
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովն այսօր շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը: Երկուշաբթի քննարկումն ընդհատվել էր Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի քննարկման ժամանակ: Պատգամավորներն այսօր շարունակել են նույն կետից, սակայն Կարեն Անդրեասյանի ներկայությունը խորհրդարանում և մարդու իրավուքների պաշտպանության վիճակի մասին միանգամից երկու զեկույցների քննարկումը հարմար առիթ են դարձել երեկվա իրադարձություններին անդրադառնալու համար։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ոստիկանության գործողությունները երեկ իրավաչափ չէին : Պատգամավորի ելույթն էլ, ըստ ԱԺ նախագահի, քննարկվող թեմայի հետ կապ չուներ:
«Մեծ կապ ունի: Շատ եմ ցավում, որ դուք այդ կապը չեք նկատում: 2008 թ. ընտրությունները հետևանքները դեռ չենք հայտարարել, և երեկվա իրադարձությունները նաև դրա հետևանքն են»:
Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանը նույնպես կարծում էր, որ թեև քննարկման թեման օմբուդսմենի 2011-ի ու 2012-ի զեկույցներն են, բայց չի կարող անդրադարձ չլինել երեկվա իրադարձություններին: Դաշնակցական պատգամավորի կարծիքով՝ այդ իրադարձությունների որոշ դրվագներում ակնհայտ էին ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, միևնույն ժամանակ կար նաև առաջընթաց համանման իրավիճակներում ոստիկանության նախկին ու ներկա վարքագիծը համեմատելիս:
«Մենք համոզվեցինք, որ ճիշտ էր դաշնակցությունը , երբ ասում էր , որ երկրում ստեղծված իրավիճակի ելքը ընդդիմություն-իշխանություն միասնակն օրակարգն է»,- եզրակացրեց նա։
Կարեն Անդրեասյանը անդրադարձավ երեկվա իրադարձություններին: Ասաց, որ երեկ ողջ օրվա ընթացքում պաշտպանի արագ արձագանքման խմբերը եղել են տեղերում, որևէ միջադեպ բաց չեն թողել, ունեն կուտակված բավականաչափ ինֆորմացիա, առայժմ կարող են տեղի ունեցածի մասին խոսել նախնական և ընդհանրական գնահատականներով:
«Մենք մտահոգված ենք առանձին միջադեպերով ոստիկանության գործողություններից , արդեն իսկ տեսնում ենք որոշակի անհամաչափության դեպքեր, բայց թե որ կոնկրետ դեպքերում են, մենք դա կարող ենք հրապարակել ու գնահատական տալ վարույթը իրակնացնելու հետո միայն»:
Պաշտպանի կողմից այժմ գրություններ են ուղարկվում պետական կառույցներին, այս դեպքում ՝ ոստիկանությանը: Այս կողմի պարզաբանումից հետո միայն պաշտպանը տեղի ունեցածի վերաբերյալ վերջնական գնահատականներ կտա: Պաշտպանի գրասենյակը նաև դրական միտումներ է արձանագրել:
«Հատկապես ոստիկանապետի աշխատանքն եմ դրական գնահատում. Տեղի ունեցավ այնպիսի համագործակցություն ու աշխատանք ընդդիմադիր գործիչների հետ, որի արդյունքում հնարավոր եղավ խուսափել զանգվածային բախումներից ու արյունալի իրավիճակներից: Բայց այս դրականը չի կարող փակել այն առանձին իրավիճակների հարցը, որոնց մասին կլինեն հատուկ գնահատականներ»:
Ինչ վերչաբերում է զեկույցներին, ապա դրանք խորհրդարանում բավական բովանդակային քննարկման արժանացան: Բազմաթիվ ելույթների հիմնական հարցադրումն այն էր, թե ոքանով է պաշտանի տարեկան զեկույցներն իրապես արտացոլում երկրում մարդու իրավուքների պաշտօանության իրական վիճակը և որն է դրանց ազդեցությունը:
ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն օրինակ 2011-ի զեկույցում չէր գտել որևէ անդրադարձ 2011-ին ձերբակալված և մինչ այժմ անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի գործին, և եթե չկա անդրադարձ, որեմն զեկույցը, ըստ Արամ Մանուկյանի, զեկույց չէ:
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին էլ զեկույցների ներկայացման կառուցվածքը չի գոհացնում: Օմբուդսմենը , հիշեցնեմ, վերջին երկու զեկույցները ներկայացվնում է նույն ձևափով. անդրադառնում է գրեթե բոլոր պետական կառույցների գործունեությանը և նշում է այն համակարգային խնդիրները, որոնք նկատել է գերատեսչություններից յուրաքանչյուրում: Ձևաչաձի առումով Էդմոն Մարուքյանն այլ առաջարկ ուներ:
«Ես առաջարկում էի, որ զեկույցը կազմվեր ըստ իրավունքների՝ խոսքի ազատություն, խղճի և դավանանքի ազատություն, դատապարտյալների իրավուքներ: Իսկ այս կառուցվածքով, ինձ համար օրինակ այնքան էլ պարզ չէ, թե ինչ վիճակում է, օրինակ, խոսքի ազատությունը»:
Կոնկրետ խոսքի ազատության առումով օմբուդսմենը 2012-ին 2011-ի համեմատ առաջընթաց է արձանագրում: Իսկ ինչ վերաբերում է կառուցվածքի մասին գնահատականին, ապա նշում է, որ քննարկման առարկա պետք է դառնան այն համակարգային խնդիրները, որոնք բարձրացվել են զեկույցի միջոցով:
Ի դեպ, 2012-ի զեկույցը 148 համակարգային խնդիր է բացահայտում: 2011-ի համեմատությամբ այս թիվն ավելացել է, բայց խնդիրները, ըստ օմբուդսմենի, փոխվել են որակապես։
Պաշտպանը 2011-ի համեմատությամբ 2012-ին առաջընթաց է արձանագրում հատկապես խոսքի և հավաքների ազատության ոլորտում: Իսկ ամենալուրջ հիմնախնդիրները օմբուդսմենը շարունակում է տեսնել արդարադատության ոլորտում և սոցիալ-տնտեսական իրավիճակում: Նրա ամփոփմամբ՝ ՀՀ քաղաքացին այսօր հացի ու արդարության պակաս ունի:




