
Մայր Արաքսի ափերին բազմած Փշատավանը 2 տարի առաջ ճանաչվեց «1000 տարվա գյուղամեջ» փառատոնով: Այն ժամանակ էլ ընդունեց իր առաջին հյուրերին, ծանոթացրեց նրանց հայկական գյուղական կյանքին ու կենցաղին։ Փշատավանը փառատոնի կազմակերպիչներից Լիլիթ Գրիգորյանի հայրենի գյուղն է: Միասին քայլում ենք համայնքի խճապատ փողոցներով, փորձում հասկանալ` փառատոնից հետո գյուղում ինչ փոփոխություններ են եղել.

«Փառատոնի նպատակը ոչ այդքան հայտնի, բայց հետաքրքիր գյուղի զարգացումն էր տուրիզմի միջոցով: Հայտնի ենք դարձնում գյուղը՝ գյուղական կենցաղի, արվեստի և արհեստի ներկայացմամբ: Իրականացնելու ընթացքում մենք հասկացանք, որ գյուղն իրոք փառատոնային գյուղ էր՝ իր փողոցներով, բակերով, մարդկանցով հյուրընկալ»:
Մշակութային կոթողներով աչքի չընկնող սահմանամերձ այգեգործական համայնքում երիտասարդները փորձել են ստեղծել մտերմիկ միջավայր հյուրերի ու գյուղացիների միջև, տաղավարների փոխարեն նախընտրել էին գյուղական հյուրընկալ բակերը: Հին արհեստներից այստեղ պահպանվել է միայն դարբնությունը: Հենց ճանապարհին էլ հանդիպեցինք գյուղի միակ դաբնին՝ Մարատ Դավթյանին։ Իր գործն անմիջապես կապված է հողի հետ և երկաթները կռելով դարձնում է գյուղգործիքներ՝ բահ, լապատկա, փոցխ, մանգաղ, ինչն անհրաժեշտ է գյուղացուն:

Շարունակում ենք քայլել գյուղով՝ մեր ոտքերի տակ ճռճռացնելով փողոցի ավազը, որն այդպես էլ ասֆալտ չդարձավ ու շարունակում զրույցը Լիլիթի հետ.
«Հին մանկապարտեզ ունենք, որի շենքը վթարային է, չի գործում, նախակրթարան կա, բայց ցանկալի կլիներ առանձին մանկապարտեզ լիներ, որովհետև դրա դերը լրիվ ուրիշ է: Հնարավորության դեպքում կողքի գյուղի՝ Ջանֆիդայի, մանկապարտեզ են տանում փոքրերին, բայց դա էլ բոլորին հասանելի չի՝ տրանսպորտի խնդիր կա, մեքենայով գնալ-գալու խնդիր կա»:

Ցուցադրության վայրերից մեկն էլ Արաքսի ափից քիչ հեռու, սահմանապահ ուղեկալի մոտ գտնվող Սողոմոն Սարգսյանի տունն է` գյուղի միակ հյուրատունը։ Ձեռք բերված հին իրերը, գորգագործության, խեցեգործության, բուրդը մշակելու, վերմակ կարելու աշխատանքները հյուրերից շատերին ստիպել էր կանգ առնել, նախ`հետաքրքրությամբ հետեւել, ապա եւ միանալ աշխատանքներին, շփվել գյուղացիների հետ: Այս բակում կա թոնրատուն, գյուղում հիմա քչերն են թոնրով ու ցախով լավաշ թխում: Սողոմոն Սարգսյանը տան բակում ցույց է տալիս մեզնից մի քանի քայլ հեռու բարձր թումբը, որի արանքով առու է անցնում և պատմում.
«Այ էս Արաքսի նախկին հունն է: Արաքսը թափառող գետ է, ինչպես գիտենք, 100-ավոր տարիներ առաջ այստեղով է հոսել Արաքսը, տեսնու՞մ եք այգու փոս ընկած տարածքը, դա հունն է եղել»:
50-ական թվականներին այս բերրի հողերի վրա հիմնել են այգիներ, դիմացն էլ կառուցել տներ: Արաքսի մյուս ափին Արևելյան Հայաստանի Սուրմալու նահանգն է, Իգդիր քաղաքը, որն ավելի է նշմարվում գիշային լույսերի մեջ:
«Ուղիղ գծով մեր դիտակետի դեմ-դիմաց Իգդիր կենտրոնն է, նոր բնակավայրեր են մյուսները, շատ պարզ երևում է»:
Փշատավան եկած հյուրերը մոռանալով հայ-թուրքական սահմանի մասին, որն անցնում է Արաքսով, հաճախ են գետ հասնելու ցանկություն հայտնում.
«Մեր հյուրերից շատերն ասում են՝ կարող ենք գալ Արաքսից ձուկ բռնել, ասում ենք՝ իհարկե ոչ, ընդամենը կարող եք հեռադիտակով նայել»:
Ես էլ ցանկացա հեռադիտակով տեսնել մեր հայրենիքի մի փոքր հատվածը և բարձրացա 11 մետրանոց աշտարակը։ Իմ գլխավերեւում ծածանվում էր հայկական եռագույնը, իմ դիմաց` ծանծաղած Արաքսի ավազուտները, քիչ այն կողմն էլ` թուրքական դիտակետի աշտարակն էր` իրենց դրոշով:

