Նախօրեին հայաստանյան մեդիադաշտում ու սոցցանցային տիրույթում կայծակնային արագությամբ տարածվեց մի լուր, որը եկավ լրացնելու վերջին շաբաթների չարագույժ լրահոսը․ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Իգդիրի հատվածում զորք և ռազմա-տրանսպորտային ավիացիա է կուտակում։ Լուրը հայտնում էր վերջին շաբաթներին հայկական տիրույթի համար վստահելիներից դարձած «Սոլովյով» տելեգրամ ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստ»-ին։
«Թուրքիան ուղերձ է հղում, որ փորձելու է հետամուտ լինել Հարավային Կովկասում իր ռազմական ամրապնդման նկրտումներին։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակվում է և ավելի գլոբալ դառնալու միտումներ ունի»,- մեկնաբանելով լուրը կարծիք է հայտնում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա համոզմամբ՝ թուրք-ռուսական հակասություները ավելի ցայտուն դրսևորումներ են ունենալու և նոր հեռանկարներ են ընդգրկելու։ Այդուհանդերձ՝ թուրքագետը չի կարծում, թե շատ մեծ հավանականություն կա, որ Հայաստանում ռուս-թուրքական ուղիղ պատերազմ կլինի։
«Այս պահին ստեղծված տարբեր իրողությունների համապատկերում այդքան էլ իրատեսական չէ այդ բախումը, բայց Թուրքիայի ագրեսիան շարունակելու է մեծանալ»,- նշում է նա։