
Համայնքների խոշորացման ծրագիրը և ուղեկցվող խնդիրները սկսվել են դեռ նախորդ իշխանությունից և շարունակվում են մինչ այս պահը։ Հայաստանի խոշորագույն ռեֆորմ համարվող գործընթացը դեռ ավարտված չէ։ Գործող իշխանությունն այսօր փորձում է մի քիչ վերափոխել խոշորացման ընթացքը՝ պարզելով նախկինում թույլ տված սխալները և փորձելով լուծել դրանք։
Այսօր խորհրդարան էին հրավիրվել Հայաստանի մեծ և փոքր համայնքների ներկայացուցիչները և ՀԿ ղեկավարները։ Քանի որ խորհրդարանի օրակարգում է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, օրենսդիր մարմնում ցանկացել են լսել օրենքի բուն մասնակիցների կարծիքը։
Հայաստանի ամենախոշոր ռեֆորմներից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։ Ծրագիրը սկսել է դեռ նախորդ իշխանությունների օրոք և ավարտին է մոտենալու 2021 թվականին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, որ աշխատել է հին և նոր իշխանությունների ժամանակ, այսօր ընդունում է եղած սխալները։
«Սխալներ, իհարկե, եղել են։ Սա մեր երկրում իրականացվող ամենամեծ ռեֆորմներից մեկն է։ Պետք է շտկե՞նք։ Իհարկե, պետք է շտկենք։ Բայց շտկելու համար մեզ պետք է բավարար ժամանակ, որպեսզի հասկանանք, գնահատենք այդ սխալները, որոնք են եղել»,– ասաց Վաչե Տերտերյանը։

Վայոց ձորի Շատին համայնքը, օրինակ, հրաժարվում էր ժամանակին միանալ Եղեգիսին։ Բնակչության կարծիքն այդպես էլ հաշվի չառան։ Արենի համայնքը խոշորացված է, բայց մինչ այժմ չունի մանկապարտեզ։ Նորաշեն համայնքում էլ չեն կարողանում կյանքի կոչել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու կառավարության որոշումը։
Նորաշեն համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը և Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներն այսօր հասել էին ԱԺ՝ խոշորացումից առաջ և հետո ունեցած խնդիրները ներկայացնելու համար։ Դժգոհությունների մի մասը առնչվում էր ավագանու աշխատանքին։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գիտակցում է՝ առաջ շարժվելու և զարգանալու համար խոշորացումը անհրաժեշտ է, բայց այս փուլում նա ընդդիմախոսների կարծիքն է ներկայացնում․ «Այս խոշորացման գործիքով կույր փորձարկումների ճանապարհով փորձել երկրի վարչատարածքային լանդշաֆտը փոխելը` լավագույն ձևը չէ։ Փոփոխություններ անել ոչ թե խոշորացման գործիքով, այլ մեկ որոշմամբ` երկիրը նոր վարչատարածքային համակարգ բերելով։ Մենք պետք է նկատի ունենանք նաև մարզային կառուցվածքը, դրանց ճակատագիրը, ինստիտուցիոնալ կոնֆլիկտները բոլոր մակարդակներում և այլն»։
Համայնքների խոշորացումը, ի դեպ, ինքնանպատակ չէ, դրանից հետո հաջորդ փուլով նախատեսվում է ապակենտրոնացում։ Իսկ դա նշանակում է շատ ավելի մեծ լիազորություններ։

ԱԺ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյան․ «Դա վերաբերում է և գործառույթներին, և ֆինանսներին։ Մենք զուգահեռ քննարկում ենք նաև ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրության փոփոխությունների հնարավորությունները։ Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մենք կփորձենք համայնքների հետ աշխատել շատ ավելի նպատակային, մենք սուբվենցիոն ծրագրերով կուժեղացնենք համայնքների կապիտալ հնարավորությունները, ապա՝ դոտացիայի կամ ֆինանսական համահարթեցման միջոցով նոր աղբյուրներ պետք է տրամադրվեն։ Մեր հիմնական նպատակն այն է, որ կարողանանք ավելի լավ ծառայություններ մատուցել բնակիչներին՝ միաժամանակ հարգելով մարդկանց տեղական ինքնակառավարման իրավունքը»։
Տարբեր համայնքների ներկայացուցիչներ այս պահի դրությամբ վախվորած են մոտենում մեծ հնարավորությունների հեռանկարին։ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ ավագանու անդամ Արամ Մանուկյանի պատկերացմամբ, օրինակ, մեծ հնարավորությունները մեծ չարաշահումների վտանգ են պարունակում։ Գեղամասար միավորված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, սակայն, սեփական փորձով գիտի՝ ինչ կարելի է անել ավելացված գումարներով։
Այս բոլոր պատմությունները խորհրդարանում էին ներկայացվում, քանի որ օրենսդիր մարմնում այժմ գտնվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենսդիր և գործադիր իշխանությունները փորձում են գտնել մի կարևոր խնդրի լուծում, որը գրեթե բոլոր համայնքներում մնացել է խոշորացումներից հետո։ Խնդիրը, այսպես կոչված «պապական» հողերի մասին է, որոնք մնացել են այս կամ այն համայնքից դուրս և այսօր դրանց օգտագործումը վիճահարույց է։ Իշխանությունը խոստանում է լուծել նաև այս խնդիրը։ Ընդհանուր առմամբ` 2021 թվականին համայնքների խոշորացումը Հայաստանի ամբողջ տարածքում պետք է ավարտված լինի։




