
Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին ներգրավվելու համար Գերմանիայից Հայաստան վերադարձած բժիշկ-ռեանիմատոլոգ Արսեն Մանուկյանը քաղաքացիներին խնդրել է հուլիսի 18-ին Գերմանիայում որդու 1-ամյակին մասնակցելու հնարավորություն տալ:
Մանուկյանը նշել է, որ այդ հնարավորությունը կստեղծվի այն պարագայում, եթե հակահամաճարակային կանոնների համատարած պահպանմամբ կորոնավիրուսի համավարակը հետզարգացման զգալի տեմպ արձանագրի:
«Մայիսի վերջին կարդացի Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ պահանջվում են մասնագետներ, հասկացա, որ ենթագիտակցության մեջ արդեն ունեմ կայացրած որոշում: Քննարկեցի նաև կնոջս հետ և իմացա, որ նա նույնպես կողմ է, պատրաստ է անհայտ ժամկետով միայնակ մնալ տանը, աշխատել և խնամել 10 ամսական որդուս: Գնեցի ինքնաթիռի առանց հետադարձի տոմս դեպի Երևան, իսկ հաջորդ օրն առավոտյան միացա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թիմին: Հուլիսի 18-ին որդիս՝ Լևոնը կդառնա 1 տարեկան, հուսով եմ, որ մինչ այդ՝ կանոնների համատարած պահպանման հետևանքով, համաճարակի հետզարգացման այնպիսի տեմպ կունենանք, որ ես կկարողանամ վերադառնալ ընտանիքիս մոտ և մասնակցել որդուս առաջին տարեդարձին: Խնդրում եմ՝ բոլորդ օգնեք ինձ այդ հարցում»,- ասել է Արսեն Մանուկյանը՝ ավելացնելով, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անձնակազմն օր ու գիշեր պատվով ու մեծ պրոֆեսիոնալիզմով կռիվ է տալիս մահվան դեմ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արսեն Մանուկյանին կայացրած որոշման, ինչպես նրա ընտանիքին՝ այդ որոշմանը համաձայնություն տալու համար։




