ԿարևորՀասարակություն

Ընդհանուր զորահավաք, պատերազմական իրավիճակ․ռազմական դրության սահմանափակումները

ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է ընդհանուր զորահավաք, ՀՀ զինված ուժերը,  քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի ու կառուցվածքի։

Կառավարության կայքում հրապարակված որոշման հավելվածով սահմանվում է ռազմական դրության ժամանակ կիրառվող սահմանափակումների շրջանակը։  

Ըստ հավելվածի՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների հրապարակային տարածումը կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հիման վրա՝ ամբողջությամբ, առանց խմբագրումների արտացոլելով պաշտոնական տեղեկատվության բովանդակությունը։

Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը Կառավարությունը կայացրել է  ղեկավարվելով Սահմանադրության 119-րդ հոդվածով և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով։

Ռազմական դրություն հայտարարելու  որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։

 Ըստ որոշման՝  Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգ, ինչը սպառնում է մեր երկրի  ինքնիշխանությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

Կառավարության ընդունած որոշումը քննարկվում  է իրավունքի ուժով հրավիրված ԱԺ հատուկ նիստում։

Նախագիծը քվեարկության չի դրվում։  

Կարդացեք նաև

Back to top button