
ՀՀ ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ներկայացրել է հիմքերը, որոնք նկատի ունենալով, նախաձեռնել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշման նախագիծը: Որոշման նախագիծն ԱԺ նիստում ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասել է.
«Որոշման նախագիծը վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը՝ էական կարգապահական խախտման հիմքով: Օրենքով էական կարգապահական խախտում է նաև ՍԴ դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ-ի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ: ՍԴ-ում ընթացած վարույթը կամ գործը, որի շրջանակում, մեր համոզմամբ, Հրայր Թովմասյանի կողմից թույլ է տրվել էական կարգապահական խախտում, քննության է ընդունվել ՍԴ-ի կողմից՝ համապատասխան աշխատակարգային որոշման հիման վրա: Նշված գործով դիմումատու է հանդիսացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իմ քայլը» խմբակցության և ԱԺ-ի կողմից որոշման նախագծի շրջանառության մեջ դնելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մենք կարծում ենք, թե առկա են եղել Հրայր Թովմասյանի վերոնշյալ աշխատակարգային որոշման հիման վրա քննության ընդունված գործին մասնակցության անհնարինության հիմքեր»:
Նա թվարկել է Թովմասյանի կողմից գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը, ներկայացրել հանգամանքները, որոնք, իր դիտարկմամբ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող էին օբյեկտիվ կասկած առաջացնել, որ Հրայր Թովմասյանը նշված վարույթով կարող է լինել ոչ անաչառ:
Առաջին հիմքը Հրայր Թովմասյանի փոխկապակցվածությունն է Հանրապետական կուսակցության և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և վերջիններիս փոխկապակցվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ:
Երկրորդը՝ Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերությունները:
Երրորդը՝ նախկինում Հրայր Թովմասյանի կողմից մարտի 1-ի իրադարձությունների և դրան հաջորդող դատավարությունների մասին կարծիք արտահայտելն է:
Չորրորդը՝ խնդիր են տեսնում, որ այդ բոլոր հանգամանքների առկայության պայմաններում ՍԴ-ում Թովմասյանի կողմից թե վարույթի սկզբում, թե հընթացս, թե վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարվել հանգամանքներին: «Բոլորը հասկանում են, որ այս հանգամանքները կան: Եվ դրանց մասին խոսելուց, բարձրաձայնելուց ՍԴ-ի քննարկման առարկա դարձնելուց խուսափելը անաչառության բացակայության հիմք է տալիս»,-ասել է Գրիգորյանը:
Ինչպես պատգամավորն է նշել՝ բուն կարգապահական խախտումը «Իմ քայլը» խմբակցության համար ի սկզբանե նշված հարցերը չբարձրաձայնելն է:




