
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Տիկին Սրբուհի Ղասաբյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճ էր հասել Զովունի գյուղից: Եկել էր երկրի ամենաբարձր ամբիոնից պատմելու, թե ինչու Թումանյան փողոցից 4 հոգանոց ընտանիքով հայտնվեց Երեւանից դուրս՝ քաղաքին հարող գյուղերից մեկում:
Իրենց ապրած վայրը՝ Թումանյան 21/3 հասցեն ժամանակին ճանաչվեց իբրեւ բացառիկ գերակա հանրային շահ: Տները քանդվեցին, այսօր նույն տեղում արդեն հայտնի եւ բրենդային խանութներից մեկն է գործում:

«Տարածքի տեսքով պետք է ստանայի, դեռ սպասում եմ վերջնական լուծումի: Եթե հարցը բարձրացել է, պետք է անպայման եւ լուծում ունենա: Ես հուսով եմ: Չեմ ուզում, որ պետությունը, դուք բոլորդ՝ երիտասարդները, հարկ եք վճարում, ձեր վզին այդ հարկը բյուջեի փոխհատուցումների հանցագործություն է դնելը: Այսօր Սեդրակ Քոչարյանն է իմ տարածքը զբաղեցնում, Մայրապետյանի շենքն է «Ստեֆանո Ռիչչի» խանութի տեղն էր, իրենք է այդ եկամուտը ստացել տարիների ընթացքում, թող իրենցից էլ պահեն: Կամ Զախարյանից»:
Խորհրդարանում այսօր շատ հստակ հնչում էր «ունեզրկում» ձեւակերպումը: Խոսքը՝ «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահի պատճառով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրների մասին է: Իրացման գոտու ծրագիրը սկսվեց 2000 թվականի նոյեմբերին կառավարության 774 որոշմամբ: Միջազգային իրավունքի եւ ՀՀ Սահմանադրության համաձայն, պարզապես կառավարության որոշման հիման վրա քաղաքացիների սեփականությունը չի կարող օտարվել պետության գերակա շահի համար: Սա էլ ՄԻԵԴ-ում քննության եւ ընդդեմ ՀՀ վճիռներ կայացնելու պատճառ է դառնում:

Ներկա պահին խնդրի լուծումը փորձում է տալ նաեւ պետությունը: Որպես առաջին քայլ կազմակերպել են փաստահավաք լսումներ: Լուծման հստակ տարբերակ դեռ չի առաջարկվում: Այս փուլում ԲՀՆ-ն այս հարցում ավելի մեղմ դիրքորոշում ունի՝ խոսում են համապատասխան օրենսդրական փոփոխությունների մասին՝ հետագայում նման իրավիճակը բացառելու համար: Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումն ավելի կոշտ է:
«Այս նյութերը մեզ համար շատ կարեւոր են, որ եթե կլինեն օրենսդրական բացեր, բացթողումներ, մենք փորձենք լուծումներ առաջարկել: Այս խնդիրները խորը հասկանալով, ավելի բազմակողմանի քննարկումից հետո անպայմանորեն իրավական լուծումներ տանք օրենսդրական դաշտում»,- ասում է պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Իրապես ժողովրդավար եւ իրավական պետություն կառուցելու ճանապարհը ձախողված է, եթե մենք դեռ չենք մաքրել այս խարանը մեր վրայից։ չենք գաղտնազերծել, վերաբացել կոծկված կամ ընդհանրապես անտեսված այս գործերը եւ չենք վերականգնել իրավազուրկ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը»,- նշում է Գայանե Աբրահամյանը:
Իրացման գոտու բնակիչները՝ իրենց իրավունքների վերականգնման ճանապարհին չեն ցանկանում «բեռ» դառնալ շարքային հարկատուների համար: Որպես այլընտրանքային լուծում ունեն իրենց առաջարկները:
«Գործը պետք է քննվի, հարուցվի քրեական գործ եւ այդ շրջանակներում կատարածները՝ Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, նրանց թալանածը հետ բերվի, ստեղծվի ասենք՝ հիմնադրամ կամ ասենք ինչ-որ մի կառույց, որտեղ այդ գումարները հավաքվեն ու այդ հարցը լուծվի»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:
Մինչ խնդիրներին իրավական լուծում տալը, փաստաբան Նինա Կարապետյանցը պնդում է՝ պետք է ունենալ այլ հիմք եւ հիմնավորում.

«Այս ամբողջ գործընթացի մեջ ներգրաված են եղել բոլորը՝ ԱԺ, նախագահ, կառավարություն, քաղաքապետարան, դատարան, դատախազություն, քննչական մարմիններ: Այս բոլոր մարմինները՝ հնարավոր համագործակցությամբ, ունեզրկել են, հետապնդել են ՀՀ քաղաքացիներին: Այս խնդրի լուծումը կարող է լինել միայն մեկը՝ քաղաքական գնահատական տալը»:
Խորհրդարանում կազմակերպված փաստահավաք քննարկումների ժամանակ հնչած թվերը փաստում են. «պետության գերակա շահ» ձեւակեպման պատճառով ունեզրկված քաղաքացիների թիվը հասնում է շուրջ 3 հազարի, Հյուսիսային պողոտայում քանդվել է 30 հուշարձան, իսկ ՄԻԵԴ-ի վճիռներով 2 միլիոն եվրո պետք է վճարվի ունեզրկված քաղաքացիներին: Կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող կազմակերպությունները հայտարարում են կոռուպցիայի մասին, «Պետության գերակա շահ»-ից տուժածները շարունակում են նշել կոնկրետ անուններ:




