ԿարևորՀասարակություն

Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին. Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Պարոն նախագահ, սիրելի բարեկամ, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ իմ և ֆրանսիացի ժողովրդի անունից Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները: Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ պատմական կապերի, համատեղ հիշողության և ընդհանուր տեսլականի վրա հիմնված հագեցած փոխհարաբերությունների համար:

Այս առանձնահատուկ կապերն առավել քան երբևէ կազմում են մի հարստություն, որը մենք պարտավոր են զարգացնել: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ՝ դիմագրավելու այն մարտահրավերներին, որոնք ծառացել են մեր երկրների առջև: Ցանկանում եմ Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան վճռական է՝ աջակցելու Հայաստանին փոփոխությունների այն խիզախ գործում, որ ձեռնարկել է Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր:

Ֆրանսիան ձեր կողքին է՝ նպաստելու ձեր տնտեսության նոր վերելքին, ինչպես նաև աջակցելու Հայաստանին՝ ներդնելու երկարատև կոնկրետ ծրագրեր առողջապահության ոլորտում և կլիմայական փոփոխությունների հետևանքների դեմ պայքարում: Առավել քան երբևէ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր դերակատարները պատրաստ են աջակցել բարեփոխումներին և մասնակցել տնտեսական վերելքին:

Հակառակ COVID-19 համավարակի հարկադրանքին, ես գոհունակություն եմ հայտնում համալսարանական, կրթական և մշակույթի ոլորտներում մեր համագործակցության վերջին ձեռքբերումների կապակցությամբ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ոչ մի ջանք չի խնայի՝ հասնելու կողմերի միջև բանակցությունների արագ վերսկսմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման հույսով: Խնդրում եմ՝ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»:  

Կարդացեք նաև

Back to top button