ԿարևորՏնտեսական

«Մոտավոր» ապրելու բյուջե․2021-ի խիստ նախնական բյուջեն փոխելուն կողմ են «Իմ քայլ»-ում

Հետպատերազմական և դեռ շարունակվող համաճարակի պայմաններում հաջորդ տարվա համար մշակված պետական բյուջեն, կարելի է ասել մոտավոր է՝ շատ անորոշություններով։ Համաշխարհային կանխատեսում կա, որ համաճարակից հետո տնտեսությունների վերականգնումը կսկսվի 2021-ին, բայց երբ և որքան դա կտևի՝ կրկին անորոշ է։

Դա է պատճառը, որ բյուջեում ներկայացված են թվեր, որոնք գործադիրը պատրաստ է վերանայել հետո՝ անհրաժեշտության դեպքում։ Այդպիսի մոտեցումն անգամ ռազմական ծախսերին է վերաբերում։ Բյուջեի նախագծի այսպիսի ուղերձներն անընդունելի են անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սերգեյ Բագրատյանի համար։

Արման Բաբաջանյան ․«Ցանկացած ծախս պետք էր վերագնահատել, բոլոր անկարևոր և ոչ առաջնային ծախսերից պետք էր ժամ առաջ ազատվել։  Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը նախորդի նման փտած տրամաբանության մեջ է և մենք անիրատեսական ՄԺԾԾ–ներով և անհեթեթություններով պետական բյուջեի նախագիծ ենք քննարկում շատ սովորական ռեժիմով։ Տպավորություն է, որ այս կառավարությունը առնվազն միայնակ չունի բավարար ներուժ, համապատասխան պրոֆեսիոնալ կարողություններ և ամենակարևորը՝ վստահություն այս հարցերը լուծելու»։

Սերգեյ Բագրատյան «Բյուջեի ուղերձը խիստ կարևոր է մեր ապրելու և ապրեցնելու իմաստով։ Ես կցանկանամ, որ բյուջեի ուղերձում մենք հաստատագրենք հույսի ճանապարհը։ Չեմ գտնում, որ մենք պետք է մեր ժողովրդին պարտության ուղերձներ հղենք»։

Պարտության ուղերձներ չեն եղել նույնիսկ 2020–ին․ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձում է, որ պատերազմի ժամանակ անգամ բյուջեի ծախսերը չեն կրճատվել և այն իրականացվել է այնպես, ինչպես հաստատվել էր։

Ֆինանսերի նախարարի համոզմամբ՝ պետության համար կենսական նշանակություն ունի առաջիկա ժամանակահատվածի ծրագիր ունենալը, իսկ դրա համար կայունություն է անհրաժեշտ՝ ասում է․

«Ես անընդհատ ընդգծում եմ պետությունը, որպեսզի պարզ դառնա, որ տվյալ դեպքում խոսքը անձի կամ խմբի չի վերաբերվում։ Որպես պետություն, որպես ՄԱԿ–ի անդամ երկիր ճանաչվում է ՀՀ–ն, այլ ոչ թե որևէ անձ։ Եվ աշխարհը ուզում է հարաբերվել վերջինիս հետ որպես ինստիտուտի, այլ ոչ թե՝ որպես փոփոխականների։ Եթե կոնկրետ ինստիտուցիոնալ ներդրողներին անդրադառնանք, ապա նրանք, ինչպե՞ս եք պատկերացնում, կարո՞ղ են 10, 30 և ավելի տարով ներդրում կատարել մի միջավայրում, մի պետության մեջ կամ այդ պետության որևէ բիզնեսում, որի ապագան կախված լինի միայն այս պահի իրավիճակից և հնարավոր չլինի կանխատեսել, թե հիմնարարները որ ուղղությամբ են տվյալ երկրին առաջնորդելու»։

Խիստ անորոշ 2021 թվականի բյուջեին զուգահեռ ֆինանսների նախարարը ստիպված էր բացատրություններ և հաշվետվություններ ներկայացնել նաև 2020–ի ծախսերի հետ կապված։ Այս տարվա ամենաքննադատված քայլերը պարգևավճարների հատկացումն է ու «Հայաստան» համահայկական հիմնադրամից 101 միլիարդ դրամի նվիրատվությունը պետբյուջեին։

Աղետալի 2020–ի հետեւանքներով տարին փակելու ենք շուրջ 8% տնտեսական անկումով և կտրուկ նվազած տնտեսական աճի պոտենցիալով։ Այն փաստաթուղթը, որ բերվել է 2021–ի համար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ընդունելի չի համարում։ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան»–ից պատգամավոր Արկադի Խաչատրյանի ներկայացմամբ՝ փաստաթուղթն իր մեջ պարունակում է լուրջ ռիսկեր։

«Մենք կարիք ունենք նոր բյուջեի, որովհետև 21 թվականի բյուջեի նախագիծը, որը ներկայացված է, չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնք մենք ունենք։ Պետք է վերանայենք ծախսերի կառուցվածքը, գոտիները շատ խիստ պետք է ձգել, ծախսերը բացարձակ շատ խիստ արդյունավետ ուղղություններով պետք է ուղղել։ Երկրին անհրաժեշտ են նոր, անվտանգային ռազմավարություն՝ իր ռազմական, տնտեսական, սոցիալական բաղադրիչներով։ Լուծումը՝ անցումային, տեխնոկրատ կառավարության ստեղծումն է , որը կարող է կարգավորել և վերականգնել քաղաքական կայունությունը, հանրային համերաշխությունը, կարողանա մոբիլիզացնել այս երկրի բոլոր կարող ուժերը, մարդկային ռեսուրսները առանց սև ու սպիտակների»։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը «Իմ քայլը» խմբակցության անունից այլ լուծում է առաջարկում․

«Այո, պատերազմական ծախսերը պետք է էականորեն վերանայվեն, բայց դա գործընթաց է՝ ծրագիր պետք է լինի, գաղափարախոսություն ըստ էության, դրա տակ ֆինանսավորվի, որպեսզի տեղ գտնի ընթացիկ փոփոխություններով։ Եվ այո, ես կարծում եմ, որ այս բյուջեն էական փոփոխությունների կենթարկվի և դրանում մեծ մասնակցություն կունենանք մենք բոլորս»։

Որ ուժերն են մտնում «բոլորը» առաջարկի մեջ` պարզ չէ։ Փաստ է միայն, որ բյուջեի քննարկմանը մասնակցել է խորհրդարանական երկու «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն ու ֆինանսների նախարարը։ Աժ երրորդ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»–ը շարունակում է իր բոյկոտը։

Կարդացեք նաև

Back to top button