«Արաքսում հիմա ջուր չկա, սակավաջուր ժամանակահատված է, մեր հողամասից ընդամենը 82մ հեռավորության վրա է: Էս ուռենիները, որ կան՝ Արաքսի մեր ափն է, է՜ն բարդիները, որ կան՝ Արաքսի մյուս ափն է: Երևացող կարմիր տնակը թուրքերի հենակետն է՝ իրենց դիտակետով, նոր աշտարակ են հիմա կանգնեցնում էնտեղ՝ լուսավորության համար: Սա Հայաստանի ամենաանվտանգ տարածքներից մեկն է»:
Աշտարակից իմ առջև բացվում է նաև Փշատավան գյուղի տեսարանը։ Այգիներում հասունանում է խաղողը, որից գյուղացիները գինի եւ օղի են պատրաստում: Արաքսի ափին գտնվող հյուրատան նկուղում՝ գինետանը, դրանք արդեն շշալցված սպասում են հյուրերին: Փշատավանում խաղողի ու մրգի այգիների պակաս չկա, բայց պակասում են գյուղին անուն տված փշատենիները.
«Մեր գյուղը ժամանակին բնակեցված է եղել թուրքերով և իրենք էլ անվանել են Իգդալու: Իգդա նշանակում է փշատ, տուն չի եղել, որ մի քանի ծառ փշատ չունենար», ասում է գյուղի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը: Հետո գյուղացիները փշատենիները կտրել են եւ հողը զբաղեցրել խաղողի վազերով ու մրգատու ծառերով: Լիլիթը մի հետաքրքրիր դեպք պատմեց, լսել էր այլ բնակավայրում մի տարեց մարդուց.

«Մի երևանցի իմանալով որ փշատով ապուրը երեխայի փորացավին շատ է օգնում, որոշում է փշատ գտնի, իսկ փշատը որտեղից պետք է գտնի՝ Փշատավանից: Հարցուփորձով հասնում է Փշատավան ու տեսնում, որ փշատ չկա գյուղում ու սա դարձել էր հումորային նյութ թերթի համար: Հումոր է, բայց լացելու հումոր է մի քիչ, որ Փշատավանում փշատ չկա, էդ շատ տխուր է»:
Լիլիթն ու մյուս երիտասարդները որոշեցին փշատենիներ տնկել գյուղի մուտքի մոտ: Հեշտ կպնող ծառ է, ճյուղերը կտրեցին, դրեցին հողը, մի ճյուղ էլ իրենց բակում դրեց: Բակում ջրեցին, ծառն աճեց և արդեն բերք է տալու, իսկ ճամփեզի ճյուղերը չոռոգվելու պատճառով չորացան:

«Գյուղի սկզբում, Ջանֆիդայի կողմից եկող տարածքում դրեցինք, բավականին մեծ տարածություն էր՝ 500-600մ, սկզբում, գարնանը ջուր կար, ջրեցինք, նորմալ կպավ, հետո ջրի պրոբլեմ եղավ, չջրեցինք՝ մնաց, չորացավ»:
Երիտասարդները չեն հիասթափվել, նորից կտնկեն արդեն Լիլիթենց բակի փշատենու ճյուղերից, որպեսզի Փշատավանն առանց իր խորհրդանիշի` փշատենիների չլնինի։ Իսկ «1000 տարվա գյուղամեջ փառատոնն» էլ նոր հյուրերի ճանապարհը բացում է դեպի Փշատավան, որտեղ օրվա ընթացքում լսելի է սահմանի այն կողմից հնչող նամազի ձայնը։ Գյուղում հուսով են, որ մի օր իրենց համայնքում էլ եկեղեցի կկառուցվի եւ դրա զանգերը կխլացնեն սահմանից անդին նամազի հրավիրող ձայները՝ ազանը։




