետարանն ունի բնակիչներին պատսպարաններում տեղավորելու համապատասխան ծրագիր, որը փոփոխության չի ենթարկվել։  Քաղաքի ապաստարանների թիվը և մակերեսը բավարար է ամբողջ բնակչությանը տեղավորելու համար։ Բնակիչներն իրազեկված են  իրենց ապաստարանների գտնվելու վայրի վերաբերյալ»։

Պատերազմը վերսկսվում  է․ մեկ ամիս, մեկ տարի կամ երկու տարի անց։ Հավանական սցենարով ռմբակոծվում են Երևանը, Գյումրին ու Վանաձորը։ Օդային տագնապի ազդանշանը լսող քաղաքացին գիտի կամ չգիտի իր հետագա քայլերը։  Դա կախված է այսօր մեկնարկած քայլերի հաջող կամ անհաջող ավարտից։

Կարդացեք նաև

Back to top button