ԿարևորՀասարակություն

Ինչպես կազդի հարկադիր արձակուրդն ուսումնական պրոցեսի վրա

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունները փակ կլինեն,  նախակրթարաններում, դպրոցներում և բարձրագույն հաստատություններում ուսումնական պրոցեսը կդադարեցվի։

Վարչապետ նշել է, որ անհրաժեշտության դեպքում արձակուրդը կերկարաձգվի։ Ինչպե՞ս կազդի հարկադիր արձակուրդը ուսումնական պլանի վրա։ Արդյո՞ք ժամանակը չէ մտածել հեռավար ուսուցում իրականացնելու մասին։  

Եթե դասերը մարտի 23-ին վերսկսվեն, աշակերտներն ուսումնական ծրագրից հետ կմնան ընդամենը 6 օրով, ինչն այնքան էլ դժվար չի լինի լրացնել, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

«Դասերը կարելի է տարբեր ձևերով լրացնել։ Մեկը՝ շաբաթ օրերը դաս անելով, մյուսը՝ ուսումնական տարին մեկ շաբաթ ուշ ավարտելով։ Տարբեր լուծումներ կան, բայց  չի բացառվում, որ արձակուրդն ավելի երկարաձգվի։ Իհարկե նման իրավիճակներում լավագույն լուծումը հեռավար ուսուցումն է, ու երևի թե սա առիթ դառնա, որ մենք սկսենք զարգացնել հեռավար ուսուցման մեխանիզմները մեր երկրում»,- ասաց փորձագետը։ 

Նա կարծում է, որ հարկադիր արձակուրդը շատ ավելի լուրջ խնդիր է բուհերի ուսանողների համար։ Բուհերը,  ի տարբերություն դպրոցների, գարնանային արձակուրդ չեն ունեցել ու ընդամենը մի քանի օրից էլ մեկնարկում են միջանկյալ քննությունները։

 «Բուհերն արդեն մեկ շաբաթ հետ են մնացել ծրագրից։ Եվս 6 օր էլ հիմա կգումարվի, մարտի վերջին,  ապրիլի սկզբին միջանկյալ քննություններն են։ Այս իմաստով խնդիր կա։ Բայց հաշվի առնելով, որ որպես կանոն մեր ուսանողների մեծամասնությունը սկսում է սովորել քննությունից 2 օր առաջ, այս առումով ուսանողները դեռ կհասցնեն քննություններին պատրաստվել», –նշեց Սերոբ Խաչատրյանը։

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև նշեց, որ հանձնաժողովն այդ ընթացքում՝ մարտի 18–ին, 19–ին ևս մեկ անգամ կանդրադառնա այդ թեմային․ եթե անհրաժեշտություն լինի, արձակուրդը կրկին կերկարաձգվի։ Կրթության նախարարությունում ևս հետևում են իրադարձություների զարգացմանը։ Քննարկումների արդյունքում դասերից հետ չմնալու լուծումներ կառաջարկվեն։

Կարդացեք նաև

Back to top button