
Օդանավակայանը երբեք այսքան դատարկ չէր եղել, սպասասրահը դատարկ է, մեկնողներ ու ժամանողներ չկան, փակ են խանութների մեծ մասը, աշխատում են մի քանի բանկերի մասնաճյուղեր միայն։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանն այսօր նախատեսված թռիչքներն է թվարկում։
«Այսօր ունենք ժամանում Մինսկից, Դուբայից, Մոսկվայից, Վորոնեժից, Կիևից։ Մեկնում են Վորոնեժ, Դուբայ, Մոսկվա»,-ասաց Հովհաննիսյանը։
Մեր ձայնագրության պահին սպասասրահում երեքով էինք՝ ժամանման հատվածի հերթապահը, օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն ու ես։ Կորոնավիրուսի համավարակը ամենաշատը այս ոլորտին վնաս հասցրեց։ Թեեւ հակահամաճարակային կանոնները պահպանվում են, միևնույնն է, ոչ մեկնող կա, ոչ էլ ժամանող։
«Ուղևորահոսքը նվազել է շուրջ 95 տոկոսով։ Մարտից սկսեց նվազել, ամենաշատը նվազեց ապրիլին՝ գրեթե 98 տոկոսով։ Նման դեպք օդանավակայանում չեն հիշում։ Նման դեպք չի եղել, որ այսքան հանգիստ լինի, որ ուղևորահոսք չունենանք։ Նախկինում օրական 45–50 չվերթ էր իրականացվում։ Այս ընթացքում եղել են օրեր, որ ընդհանրապես մարդ չենք ընդունել կամ ճանապարհել»,- նշեց Հովհաննիսյանը։

Օդանավերի ձայները գրեթե լռել են նաև Շիրակ օդանավակայանում, այստեղ էլ թվերը հուսադրող չեն։ «Մարտից է սկսվել անկումը։ Գյումրիում 100 տոկոս անկում ենք ունեցել ապրիլ, մայիս հունիս ամիսներին։ Հուլիսին եղել է 616 ուղևոր»,- իրավիճակն է շարունակում ներկայացնել հանրային կապերի պատասխանատուն։
Օդանավակայանի մուտքի մոտ միայն մի քանի վարորդներ են ու օրվա ընթացքում նախատեսված չարթերային չվերթի ժամանողների հարազատները։ Գուրգենն արդեն 25 տարի օդանավակայան ժամանող հյուրերին առաջինն է դիմավորում։ Վարորդ է, մոտ հինգ ամիս որևէ մեկին չի դիմավորել, վերջերս օրերին մեկ-երկու ուղևոր է ունենում։
«Շատ վատ տարի է։ 25 տարի տաքսի եմ վարում, այս տարի մեծ թվով տուրիստների էինք սպասում Հունվարին մեքենան վարկով փոխեցինք, որ այս տարի մեծ թվով տուրիստներ պետք է ունենայինք, չորս ամիս ընդհանրապես մնացինք կանգնած»,-պատմեց վարորդը։

Կիսադատարկ է նաև օդանավակայանի անվճար կայանատեղին։ Վարորդները զարմացած են՝ նախկինում մի քանի պտույտ պիտի անեին, որպեսզի կարողանային մեքենայի համար տեղ գտնել։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են. սեպտեմբերի 1-ին նախատեսված Երևան-Եկատերինբուրգ-Երևան չարթերային չվերթը տեղափոխվել է, այն կիրականացվի սեպտեմբերի 4-ին։
Աշնան առաջին օրը կիրականացվեն Մոսկվա-Երևան-Մոսկվա, Երևան-Թեհրան-Երևան, ինչպես նաև Բեյրութ-Երևան֊-Բեյրութ չարթերային չվերթները։ Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ չունի և չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։




