ԿարևորՀասարակություն

Շաբաթ օրը Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը դուրս կբերվի

Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին դուրս է բերվելու Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է Մաղթանք մեր հայրենիքի և մեր ժողովրդի համար:

«Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետևելու առցանց»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ պարբերաբար գումարվում է եպիսկոպոսների ժողով, որի ընթացքում քննարկվում են համավարակի հաղթահարմանն ուղղված կարնխարգելիչ միջոցառումների շրջանակներում Եկեղեցու անելիքները և ծրագրվում բոլոր անհրաժեշտ քայլերը, ցուցումներ տրվում թեմերի առաջնորդներին և բոլոր եկեղեցականներին իրենց հովվական առաքելության առնչությամբ՝ նկատի ունենալով եկեղեցական ծիսակարգի և կանոնների բոլոր առանձնահատկությունները, նաև մշտական հորդոր հնչեցնելու՝ ստեղծված բարդ իրավիճակում հետևելու պետական կառույցների սահմանած կանոններին:

«Մնացյալ որոշումների վերաբերյալ նույնպես մեր հավատավոր ժողովուրդը ժամանակին պատշաճորեն կիրազեկվի: Թող բոլորը վստահ լինեն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի կողմից իրականացվում է և կարվի ամենը մեր ժողովրդի հավատի զորացման ու լավատեսության ոգու ամրության, մեր ժողովրդի զավակների բժշկության, աշխարհում խաղաղ ու բարօր կյանքի վերականգնման համար»,- նշել է Վահրամ քահանա Մելիքյանը:

https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3089243074472284

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը:

Կարդացեք նաև

Back to top button