
Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր։ Ինչպես հայտնեւմ են ՀՀ կառավարությունից, առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:

Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները, այս մասին էլ ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Աշխարհում կորոնավիրուսի՝ ժամանակի ու տարածության առումով, զարգացման միտումների մասին արագ ու հեշտ տեղեկատվություն կարելի է ստանալ Preventepidemics.org կայքից: Այն վիրուսի և դրա գլոբալ ազդեցության ժամանակին, ճշգրիտ և հասկանալի տեղեկատվության հիմնական աղբյուրն է:
PreventEpidemics.org կայքը տրամադրում է երկրների մակարդակի տեղեկատվություն` համաճարակային պատրաստվածության վերաբերյալ, հստակ ցույց տալով, թե որքան է պատրաստ երկիրը գտնել, դադարեցնել և կանխել նոր հիվանդությունների սպառնալիքները` ներառյալ COVID-19-ը:
Ինտերակտիվ քարտեզը թույլ է տալիս օգտվողներին տեղեկություն ստանալ բռնկումների, միջազգային թռիչքների վերաբերյալ: Պատրաստվածության առաջնահերթությունը կյանքեր փրկելն է` սահմանափակելով համաճարակների ազդեցությունը տնտեսության վրա:
Այստեղ նկարագրվում են արձագանքման միջոցները` COVID-19 հիվանդության զսպման և մեղմացման առումով: Բռնկման սկզբից պետք է ձեռնարկել գործողություններ, որոնք օգնում են նվազեցնել հիվանդության տարածումը և արդյունավետորեն բուժել վարակվածներին:
Վարակից պաշտպանվելու պատրաստվածության աստիճանով (ReadyScore) Հայաստանն ունի 90 միավոր ու աշխատում է ավելի բարելավել դիրքերը: Առավել լավ պատրաստվածության ցուցանիշը 80 և ավելի բարձրն է:
Ըստ Preventepidemics.org-ի` վարակի կանխարգելման գործում Հայաստանի ուժեղ կողմերն են միջազգային սանիտարական համաձայնագրի համակարգումը, հաղորդակցությունը, կապը, պաշտպանությունը, կենդանական ծագմամբ հիվանդություններին դիմագրավումն ու անվտանգ սնունդը:
Հայաստանի թույլ կողմերից է միայն հակամանրէային դիմադրությունը, ինչը պարտադիր պետք է առաջնահերթություն դառնա՝ վարակը հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար:
Հարթակը գրում է, որ համաճարակից պատրաստվածությունը չի վերաբերում միայն մեր երկրին. դա համաշխարհային խնդիր է: Այս դիտարկմամբ՝ ներկայումս Հայաստանը պատրաստ չէ համաճարակին: Ինչ կպատահի, եթե համաճարակ բռնկվի հարևան Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում:
ReadyScore աղյուսակում Վրաստանը 57-ն է, Ադրբեջանում սպասողական վիճակ է, Իրանի ու Թուրքիայի վիճակը դեռևս անհայտ է:
Ըստ քարտեզի` Հայաստանը 7-րդ տեղում է:




