
Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ անցնելու ծառայության։ Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն էր նման գրառում արել։ Զրուցել ենք արդեն Արցախում գտնվող մեր կամավոր բժիշկների հետ։
Ռազմաճակատի հարավում իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում ռազմական բժիշկ, արցախյան և ապրիլյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանն ու իր գործընկերները։ Վիրավոր զինվորներին առաջին օգնությունը ցույց են տալիս հակառակորդի կրակահերթերի տակ։ Մեր հեռախոսազանգից առաջ վիրաբույժը նոր էր դուրս եկել վիրահատարանից։ Գյումրեցի վիրավոր, բայց քաջարի տղային են վիրահատել, ասում է, վիճակը լավ է։

«Դմփդմփոցները լսու՞մ եք։ Թշնամու տանկը խոցել էր, վիրավորվել էր, լավ տենց շատ մարտական ոգով փոքրամարմին մի տղա, գնդակը պահել ենք, որ հեսա արթնանա, տանք իրեն»։
Հայկական բանակի ոգին մարտական է, առաջնագիծն ապահովված, հակառակորդն էլ արդեն հյուծվում է, ասում է բժիշկը։
«Անասելի խիզախ երեխեք ունենք, անասելի կամբատներ ունենք, սպաներ, որոնք պատվով կատարում են իրենց առաջ դրված խնդիրը»։
Առաջնագծում իրենց մասնագիտական առաքելությունն են կատարում նաև Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Կարոն Պողոսյանն ու նրա մյուս գործընկերը։ Նրանք էլ են կամավոր մեկնել առաջնագիծ։ Հուզմունքը շատ է, պատասխանատվությունը՝ մեծ։ Մեզ հետ զրույցում բժիշկ Պողոսյանը երկար խոսել չկարողացավ։

«Բնական է, բոլոր հիվանդներին ենք օգնություն ցույց տալիս։ Ծանրերը, որոնք անհապաղ վիրահատության կարիք ունեն, վիրահատում ենք։ Ունենք շատ լավ անեսթեզիոլոգիական խումբ, և նաև ունենք ընդհանուր վիրաբույժների խումբ։ Բնական է, արվում է հնարավոր ամեն ինչ»։
Բանակի բուժծառայությունն իր բարձրության վրա է, կազմ պատրաստ առաջին օգնությունը ցույց տալու վիրավոր զինվորներին։ Մենք՝ թիկունքում գտնվողներս, ամեն ինչ անում ենք այսօր առաջնագծում կռվող տղաների ծնողների սպասելիքներն արդարացնելու համար, ասացին «Ռադիոլուրի» զրուցակիցները։




