
ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկու անգամ երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17–ը ներառյալ: Որոշումը նախ ընդունվել է կառավարությունում, հետո հաստատվել ԱԺ–ում։ Մինչ հարցը քննարկվել է, խորհրդարանի շենքից դուրս՝ Բաղրամյան պողոտայում, ակցիա է իրականացրել իրավաբան–իրավապաշտպանների խումբը։
Խորհրդարանում վարչապետը խոսել է իրավիճակի, խնդիրների, նոր հանձնարարականների մասին, նաև նշել այն նախապայմանները, որոնց դեպքում արտակարգ դրությունը կհանվի։
Աշխարհն օգնության ձեռք է մեկնում
Վաղը հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու 10 բժիշկ։ Միջազգային հանրությունը Հայաստանին պատրաստ է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ մասնագիտական, կազմակերպչական հարցերից մինչև բժիշկների այցեր։
«Լիտվայի կառավարությունն է մեզ պատրաստ օգնել, նրանք էլ հաջորդ շաբաթ հավանաբար մեզ կայցելեն, կան նաև ՌԴ–ից ցանկություն հայտնած բժիշկներ՝ շուրջ 50 հոգի, որոնք նույնպես կայցելեն և տեղում կաշխատեն մի քանի շաբաթ։ Նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի հետ ենք բանակցությունների մեջ երկու տարբեր ուղղություններով ՝ բժշկական հատուկ իրավիճակների համար ստեղծված հատուկ թիմերի այցելության առումով։ Հավանաբար դա կլինի կամ լեհական թիմ, կամ Իսրայելից, որոնք մեծ փորձ ունեն, հիմա օգնում են տարբեր երկրներին։ Բայց այդ որոշումը դեռ վերջնական չի, նաև ժամկետների մասին ԱՀԿ–ի մասով տեղեկություն չկա»,- ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի իր բացատրությունը, թե ինչու է կառավարությունը երրորդ անգամ գնացել խորհրդարան՝ COVID-19–ով պայմանավորված արտակարգ դրությունը երկարացնելու առաջարկով։ Վերջերս նա իր խոսքում օգտագործել էր «դժոխային իրավիճակ» ձևակերպումը, առողջապահության նախարարը ներողություն էր խնդրել գործողություններում որոշակի հապաղումների համար։
Վիրուսն անծանոթ է, իրավիճակը՝ փոփոխական։ Վարչապետն իր անձնական փորձի վրա է զգացել՝ դիմակ կրելը իսկապես կանխարգելող է։ Ենթադրում է՝ ասիմպտոմ իր հիվանդության ժամանակ դիմակի շնորհիվ է, որ չի վարակել որևէ մեկին, առանց դիմակի շփվել է միայն ընտանիքի անդամների հետ։ Դա, ինչպես նաև միջազգային հանրությունից ստացվող ազդակները վկայում են՝ համավարակը կհաղթահարվի, եթե համատարած կիրառվեն պարետատան որոշումներն ու ցուցումները։

«Ո՞րն է եղել մեր ձախողումը և ողջ պրոբլեմն այս ընթացքում։ Մենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացուն չենք կարողացել կամ պարտադրել, կամ համոզել, որ պահի հակահամավարակային կանոնները։ Այսօր Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր խոսում են այն մասին, որ այս վարակը սարքած է, բլեֆ է, սուտ է։ Մեր միակ պրոբլեմն է դա։ Առողջապահությունը մինչև հիմա իր առաջ դրված խնդիրը լուծել է՝ հիվանդներին հնարավորինս որակյալ սպասարկել, հնարավոր ամեն ինչ արել նրանց կյանքը փրկելու համար։ Մեր պրոբլեմը առողջապահական համակարգից դուրս է, մեր խնդիրը, կներեք, մեր «բիսեդկաներում» է, մեր թաղերում է, մեր տներում է, մեր այգիներում է»,- ասաց վարչապետը։
