
Ճանապարհաշինական ծրագրերը չեն դանդաղի. 251 կմ հիմնանորոգված եւ 87 կմ վերականգնված ճանապարհ՝ մինչեւ տարեվերջ
Տարեվերջին Հայաստանը կունենա 251 կմ հիմնանորոգված եւ 87 կմ վերականգնված ճանապարհներ: Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:
Կորոնավիրուսային իրավիճակը ճանապարհաշինական ծրագրերը չի կասեցնի կամ դանդաղեցնի՝ վերահաստատել է փոխնախարարը: Ոլորտը կառավարության համար առաջնայիններից է եւ նաեւ համավարակով պայմանավորված՝ սոցիալական ճգնաժամի հաղթահարման նշանակություն ունի:
Ճանապարահաշինական ոլորտը կառավարության գերակա ուղղություններից է: Հաշվի առնելով նաեւ համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մի քանի անգամ մատնանշվել են այն գործողություններն ու միջոցառումները, որոնք պետք է ներդրվեն՝ ծրագրերը լիարժեք ու ժամանակին իրականացնելու համար: Հիմա ամենաեռուն շրջանում ենք: Վերլուծություններ դեռ կարվեն, այդ թվում այն մասով, թե որքանով են աշխատանքներում ներգրավվել արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը․
«Պետք է արձանագրենք, որ այսպիսի բալանսավորված մոտեցումը հնարավորություն է տալիս իրականացնել այն պլանները, որոնք մենք նախանշել ենք մեզ համար: Որեւէ ծրագիր չի դադարեցվել, թեեւ՝ որոշ գյուղերում, որտեղ եղել են մուտքերի սահմանափակումներ եւ այլն, այդ կարճ ժամանակահատվածում որոշակի կասեցումն եր եղել են՝ պարետի որոշումներով զուտ այդ տարածքի սահմանափակումներով պայմանավորված: Մեծ հաշվով՝ ծրագրերի դադարեցումներ եւ խնդիրներ չունենք արձանագրված»,- ասաց Ղալեչյանը:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ճանապարհաշինական ծրագրերն իրականացվում են 10 մարզերում: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է սահմանամերձ տարածքների ճանապարհաշինությունը:
«Որովոհետեւ ճանապարհաշինությունը միայն ենթակառուցվածքային զարգացման ծրագիր չէ: Այն նաեւ հանգեցնում է աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ուստի՝ ամբողջական պլանում դա նաեւ կարեւոր է այդ ենթատեքստում»,- նշեց փոխնախարարը:
Այդ միտումն ու քաղաքականությունը շարունակական է լինելու նաեւ հաջորդող տարիների համար՝ հավելեց փոխնախարարը:
Պետական նշանակության ավտոճանապարհնրի հիմնանորոգման ծրագրի իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է շուրջ 21,6 մլրդ դրամ 10 մարզերում՝ շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարության ճանապարհահատվածների եւ թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նպատակով: Սրան զուգահեռ իրականացման փուլում են գտնվում շուրջ 31 կմ երկարությամբ ճանապարհահատվածները, որոնց աշխատանքները չեն ավարտվել 2019 թվականին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը տեղեկացրեց, որ այս պահին 2020 թվականի ճանապարհաշինարարական աշխատանքների համար ամբողջությամբ ավարտվել են մրցույթները եւ կապալառուների հետ կնքվել են համապատասխան պայմանագրերը:

«Ամբողջ ծավալով անցել ենք շինարարության մեկնարկի փուլ: Մոբիլիզացվել են շինարարական ընկերությունները: Առջեւում մեզ սպասվում են մեծածավալ շինարարական աշխատանքները՝ նախանշված բոլոր ծրագրերով, որոնք վկայակոչեցի»,-նկատեց Ղալեչյանը:
Այս տարի նաեւ կիրականացվեն շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ՝ փոխանցեց Քրիստինե Ղալեչյանը:
Կառավարությունը ճանապարհաշինությունն այս տարի հատկապես կարեւորում է այն տեսանկյունից, որ ոլորտը համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելուն ուղղված նշանակություն եւս ունի: Այս առումով՝ բավականին ջանքեր են ներդրվել, որ բոլոր նախանշված ծրագրերն իրականացվեն լիարժեք ու ժամանակին: Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը վստահեցնում է, որ որեւէ բան, սակայն, չի արվելու որակի հաշվին, ինչը կառավարության համար սկզբունքային ուղենիշ է:
«Այս տարի եւս լրացուցիչ կարեւորվել է որակի ցուցանիշների պահպանումը եւ ավելի բարձրացումը: Մենք նպատակադրված ենք առհասարակ մեր ներքին կարողությունների, ռեսուրսների, մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված լայնածավալ ծրագրեր իրականացնենք»,-ասաց փոխնախարարը:
Պետք է համառորեն գնանք այն նպատակին, որ մի օր, ի վերջո, հնարավորություն ունենանք արձանագրլու, որ Հայաստանում ճանապարհային ցանցը գտնվում է բարեկարգված վիճակում, երթեւեկության համար հարմարավետ եւ որ ամենակարեւորն է՝ անվտանգ, եզրափակեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:




