ԿարևորՀասարակություն

Արծվանիկի պոչամբարի ազդակիր համայնքի բնակիչները բողոքում են

Արծվանիկի պոչամբարի ազդակիր համայնքի բնակիչները բողոքում են, որ սոցիալական ծրագրեր իրականացվում են, սակայն բնակիչների կարծիքները հաշվի չի առնվում։ Ինչպե՞ս է համայնքապետարանն իրականացնում ազդակիր համայնքների կարիքների գնահատում և ինչ սկզբունքով։

Արծվանիկի պոչամբարի ազդակիր համայնքի բնակիչները բողոքում են, որ սոցիալական ծրագրեր են  իրականացվում, սակայն իրենց կենսապայմանները դրանցից  չեն բարելավվում։ Սևքար, Արծվանիկ և Չափնի գյուղեր ամեն ամիս ստանում է ամեն բնակչի համար 40 000 դրամ փոխհատուցում։

Աճանան գյուղը պոչամբարից  500  մետր հեռու է, սակայն ավելի քիչ են  ֆինանսավորվում։ «Կանաչ Հայաստան» ՀԿ տարածած տեսանյութում բնակիչները նշում են, որ  որպես  սոցիալական ծրագիր ԶՊՄԿ-ն գյուղում ցանկանում է ոռոգման ջուր քաշել, սակայն գյուղացիները պնդում են, որ իրենց ոռոգման  ջուր պետք չի, քանի որ հող չունեն, մանկապարտեզ է կառուցվում, մինչդեռ երեխաներ չկան և այլն։

Կապանի համայնքապետ  Գևորգ Փարսյանը նշեց, որ մասնակցել է  հանդիպումներին, առանձնացվել են առաջնային լուծում պահանջող խնդիրները․

«Էտ դպրոցում 80-ից ավել երեխա է սովորում, իսկ մանկապարտեզի տարիքի 7-8 երեխա կա, դա համայնքային միջոցներով ծրագիր է, ուզում ենք այլընտրանքային նախ ուսումնական հաստատություններ ստեղծել։ Ոռոգման ցանցն էլ շատ կարևոր պրոյեկտ է, այդ գյուղում մոտ 100 մարդ է ապրում , շատերը հողեր ,այգիներ ունեն, մշակում են, առանց ջրի ո՞նց բերք ստանան»։

Թե ինչպե՞ս է իրականացվում կարիքների  գնահատումը և ինչո՞ւ հաշվի չեն առնվում բնակիչների պահանջները, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանը  տեղեկացրեց, որ անձամբ է հանդիպել բնակիչների հետ և լսել կարիքները․

«Համագործակցում ենք ազդակիր համայնքների հետ։ Ես անձամբ եմ հանդիպում, համագործակցում ենք նաև համայնքապետարանի հետ։ Լսում ենք նրանց կարիքները, որոնք տարբեր են։ Օրինակ՝ անցած տարի հանդիպել ենք Աճանան գյուղի բնակիչների հետ, մարդիկ առաջնային են համարել դպրոցի ջեռուցման, ոռոգման ցանցի, աշխատատեղի հարցերը, որոնք մենք լուծում ենք և արձագանքում։ Վերջին երկու տարվա ընթացքում նույն Աճանան գյուղից  աշխատանքի է անցել 14 հոգի»։ 

Ալեքսանյանի համար զարմանալի է, թե ինչո՞ւ են սկսել բողոքել ազդակիր համայնքի բնակիչները։ Ենթադրում է, որ պատճառը հարևան գյուղերին տրվող  գումարներն են.

«Մյուս հարակից գյուղերին այլ օժանդակություն ենք ցուցաբերում, այսինքն Սևքար, Արծվանիկ և Չափնի գյուղերի յուրաքանչյուր անձին տրամադրվում է 40 000 դրամ՝ պայմանով, որ չլքեն գյուղերը։ Իմ անձնական կարծիքով, Աճանան գյուղի քննարկման ժամանակ հարակից գյուղերը դեռ չէին ստանում դրամական օժանդակություն, հիմա  բնակիչները լսել են և սկսել են գերադասել  գումար ստանալը, քան դպրոցի ջեռուցումն ու մատակարարումը»։

Բոլոր դեպքերում  կոմբինատից ասացին, որ  անկախ բողոքներից, չեն պատրաստվում որևէ ծրագիր փոխել։ Ասում են` արդեն հաստատված է և առաջիկայում էլ  չեն նախատեսում  փոփոխություններ իրականացնել։

Ինչ վերաբերում է համայնքապետարանին, ապա Կապանի  համայնքապետը տեղեկացրեց, որ  ծրագրեր են իրականացնում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ:

Մյուս բոլոր դեպքերում բնակիչների կարիքներին ընթացք է տրվում, եթե  դիմում են համայնքապետարան և ներկայացնում խնդիրը, ասաց Գևորգ Փարսյանը։

Կարդացեք նաև

Back to top button