ԿարևորՄշակույթ

Կարեւորը կարդալն է, ոչ թե ինչ կարդալը

Գրականագետները հայ քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս կարդալ  Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը», Գուրգեն Խանջյանի՝ «Ներս ու դուրս» գրքերը, և ընդհանրապես, կարդալ:

Գիրք նվիրելու օրն է առաջիկայում՝ Թումանյանի ծննդյան օրը, որը իսկապես սիրվեց ու ամեն տարի իրական տոնի է վերածվում։

Լավ գրքերը սեղանին չեն մնում, հրատարակիչները բաց են նրանց առաջ, սոցիալական ցանցերն էլ ներկայանալու հրաշալի հարթակ են։

Մեկ-երկու լրագրողի ներկայությունը գրականությանը նվիրված ասուլիսին անկեղծորեն զարմանցնում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանին, որովհետև, ինչպես նկատում է՝ վերջին ամիսների մեր լրահոսն ու, առհասարակ, հասարակական հետաքրքրությունների շրջանակը բացարձակապես գրական չեն։ «Մենք գործ ունենք խիստ քաղաքականացված հանրույթի հետ, և այս մթնոլորտում գրականության մասին խոսելը թվում  է՝ անգամ անհարմար է,  անհետաքրքիր ու ոչ մոդայիկ»,-ասում է Նիկողոսյանը։

«Տասնյակ տարիների աշխատանքը, որ տարվել  էր հասարակությանը դեպի գիրքը բերելու, գրական հարթակները ակտիվացնելու առումով, վերջին ամիսներին կարծես հետընթաց է ապրում։ Նկատի ունեմ նաև մամուլի անդրադաձները։  Գալով գիրք նվիրելու օրվա ավանդույթին, անգամ այս հոռետեսական հատույթի մեջ, ուզում եմ նշել, որ վերջին տարիներին այդ օրը իսկապես տոն է դարձել Հայաստանում»։

Ըստ Նիկողոսյանի, մարդիկ այսօր ոչ միայն սիրով գիրք են նվիրում, այլև սիրով գումար  են վճարում  գրքի համար, իսկ դա կարևոր ցուցիչ է։ Որպես նաև հրատարակչական աշխարհի ներկայացուցիչ, վստահեցնում է՝ հրատարակչությունները բաց են ցանկացած լավ գրողի առջև։ Երիտասարդ գրողները ներկայանալու խնդիր չունեն Հայաստանում։ Ցանկացած լավ տեքստ, անգամ՝ տանելի տեքստ, հրատարակվում է»,-ասում է Նիկողոսյանը։

Ներկայանալու հրաշալի հարթակ են նաև սոցիալական ցանցերը։ Այս հարթակում ընթերցասերներին հայտնի է հատկապես «Գրանիշ» գրական կայքը։ Կայքին հասցեագրված հազարավոր նամակները կարդում  ու գրական անցուդարձը վերլուծում է գրականագետ Հասմիկ Հակոբյանը։

Ասում  է՝ երիտասարդների շրջանում որակյալ թարգմանական գրականության խնդիր ունենք։

 «Թարգմանիչ պատրաստող ուսումնական հաստատությունները գուցե լավ լեզու են սովորեցնում, բայց   լավ թարգմանիչներ չեն պատրաստում , գործնական թարգմանական արվեստ չեն անցնում։ Կարդում եմ տեքստը, տեսնում եմ, որ հայերեն է գրված, բայց այդ հայերերնը ես չեմ հասկանում։ Կարծում եմ այս առումով պետք է քայլեր արվեն»։

«Մեր իրականության մեջ ոչ միայն գրականությունը, առհասարակ՝ ժամանակակից արվեստը, «խորթի» կարգավիճակում է։  Այստեղ  աշխատանք կա անելու, բայց ոչ մեկօրյա ֆլեշմոբի տեսքով, այլ հիմնավոր, կրթական հաստատությունների մակարդակով։ Մարզերում դասական գրականությունից զատ ոչինչ չգիտեն, որովհետև գրադարաններում անմխիթար վիճակ է»,-ասում է Հասմիկ Հակոբյանը։

Իսկ ի՞նչ պատկեր ունենք մայրաքաղաքի գրադարաններում ու գրախանութներում․ ի՞նչ են կարդում մարդիկ, ո՞ր գրքերն են ամենից արագ սպառվում, հավանաբար՝ ոչ միայն «Թքած ունենալու» արվեստը։  Լրագրողի հարցին Արքմենիկ Նիկողոսյանն է արձագանքում.

«Շատ մարդիկ «Թքած ունենալու արվեստը» գնելու կամ Նիկոլ Փաշինյանի անցյալ տարվա այդ բումը առաջացրած գիրքը գնել ու համար մտան խանութ։ Այդ փաստերը ես գնահատում եմ։ Իսկ, ընդհանրապես, մեր ընթերցողը  շատ, շատ յուրահատուկ է․  վախենում է գլոբալ նորություններից , ավելի շատ հանրային, ծանոթ անուններն ու գրքերն են նրանց գրավում, քան նորությունները։  Պաոլո Կոելիոն, Քամյուն, Ռիչարդ Բախը այսօր ամենապահանջված հեղինակներն են»։

Ոչ գրական այս մթնոլորտում գրականագետները հայ քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս կարդալ  Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանը», Գուրգեն Խանջյանի՝ «Ներս ու դուրս» գրքերը։ «Լավ գրքեր կան, ընդհանրապես, պետք է շատ կարդալ»,-ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։

 «Կարդալը լավ բան է ընդհանրապես, օգնում է չշփանալ, չպարփակվել սեփական հաջողությունների մեջ, չկտրվել տարբեր բաներից»։

Գրականագետը հավելում  է՝ այսօր շատ ավելի կարևորում եմ կարդալու  փաստը, քան՝ ինչ են կարդում։

Կարդացեք նաև

Back to top button