
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Սեպտեմբերի 30-իս ապահովագրական 3 գործակալություն սկսել է գյուղատնտեսական ապահովագրությունը, որը նախատեսված է սկզբում ծիրանի ու խաղողի համար, իսկ ավելի ուշ կապահովագրվի դեղձը, խնձորն ու հացահատիկը: Գյուղատնտսական ապահովագրությունը գործելու է միայն գարնանային ցրտահարության, կարկուտի և հրդեհի վնասի դեպքում:

Արմավիրի մարզի գյուղատնտեսությունը հաճախ տուժում է գարնանային ցրտահարությունից, կարկուտից և հրդեհից և գյուղացիները կրում են զգալի վնասներ, որոնց դիմաց երբեմն կառավարությունը, որպես աջակցություն մասնակի փոխհատուցում էր ոռոգման ջրի վարձավճարն ու հողի հարկը:
Մարզում անցած 3 տարում գյուղատնտեսությունը շարունակաբար տուժել էր գարնանային ցրտահարությունից և կարկուտից: Աղավանտուն գյուղի բնակիչ Գրիգոր Գրիգորյանը նույնպես վնասներ էր կրել․

«2016, 2017, 2018 թվականներին Աղավնատուն գյուղը տուժել է կարկտահարությունից: Պետության կողմից 2016թ-ն ու 2017թ-ին փոխանցեցին ջրի վարձերը, 2018-ին՝ մի քանի դրամ ժողովրդին փոխհատուցում տվեցին, որ չէր հերիքում ջրի վարձին ու հողի հարկին»:
«Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալությունն» այս տարի ռիսկի է դիմում՝ ապահովագրելով անկանխատեսելի վտանգներ պարունակող գյուղատնտեսությունը:

Սեպտեմբերի 30-ից ապահովագրական երեք գործակալություն՝ Ռոսգոսստրախ Արմենիան, Ինգո Արմենիան և Սիլ Ինշուրանսը սկսել են գյուղացիների հետ պայմանագրերի կնքման գուծընթացը: Սկզբնական շրջանում ապահովագրելու են ծիրանի և խաղողի այգիները, այնուհետև դեղձը, խնձորն ու հացահատիկը:
Արմավիրի և Արարատի մարզի գյուղացիները կարող են փաթեթը գնել ամբողջական՝ ներառելով բոլոր վտանգները և ստանալ 10 տոկոս զեղչ:

Գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը նշեց, որ կարկուտի և հրդեհի դեպքում պայմանագրերը կարող են ձեռք բերել սեպտեմբերի 30-ից մինչև մարտի 25-ը ներառյալ, իսկ գարնանային ցրտահարության պայմանագրրերը՝ սեպտեմբերի 30-ից մինչև փետրվարի 15-ը:
«Գոյություն ունի 5 ապահովագրական ծածկույթ: Ծիրանի համար դուք կաևրող եք ընտրել 400 հազար դրամ, 600 հազար, 800 հազար, 1 մլն դրամ և 1 մլն 200 հազ դրամ, իսկ խաղողի համար՝ 750 հազար դրամից մինչև 1 մլն ր00 հազար դրամ»:
Գյուղատնտեսության ապահովագրությունը 10 մլն եվրոյի չափով սուբսիդավորում է կառավարությունն ու KFW բանկը:

«Կարկուտի և հրդեհի դեպքում 50 տոկոս, գարնանային ցրտահարության դեպքում՝ 60 տոկոսը ձեր փոխարեն վճարելու է կառավարությունը: Դուք վճարելու եք կեսը»:
Ապահովագրության 10 տոկոսը չհատուցվող գումար է: Մյասնիկյան գյուղի բնակիչ Գևորգ Գրիգորյանը 1 հա ծիրանի և 2 հա խաղողի այգի ունի ունի, որոնք անցած երեք տարում վնասվել են բնության տարերքից: Գյուղատնտեսական ապահովագրության պայմանները ձեռնտու՞ են՝ ռադիոլուրի հարցին պատասխանեց՝ այո, քանի որ առանց ապահովագրության ինքը կորցնելու է այն գումարները, որոնք ծախսել է, իսկ այս դեպքում որոշակի գումար հետ կստանա:
Աղավնատուն գյուղի բնակիչը լսելով ապահովագրության պայմանները և մտովի հաշվելով վնասներն ու օգուտները, որոշեց հողը մշակել առանց ապահովագրության: Հետո փորձեց պարզաբանել մի քանի հարցեր, որով հստակ պատկերացում ունեցավ գյուղապահովագրության օգուտների մասին

«Եթե ընտրել եք 1 մլն 200 դրամանոց ծածկույթը, փոխհատուցում ստացել 1 մլն 100 հազար դրամ, դա չի փակու՞մ ջրի վարձն ու հողի հարկը»։
«Ծածկում է»,-լսվեց պատասխանը:
Խաղողի այգիները Արմավիրի մարզում 6915 հա է, իսկ ծիրանինը՝ 4600 հա, որից 3800 հա- ն է բերքատու: Մարզում գյուղատնտեսական ապահովագրության ներդրումն անհրաժեշտ է, կարծում է Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:
«Ապագան գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրումն է, որն արդեն սկսվել է: Սա հարցի ռեալ լուծում է»:

Գյուղատնտեսական ապահովագրությունը տարիների ընթացքում կծածկի մինչև 10 մշակաբույս: Վնասը գնահատող անձինք վերապատրաստվել են և ձեռք բերել գնահատման փորձ:




