
Եղն ու բրինձը հազրել ու սպասել էին բարեկենդանին, նա էլ չէր չուշացել, հասել էր Թեղենիք իր հետ տանելով հարյուրավոր մարդկանց և դհոլ զուռնայով, երգ ու պարով՝ կենդանություն պագևել գյուղին: Բարեկենդանի հիմնական միջոցառումները կազմակերպվել են Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի կառուցած Սրբոց Նահատակած եկեղեցու բակում:
Բարեկենդանի տոնակատարությունը սկսվեց լավաշի թխման տեսարանով, թոնիրը կարմրել էր, շուրթին՝ լավաշներ ծաղկել: Հաց թխողն էլ զգուշացնում էր՝ լավաշը պետք է 7 հատ թխել, հետո վերցնել, ուտել: Սա ժողովրդական սովորույթ է: Գյուղի կենտրոնում հավաքված տոնի մասնակիցները շուրջպար էին բռնել, թատերական ներկայացումներ ցուցադրել:
«Բարեկենդանը տոն է, ուրախություն, կարևորը ավանդույթները չեն խախտվում, ես շատ եմ հարգում մեր հայկական ավանդույթները: Երևանից ենք եկել, որպեսզի տոնին մասնակցենք»:
«Մենք Մեղրաձորից ենք: Բարեկենդանից հետո սկսվում է Մեծ Պահքը, պատրաստում են Պաս պապիկը, որը, ըստ ավանդության, երդիկից են կախում, տան մեջտեղից և Պաս պապիկը հսկում է, որ ոչ մեկը չխախտի պահքը»:
Բարեկենդանի տոնի մասնակիցները հագել էին դիմակները, վերցրել ակլատիզները, իսկ գլխավոր կերպարներ Ուտիս տատն ու Պաս պապը շերեփն ու փայտն առած շարունակական կռվի մեջ էին մինչև տոնի ավարտը: Թեղենիքի բնակիչներն այս ուրախ տոնին իրենց բակերում բացել էին ազգային կերակուրներով լի սեղաններ՝ հալվա, գաթա, փոխինդ, ընկույզ, ավելուկով ուտեստներ.
«Մեծ ուրախությամբ ենք պատրաստել, ուրախ ենք, որ նման նախաձեռնություն է եղել, մարդիկ իմացան Թեղենիքի տեղը: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն»:

Բարեկենդանի տոնը բարի կենդանություն պարգևեց Թեղենիք գյուղին, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նույնպես մասնակցում էր տոնին: Նա հույս հայտնեց, որ Թեղենիք այցելած հյուրերը կրկին կգան գյուղ՝ վայելելու անարատ բնության բարիքները.
«Առանձնահատուկ կարևորում եմ մեր ժողովրդական տոնախմբության կազմակերպումը գյուղում: Այս տոնախմբությունը մասնավորապես գյուղում առկա գրավչությունները տուրօպերատորների ուշադրության կենտրոն բերելն էր և հանրության ուշադրությունը դեպի Թեղենիք սևեռելն էր: Բարի, ուրախ Բարեկենդան բոլորիս»
Բարեկենդանի տոնը Թեղենիքում անցկանելու մտահղաղցումը «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի հեղինակ-կազմակերպիչ Կարինե Փանոսյանինն էր, որը «Կեան» մշակութային կենտրոնի հետ իրագործեց գաղափարը.
«Սա այն համայնքներից մեկն է, որն ունի մեծ պոտենցիալ, բայց դեռևս զբոսաշրջությունն այստեղ զարգացած չէ: Քանի որ այստեղ նպատակ ունեն տուրիզմ զարգացնել, մենք որոշեցինք այստեղ հիմնավորվել և արդարացան մեր սպասումները»:
Բարեկենդանը խորհրդանշում է դրախտում Ադամի ու Եվայի ունեցած երջանիկ կյանքը մինչև բարու և չարի ծառի պտղի ճաշակելը: Բարեկենդանի տոնին մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից՝ խաղաղության: Թեղենիքի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպ քահանա Հագեյան. «Բարեկենդանի հոգևոր խորհուրդը բարի կենդանությունն է մեր նախահայր Ադամի և Եվայի դրախտում եղած ժամանակահատվածը, և հաջորդիվ գիտենք, մեղքի ճաշակմամբ մարդը ընկավ հոգևոր արթնությունից: Բարեկենդանը նախորդում է Մեծ Պահքին»:
Բարեկենդանի ավարտին Ուտիս տատը գլորվեց ձորն ու եկավ Պաս պապը, իսկ այսօրվանից սկսվեց Մեծ Պահքը:
Ձեզ՝ Բարեկենդան, Մեզ՝ բարի Զատիկ:




