
Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացն ամառվանից արդեն սկսվել է։
«4 գիշերօթիկներում հունիսի դրությամբ 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են։ Հատուկ հաստատությունները փակվում են։ «Մեդիա» կենտրոնում այս թեմայի շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն ասել է, որ գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները։
«Երեխայի վերադարձը ընտանիք բացառվում է, եթե ընտանիքում առկա է նրան սպառնացող որևէ ռիսկ»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։
Նոյեմբերի 16-ին Նոր Հաճընում շմոլ գազից մահացան չորս անչափահաս երեխաներն ու նրանց 77-ամյա տատիկը։ Ավելի ուշ պարզվեց, որ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպտեմբերից այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը գիշերօթիկները փակելու գործընթաց է սկսել։
Մամուլի որոշ միջոցներ սկսեցին մեղադրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` նշելով, որ գիշերօթիկներում երեխաները հաճախ ավելի պաշտպանված են լինում, քան` տանը։ Այս դժբախտ դեպքի եւ հատուկ հաստատությունները փակելու քաղաքականության միջև կապ փնտրելը տեղին չէ` ասում է Նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։ Նշում է` ընտանիքը մահացել է շմոլ գազից, իսկ դա կարող էր տեղի ունենալ յուրաքանչյուրիս տանը.
«Այս պահի դրությամբ մենք ռիսկային խմբում գտնվող երեխաների մեծ թիվ ունենք, որոնց վերադարձը ընտանիք բացառում ենք։ Բացառվում է որևէ երեխայի վերադարձը ընտանիք, եթե գոյություն ունի ինչ որ ռիսկ։ Դրանով է պայմանավորված, որ Գյումրու թիվ 2 գիշերօթիկ դպրոցը գործելու է մինչև հուլիսի 25-ը։ Ռիսկային խմբում գտնվող բոլոր երեխաները տեղավորվելու են այստեղ»։
Անահիտ Քալանթարյանը տեղեկացրեց, որ փակման ենթակա չորս գիշերօթիկների բոլոր երեխաներն ունեն ընտանիքներ, ծնողներ, և բոլոր հարցերը քննարկվում են նրանց հետ։ Շտապեց հերքել այն մտահոգությունները, որ երեխաներին փորձում են հանձնել խնամատար ընտանիքներին։
«Խնամատար ընտանիքի հարցը քննարկվում է միայն այն երեխաների դեպքում, որոնք մնացել են առանց ծնողական խնամքի և պետության հոգածության ներքո, այսինքն մանկատան երեխաների մասին է խոսքը»,- ասաց Անահիտ Քալանթարյանը։
Պետական այն միջոցները, որոնք մինչ օրս ուղղվել են հատուկ հաստատություններին, ըստ նախարարության ներկայացուցչի, այժմ ուղղվում են ընտանիքներին, որպեսզի երեխաները ընտանիքներում ապրելու և մեծանալու հնարավորություն ունենան։ Գաղտնիք չէ, որ երեխաների մեծ մասը գիշերօթիկներում են հայտնվում հենց ընտանիքի սոցիալական խնդիրների պատճառով։

«Աղքատությունից տուժում են շատ ընտանիքներ, բայց երեխաներին հանձնում են քչերը»,-ասում է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության ղեկավար Միրա Անտոնյանը՝ համոզված, որ գործ ունենք նաև հոգեբանական և ծնողի պատասխանատվության խնդիրների հետ, որոնք ևս վերանայման ու լուծման կարիք ունեն։
«Մենք գործ ունենք նաև ընտանիքների հետ, որոնք պարզապես շահարկում են ընտանիքի սոցիալական վիճակը։ Ունենք նաև իրավիճակներ, երբ երեխայի տեղը ոչ թե գիշերօթիկն է, այլ մանկատունը։ Խոսքը վերաբերում է շատ բարդ ընտանիքներին։ Իրականում մենք թացն ու չորը խառնել ենք իրար, բայց պետք է լուծում տանք այս հարցերին»։
Միրա Անտոնյանը նաև նկատեց։ որ շատ են դեպքերը, երբ մայրն ընտրության առջև է կամ պետք է աշխատի, և ընտանիքն ուտելու բան ունենա և երեխաները լինեն ընտանիքից հեռու, կամ էլ պիտի բոլորը սոված լինեն միասին։ Անտոնյանի խոսքով՝ շատ ավելի ծանր է հացի փռերում աշխատող կանանց վիճակը։
«Գիշերվա աշխատանքից հետո մարդը գալիս է, և հավատացեք՝ չի կարող ցերեկն էլ երեխաներին տիրություն անել, որովհետև ցերեկն էլ քնում է։ Եթե անգամ երեխային չի տանում մանկատուն, էդ երեխան փաստացի հայտնվում է փողոցում կամ մնում է առանց խնամքի»։
Միրա Անտոնյանի խոսքով, դեպքերը շատ տարբեր են, և ամեն իրավիճակ պետք է շատ հանգամանալից ուսումնասիրել։ Նման դեպքերում, ըստ նրա, պետք է ակտիվացնել սոցիալական աջակցության ծրագրերը։ «Վորլդ վիժն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը սոցիալականից զատ կարևորում է նաև երեխաների զբաղվածության, նրանց զարգացմանն ուղղված ծրագրերը, իսկ մինչ այդ հարցումների արդյունքում արձանագրած ուշագրավ վիճակագրություն է ներկայացնում․
«Հարցումներն արվել են մեծ մարզերում, և հարցվածների ընդամենը 27․7 տոկոսն է նշել, որ իրենց համայնքում կա ցերեկային խնամքի կենտրոն։ Գյուղական համայնքներում այդ թիվը հասնում է 5․9 տոկոսի։ Այսինքն անգամ համայնքային կենտրոնների առկայության դեպքում մարդիկ չգիտեն դրանց մասին, և իրենց երեխայի համար ապահով վայր գտնելու լուծումը գտել են նրան գիշերօթիկ ուղարկելով»,- ասում է Գայանե Մարտիրոսյանը։
Տեղեկացվածության խնդիր կա, բայց առկա է նաև ցերեկային խնամքի հաստատությունների դեֆիցիտ։ Ոլորտը համակարգող նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը տեղեկացրեց՝ 2020-ի հունվարից հանրապետության երեսուն խոշոր համայնքներում կգործեն ցերեկային խնամքի կենտրոններ։