Համավարակի պայմաններում հաջողված աշխատանքներից է համարվում խուճապի տարածման կասեցումը։ Այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում պարենային խուճապ էր սկսել և դատարկվում էին խանութները, Հայաստանն արտակարգ դրության այդ փուլը հաջողությամբ շրջանցեց։
Նոր որոշում․ վարչապետը հորդորում է սենսացիա չփնտրել
Արտակարգ դրության ժամկետը երկարացնելու հետ միաժամանակ գործադիրը ձեռնարկել է ևս մեկ նոր քայլ։ Այն վերաբերում է տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարին։ Ապատեղեկատվություն, որը վտանգում է հանրային առողջությունը․
«Խնդրում եմ իմ այս հայտարարությունից ոչ մի սենսացիա չսարքել ոչ մի պարագայում։ Այո, հանձնարարություն եմ տվել, որ ձևավորվի խումբ, որը կուսումնասիրի այդ ապատեղեկատվության աղբյուրները։ Արդյո՞ք այստեղ օտարերկրյա հատուկ ծառայությունները կապ ունեն, արդյո՞ք կարող է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող շրջանակներ և ուժեր գոյություն ունեն և արդյո՞ք կարող են լինել քաղաքական շրջանակներ կամ ոչ քաղաքական՝ կրիմինալ շրջանակներ, ովքեր իրենց նեղ շահերից ելնելով կարող են փողեր ծախսել ապատեղեկատվություն տարածելու համար։ Խումբ է ձևավորված, որը պետք է փորձի այդ հարցերի պատասխանները գտնել»։
Իրավապաշտպաններն՝ ընդդեմ արտակարգ դրության․ ակցիա՝ զարգացումով
Մինչ կառավարության անդամները խորհրդարանում ներկայացնում էին արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու պատճառներն ու հիմքերը, ԱԺ–ի շենքի մոտ՝ Բաղրամյան պողոտայում, իրարից հեռու կանգած իրավաբան– իրավապաշտպանները բողոքում էին շենքի ներսում քննարկվող հարցի առնչությամբ։
Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը համոզված էին՝ արտակարգ դրությամբ պայմանավորված օրենքները նման ակցիայով չեն խախտում․
Ռուբեն Մելիքյան. «Ճիշտ չի լինի սա որպես հավաք ձևակերպել։ Սա «միայնակ ակցիա» է, «միայնակ ակցիա» անցկացնողներ, վստահ եմ, էլի են լինելու այստեղ։ Շատ հստակ իրավապաշտպանական պահանջ ենք մենք այստեղ դնում՝ ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքվերի ազատությունը»։

Լարիսա Ալավերդյան. «Եթե դուք հիշում եք Գերմանիայում, Իսրայելում շախմատաձև կանգնում էին։ Մենք չդառնանք ծիծաղի առարկա»։
Իրավապաշտպանների ներկայացմամբ՝ իրենց պահանջը բխում է երկրի միջազգային շահերից, բայց Բաղրամյան պողոտայով անցնող ոչ բոլոր քաղաքացիներն էին համակարծիք իրավապաշտպանների հետ։ Ոստիկանությունն իր հերթին զգուշացրեց՝ խախտվում է «Արտակարգ դրության մասին» օրենքը։
Օրենքի պահանջները խախտելու համար ԱԺ–ի շրջակայքից բերման ենթարկվեց «միայնակ ակցիա» իրականացնող 4 քաղաքացի։
Ո՞ր դեպքում կհանվի արտակարգ դրությունը
2 նախապայման կա, որոնց դեպքում ՀՀ–ում արտակարգ դրությունը կարող է հանվել։ Առաջինը պատվաստանյութի կամ դեղամիջոցի ստեղծումն, երկրորդը՝ վիճակագրությունը․ եթե պարզվի, որ հակահամաճարակային կանոնների պահպանումը բերում է թվերի շարունակական նվազման՝ օրական 150, 100 և դրանից ցածր, ապա արտակարգ դրության երկարացման կարիք չի լինի։ Երրորդ տարբերակ գոյություն չունի, ասաց վարչապետը։




