
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ժողովրդագրական նոր ծրագրային նախաձեռնությունների շուրջ փորձագիտական քննարկումներ էր այսօր նախաձեռնել Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ գործընկերությամբ:
Ժողովրդագրությունը նաեւ անվտանգության ռեսուրս է, որը սերտորեն կապված է այլ ոլորտների ու համակարգերի հետ, ուստի քննարկմանը մասնակցել են տարբեր շրջանակներ ներկայացնող փորձագետներ:
Հայաստանի ժողովրդագրական պատկերի առումով բավականին բարդ է եղել անցած երեք տասնամյակը: Դեպի ու՞ր է շարժվում ժողովրդագրական քաղաքականությունը հիմա: 18-ի հեղափոխությունից հետո կառավարությունը հայտարարեց, որ այս մասով ռազմավարություն է մշակում: Ոլորտում խնդիրները շատ-շատ են՝ ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը: Այսօր ժողովրդագրական առումով մի իրավիճակ է, որի շարունակությունը չպետք է թույլ տալ: Եթե նախկինում խնդիրը կապված է եղել մեծ ծավալով արտագաղթի հետ, սակայն, բնական բացասական աճ չենք ունեցել, այսինքն՝ մահերը չեն գերազանցել ծնունդների թվին, ապա այսօրվա տեմպերը շարունակվելու դեպքում նման խնդրի առաջ ենք կանգնելու:
Ուսումնասիրություն-վերլուծություններ արված են, պատկերը պարզ է: Ի՞նչ խնդիր է դրված այս պահին՝ Արտակ Մարկոսյանն ասաց. «Մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կարող են այս պահին նպաստել, գոնե, ծնելիության խթանմանը: Խնդիրները շատ են եւ բոլոր հարցերին անդրադառնալը պետք է կամաց-կամաց լինի»:
2019-ի սեպտեմբերին կառավարությունը հավանության արժանացրեց ներկայացված ծրագրերից մի քանիսը՝ երեք ծրագիր: Կարեւորագույնը, ըստ Արտակ Մարկոսյանի, վերաբերում է բնակարանային խնդիրների լուծմանը.
«Հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում երիտասարդ ընտանիքները երրորդ երեխա չեն ունենում նաեւ բնակարանային խնդրի պատճառով: Խնդիրները բազմազան են՝ սոցիալ-տնտեսական, նյութական, բայց կոնկրետ բնակարանը երրորդ տեղում է եւ այդ առումով մշակվել է երեք ծրագիր, որոնք գործողության մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից»:
Ծրագրերում տեղ ունեն նաեւ երրորդ եւ ավելի երեխաների համար հատկացվելիք միանվագ դրամական խրախուսող նպաստները: Երեք ծրագրերով շահառուների թիվը, Մարկոսյանի փոխանցմամբ, նախնական հաշվարկներով լինելու է 600 եւ ավելի ընտանիք: Ակնկալվում է, որ այդ երեք ծրագրերը կխթանեն ծնելիությունը: Փորձագետների շրջանում, սակայն, դրանց հետ կապված հարցեր ու մտահոգություններ են առաջանում:
Արդյո՞ք այդ ծրագրերը հարմարեցված են 2050 թվականին 4 մլն բնակչություն ունենալու հայտարարված թիրախին՝ տարակուսեց Ստեփան Սաֆարյանը.
«Եթե հիմք ենք ընդունում այն, որ միեւնույնն է ընտանիքները չեն պլանավորում երեքից ավելի երեխա ունենալ ու եթե շեշտը դնում ենք երիտասարդ ընտանքիների համար երրորդ հորիզոնականում գտնվող բնակարանային խնդրի լուծմանը, որքանով դա հենց նույն երիտասարդ ընտանիքների արտագաղթի խնդիրը կլուծի, որքանո՞վ դրանք գրավիչ կլինեն այլ ընտանիքների համար՝ նրանց վերադարձնելով Հայաստան»:
Արտագաղթի հետ կապված խնդիրն
այս պահին միայն զրոյացնելն է: Մարկոսյանի կարծիքով՝ առաջիկա տարիներին այդ մակարդակին
կհասնենք, որից հետո միայն հնարավոր կլինի իրականորեն խոսել նաեւ ներգաղթի մասին: Ասաց,
որ արտագաղթի ցուցանիշը բարելավվել է վերջին տարիների համեմատ՝ մոտ 80 տոկոսով:
«Կարծում ենք այս տարի ավելի լավ ցուցանիշներ կարձանագրվեն այդ տեսանկյունից, եւ հետագա
տարիներին, նաեւ բնական աճի ցուցանիշի բարելավմանը զուգահեռ, կարող ենք ապահովել իսկապես
աճ»:
Տարբեր ոլորտների փորձագետները, սակայն, թերահավատ էին: ՄԱԿ-ի հիմնադրամների ներկայացուցիչներ Ծովինար Հարությունյան եւ Մհեր Մանուկյան.
«Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որ անկախ նրանից, թե անհատը քանի երեխա է ուզում ունենալ, էդ երեխաները կարողանա ունենալ»:
Տնտեսագետ, Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյան. «Չպետք է մտածել, թե պրոբլեմները թող առաջանան, մենք սոցիալական ձեւերով փորձենք լուծել: Դա լավ ճանապարհ չէ: Նաեւ պետք է այլ ճանապարհներ էլ գտնել եւ եթե ես հարց տամ՝ 2020 թվականի բյուջեով հաշվե՞լ եք դա, եթե հաշվի չեք առել, ամեն ինչ նույնը կմնա»:
Արտագաղթը կամ 3 եւ ավելի երեխա չունենալը միայն հիփոթեքի կամ նպաստի խնդիր չէ՝ համայնքներում աշխատատեղեր եւ բարեկեցություն պետք է լինեն՝ եզրափակեց Գագիկ Մակարյանը:




