
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Երեխայի թրաֆիգինքի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թվականին: Այժմ երեխաների շահագործման տարբեր ձևեր են նկատվում. և ներքին թրաֆիքինգի դեպքեր, երբ Հայաստանի ներսում են երեխաներին շահագործում, և արտաքին, երբ երկրից դուրս են տանում երեխաներին: Թեմային այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը: Ընդհանուր առմամբ, 2008-ից սկսած՝ մեր երկրում թրաֆիքինգի զոհ է դարձել արական և իգական սեռի 15 երեխա:
ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյան.«Ընդ որում, եթե բաժանենք շահագործման ձևերի, հիմնականում շահագործման երկու տարբերակ կա՝ մեկը սեռական շահագործումն է, որին ներգրավված են աղջիկները, և մարզից, երբ բերել են Երևան, և մեկ դեպք կա, երբ ՀՀ-ից տարել են Թուրքիա՝ ենթարկելով շահագործման: Ունենք նաև մուրացկանության մեջ ներգրավելու դեպքեր, որի պարագայում տուժող են հանդիսանում և աղջիկները, և տղաները: Ընդորում աղջկան մուրացկանության թրաֆիքինգի մեջ ներգրավելու դեպքն ավարտվել է ընդամենը մի քանի ամիս առաջ՝ մեղադրական դատավճիռ կայացնելով: Դատարանները բավականին խիստ պատիժներ են նախատեսում՝ երեխաների թրաֆիքինգի պարագայում պատժի ժամկետը տատանվում է յոթից մինչև տանսմեկ տարի ազատազրկում ՝ըստ նշանակված վիճակագրության»:




