
Այսօր մի քանի ժամ գործադուլ էին հայտարարել Երևանի մոտ 10 երթուղի սպասարկող երթուղայինների վարորդները։ Բարձրացել է նրանց օրավարձը, լիցքավորվող գազի համար ավելի շատ գումար են վճարում։
Վարորդները դժգոհ են խցանումներից, տուգանքներից ու ոչ միայն։ «Եթե խնդիրները հնարավոր լիներ լուծել մեկ ժամում, կլուծեինք կես ժամում»,– հայտարարել է վարորդների հետ հանդիպման եկած Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Էդգար Գալստյանը։ Վարորդները վերադարձել են երթուղի, սակայն ժամանակավոր, ասում են։
Թիվ 1, 12, 10, 19, 21, 34 և մի շարք այլ երթուղիներ սպասարկող վարորդներն այսօր առավոտից գործադուլ էին հայտարարել։ Ավելի քան 150 մեքենա այսօր երթի դուրս չէր եկել։ Երևանում քաղաքային տրանսպորտի մոտ 10 երթուղի սպասարկող հասարակական տրանսպորտի վարորդները մի քանի ժամ իրենց բողոքն էին արտահայտում։
Նրանք պահանջում են լուծել քաղաքում առկա` այդ թվում Արարատյան մաքսատնից դուրս եկող մեծ բեռնատար մեքենաների պատճառով առաջացող խցանումների, գազի գնի, տուգանքների և այլ հարցեր:
«27 հազար գումար է կազմում մեր ծախսը։ Չենք կարողանում վճարել»։
Վարորդներն իրենց սոցիալական խնդիրներն էին մատնանշում, դոտացիաներ, արտոնություններ ակնկալում, պահանջում Երեւանն ազատել կարմիր գծերից։ Դժգոհում էին՝ կանգառ մտնելը բարդ է, ուղևորներն էլ տարբեր, ոչ հարմար տեղերում են կանգնում․
«Երրորդ շարքը թող հանեն, եթե ես քշեմ, առաջին, երկրորդ շարքով, առաջին շարքը կարմիր գծերն են, երկրորդը՝ խցանում է, երրորդն ասում են՝ տրանսպորտը իրավունք չունի կանգնելու։ Կրակն ենք ընկել մենք հիմա։ Կանգառ էլ չենք կարողանում մտնել»։
Իրավիճակից դժգոհ է նաև երթուղիները սպասարկող ընկերության՝ «Երևանի Մուատ»-ի տնօրենը։ Ուղևորահոսքը նվազել է, գները բարձրացել են, ստիպված են բարձրացնել օրական վճարը` ասում է։
«Ամեն ինչի ծախսերը շատանում են, մուտքերը նվազում են։ Կամ պետք է ձեռնարկությունը փակվի, կամ սպասենք, տեսնենք ինչ կլինի»։

Վարորդներին աշխատանքի գնալու հորդորով էր եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Էդգար Գալստյանը։ Հայտարարեց՝ եթե հնարավոր լիներ մեկ ժամում լուծել խնդիրը, կլուծեին կես ժամում․
«Խնդրում եմ այս ընթացքում քշեք, մինչև մաքսիմում տասը օրվա ընթացքում պատասխանները կլինեն։ Մենք ձեր ղեկավարության հետ պայմանավորվել ենք»։
Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց Երևանի քաղաքապետարանը։ Մայրաքաղաքի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և ընկերության միջև ձեռք բերված ժամանակավոր պայմանավորվածության համաձայն, մինչև առաջացած հարցերի հետագա ճշգրտումը, երթուղիների բնականոն գործունեությունը ժամը 11:30-ին վերականգնվել է` ասված էր հաղորդագրության մեջ։




