ԿարևորՀասարակություն

Ճանապարհային երթևեկության կանոնները պետք է սերտել դպրոցում

Փորձ է արվում  դպրոցներում վերականգնել նախկինում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման պրակտիկան․ թեմային նվիրված խորհրդարանական  լսումների ժամանակ այս մասին հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Արդեն մշակվել և հավանության են արժանացել  կրթական թեմաները, առաջիկա ամիսներին նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում։

Տարեցտարի  հանրապետությունում ավելանում է տրանսպորտային միջոցների քանակը, դրան զուգահեռ՝  ճանապարհների երթևեկության լարվածությունը։  Սա էլ մեծացնում է ճանապարհային երթևեկության կանոններին ավելի խստորեն  հետևելու պահանջը:

Ըստ վիճակագրության՝ երեխաների, մասնավորապես, դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը վերջին տարիներին  աճել է, ինչը, ըստ պատասխանատուների,  հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության կամ դրանց կարևորությունը չգիտակցելու հետևանք է:

ԿԳ նախարարի հրամանով  ճանապարհային երթևեկության կանոնների դասավանդումը տարրական դպրոցում արդեն մի քանի տարի է  իրողություն է, և որպես երաշխավորված ուսումնական նյութ կամընտրական սկզբունքով դասավանդվում է Հայաստանի ուսումնական հաստատություններում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Գալստյանը։

ՃՈ կանոնների դասավանդումը դպրոցներում կարևորում են  հատկապես ՃՈ-ում։ Պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, անդրադառնալով ուսումնական ծրագրին,  նշում է, որ այն մշտապես իրենց քննարկման կենտրոնում է, մշակվել են կրթական գործընթացի թեմաները, հավանության են արժանացել, առաջիկա ամիսներին նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում։

Անվտանգ երթևեկության կանոնների դասավանդման պահանջարկն ու կարևորությունը միշտ էլ ընդգծվել է հանրակրթությունում, բայց այն պարտադիր առարկա դարձնելու քննարկումներ դեռևս չկան, նկատեց Տիգրան Գալստյանը։ Թեև չի բացառում, որ այդ օրն էլ գա։

«Այժմ մենք հանրակրթության չափորոշիչներն ենք փոխում, և մասնագիտական խմբեր կան, որոնք աշխատում են։  Երբ նախագծային տեսքով դրանք հրապարակվեն, ըստ անհրաժեշտության հնարավոր է նաև քննարկել ճանապարհային անվտանգության կանոնների ուսուցմանը վերաբերող որոշակի  բաղադրիչներ, որոնք հետագայում հնարավոր է տեղ գտնեն ուսումնական նյութերում»։

Գերատեսչությունում կարծում են, որ ՃՈ կանոնները դպրոցում պետք է դասավանդեն դասվարները,  բայց ՃՈ աշխատակիցների մասնակցությունը դասապրոցեսին պարտադիր է։ Այն միջնակարգ դպրոցներում, որոնցում ավագ դասարաններում ուսուցանվում է ավտոգործը,  աշակերտների միջավայրում անվտանգ երթևեկության արտադասարանական աշխատանքի կազմակերպման համար նպատակահարմար է օգտվել ուսուցիչների և ավտոգործի ուսուցիչների խորհուրդներից:

Նաև կարծում են, որ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ:

Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով: Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում, հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը, երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները:

Կարդացեք նաև

Back to top button