ԿարևորՀասարակություն

Սարի թաղի առեղծվածն ու անօթևան մնացած բնակիչները

Սարի թաղի սողանքի հետեւանքով վթարային տների խնդիրը շարունակում է սպառնալ բնակիչներին և չի բացառվում, որ մի օր նրանք հայտնվեն փլատակների տակ։ Հնարավոր բոլոր ատյաններին դիմել են, սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Քաղաքապետարանում նշում են, որ վերաբնակեցման ծրագիր չկա, ու իրենք միջոցներ էլ չունեն դրա համար, կառավարությանն է պետք դիմել տվյալ հարցով։

Էրեբունու վարչական շրջանի ղեկավարն  լավատեղյակ է խնդրին, վերջերս էլ այցելել է թաղամաս ու համոզվել, որ արդեն փլուզման եզրին հայտնված տներ կան։ Որոշ ընտանիքների խնդիր ժամանակի ընթացքում լուծվել է, նրանք փոխհատուցում են ստացել։ Բայց այժմ արդեն ոչ պակաս օրհասական վիճակում հայտնված տներ կան։

«Ռադիոլուրն» է փորձել պարզել, թե երբ եւ ինչ լուծումների ակնկալիք կարող են ունենալ բնակիչները։

Երեւանի ամենահին թաղամասերից մեկի` Սարի թաղի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ 18 փողոցի տները փլուզվեցին, անգամ բնակիչներ մահացան: Կառավարությունը դեռ տարիներ առաջ մի քանի ընտանիքի ապահովեց բնակարանով: Բայց դրանով սողանքի գոտու խնդիրը չլուծվեց։ Սարի թաղի մի շարք տների բնակիչներ այսօր էլ ամեն գիշեր վախով են քնում։

Ամեն րոպե նրանց տունը կարող է փլուզվել։

Մի մասը վախից լքել են տները և ժամանակավոր այլ կացարան են գտել։ Բայց և կան բնակիչներ, որոնք ոչ միայն այլ կացարան չունեն, այլև հնարավորություն էլ չունեն տեղափոխվել այլ բնակարան։ Իրենց տան վթարային վիճակի մասին է ահազանգում Սարի թաղի 20 փողոցի 37 տան բնակիչ Վարդան Ավդալյանը: 12 հոգանոց ընտանիքը, որի 6 անդամներն անչափահասներ են, տեղափոխվել են այլ բնակարաններ։ Ճիշտ է, վարձով են ապրում, բայց գոնե ապահով քնում են։ Վթարային տնից ոչ մի կերպ չեն կարողանում դուրս բերել 75-ամյա տարեց հորը։ Նա պնդում է՝ իմ տունն է, ես ուրիշ տեղ չեմ ուզում գնալ ու չեմ գնա, ինչ լինում է, թող լինի։ Խնդիրը 4 տարի առաջ են սկսել նկատել, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Վարդանը։

«Փորձում էինք վերանորոգման աշխատանքներ կատարել։ Մինչ այդ փոքր անցքեր էին բացվել պատերի վրա։ Հասկացանք, որ վերանորոգումը չի փրկի։ Մի օր էլ պատահական նկատեցի, որ տան տակ ինչ որ անցք է բացվել, երկար փայտը մտցրեցի և հասկացա, որ տան ներքևում 3 մետր դատարկ տարածք կա։ Ու հիմա ճաքերն այն աստիճան են բացվել, որ այլևս չենք ուզում վտանգել մեր երեխաների կյանքը, ստիպված դուրս ենք եկել մի ամբողջ ընտանիքով։ ԱԻՆ փրկարար ծառայություն ենք մի քանի անգամ զանգել, եկել, տեսել են վիճակը։ Այսպես այլևս հնարավոր չէ։ Մենք փաստացի բնակարան ունենք, բայց չենք կարող բնակվել այնտեղ։ Ես նաև զինհաշմանդամ եմ։ Եթե չունենայի բնակարան, պետությունն ինձ բնակարանով կապահովեր։ Բայց հիմա ստացվում է, որ ես ունեմ բնակարան, որտեղ բնակվելը շատ ավելի վտանգավոր է»,- նշեց Վարդանը։

Վարդանը դիմել է թե քաղաքապետին, թե թաղապետին։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը հաստատեց․ տներ կան, որ իսկապես վտանգավոր են բնակության համար։ Ավելին՝ Սարի թաղի աղետալի վիճակի մասին նոր չէ, որ տեղյակ են պահել քաղաքապետարանին։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է տարածքն ու վթարային դառնալու պատճառները։

«Երկրաբանական ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դա ընդերքային ջրերի շարժն է, որը քանդում է տան հիմքերը»։

Խնդիրը տարիների վաղեմություն ունի և վարչական շրջանի ղեկավարն այժմ նոր գործընթաց է նախաձեռնել՝ փորձելով  խնդրի լուծման ուղիներ գտնել։

«Արդեն յուրաքանչյուր բնակչի հետ զրուցել եմ, նրանք  վարչական շրջան պետք է ներկայացնեն  տան սեփականության վկայականն ու սեյսմիկ եզրակացությունը։ Դրա հետ մեկտեղ զեկուցագիր եմ ներկայացնում Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետն էլ դրանք ներկայացնում է կառավարություն՝ հետագա ընթացքը որոշելու համար՝ կամ դրամական փոխհատուցում, կամ բնակարանի վերանորոգում։ Հիմնականում խոսքը 18 և 20 փողոցների տների մասին է՝ շուրջ 10 տուն»։

Խնդրին լավատեղյակ են նաև կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեում։ Հաշվի առնելով, որ սողանքային գոտում գտնվող վթարային բնակելի տների խնդիրը միայն սեփականատիրոջ միջոցների հաշվին լուծելն անհնար է, վարչապետի հանձնարարականով առաջարկվել է հստակեցնել նմանատիպ խնդիրներ ունեցող տների ցանկը և խնդրի լուծման առաջարկություն ներկայացնել։

Քաղշինից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ։ Միևնույն ժամանակ Սարի թաղում սողանքային երևույթների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաև վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները և համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է ԱԻՆ։

Թե երբ և ինչպես կլուծվի այս բնակիչների խնդիրը ժամանակն ու հանգամանքները ցույց կտան։ Մինչ այդ՝ բնակիչներին ոչինչ չի մնում, քան սպասել և հուսալ, որ մինչև բաղձալի խնդրի լուծումը իրենք փլատակների տակ չեն հայտնվի։

Կարդացեք նաև

Back to top button