
Սաթիկ
Իսահակյան
«Ռադիոլուր»
Երեկ Արմավիրի մարզի 5 համայնքում ՏԻՄ ընտրություններ էին, 4-ում ընտրել են համայնքի ղեկավար, մեկում՝ ավագանու անդամներ: Ընտրություններին ընտրողները ցուցաբերել են բարձր մասնակցություն: Զարթոնքում համայնքի նոր ղեկավար է ընտրվել Սամվել Աղաջանյանը, Փարաքարում ավագանու անդամ Դավիթ Մինասյանը, Նոր կեսարիայում և Տանձուտում գործող համայնքի ղեկավարները, իսկ Եղեգնուտ համայնքի ավագանին նոր անդամներ ունի:
Արմավիրի մարզի Տանձուտ, Նոր կեսարիա և Փարաքար համայնքների ղեկավարների լիազորությունների ժամկետն ավարտվում էր և հերթական ընտրություններ էին, իսկ Զարթոնք և Եղեգնուտ գյուղերում՝ արտահերթ: Փարաքար համայնքի ՀՀԿ –ական ղեկավար Սամվել Վարդանյանը 18 տարի նույն պաշտոնում է և նրա հետ միասին ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել ավագանու անդամներ Դավիթ Մինասյանը, Սամվել Ավետիսյանն ու համայնքի ղեկավարի տեղակալ Սարդուր Թևոսյանը: 14/2 ընտրատեղամասում օրվա սկզբից էլ նկատվել է ընտրողների մեծ ակտիվություն: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկանուշ Փիլիպոսյանը նշեց, որ առավոտյան ժամը 8-ից ընտրողները մեծ ակտիվություն են ցուցաբերել, իսկ ժամը 7-ից ընտրական գործընթացին հետևել են տեղական և միջազգային դիտորդներ:
Ժամը 13:45-դրությամբ գրանցվել էր 7 օգնող, ընտրատեղամասում հանդիպեցի ևս 2 ընտրողի, որոնք ընտրելու էին թոռնիկի օգնությամբ, բայց թոռը չուներ անձնագիր: Մինչև նա անձնագիրը կբերեր՝ տատն ու պապը քվեարկեցին առանց օգնության:

«Ես ինքնուրույն քվեարկեցի, թոռս եկել էր, որովհետև ես շատ տեղեր չեմ կարողանում ինքնուրույն բարձրանալ, էդ փիլաքյանները»:
Ընտրողներից 2-ն էլ ընտրատեղամասից վերադառնում էին առանց քվեարկելու: «Մենք չքվեարկեցինք, նոր ենք գրանցվել գյուղում, ասեցին, որ ձեր գրանցման 6 ամիսը չի լրացել, 30 տարի ստեղ ենք ապրում»:
Զրուցակիցներս երբևէ ընտրությունների չէին մասնակցել, և առաջին անգամ էին եկել ընտրատեղամաս: Փարաքարցիներն ուզում են իրենց համայնքը տեսնել բարեկարգ՝ ասֆալտապատված, կոյուղին փոխված, որի խցանումներից հաճախ ողողում են Երևան-Արմավիր մայրուղու Փարաքարի հատվածը:

Թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Նազարյանը տեղեկացրեց, որ Փարաքարի 6853 ընտրողներից նախնական տվյալներով ընտրությանը մասնակցել է 2906 ընտրող կամ ցուցաբերվել է 42,4 տոկոս մասնակցություն: Նախնական տվյալներով Փարաքար համայնքի ղեկավար է ընտրվել ավագանու անդամ Դավիթ Մինասյանը՝ ստանալով 1111 քվե, իսկ գործող ղեկավար Սամվել Վարդանյանը՝ 447 քվե:
Զարթոնքում էլ լարվածությունը չէր թուլացել ողջ օրվա ընթացքում և մինչև ընտրությունների ավարտը որևէ միջադեպ չի գրանցվել: Այստեղ ապրում են մեծ թվով եզդիներ, որոնք կիրակի օրը Ակնալճի իրենց սրբավայրում Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ տաճարի օծմանը մասնակցելու նպատակով ընտրության էին գնացել առավոտյան՝ կուտակումներ ստեղծելով տեղամասում:
Թիվ 15/3 ընտրատեղամասի նախագահ Ավետիք Սարգսյան. «Ակտիվությունը շատ մեծ էր, ես 9:40 րոպեից դիմեցի ոստիկանության ծառայողներին՝ հերթ սահմանեն, որպեսզի 15 ընտրողից ավելի կուտակումներ չլինեն: Մինչև ժամը 18-00 մենք գրանցել ենք 77 օգնողի»:
Ամիսներ շարունակ խոսվել է Զարթոնքի միջադեպերի մասին, որտեղ գյուղը բաժանվել էր 2 մասի և մի կողմը պայքարել 23 տարվա գործող համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի դեմ՝ մինչև նրա հրաժարականը, սակայն արտահերթ ընտրություններին նա կրկին առաջադրվել էր: Թեկնածուները հենց 2-ն էին: Զարթոնքցիների մի մասը փոփոխություն է ուզում տեսնել, իրենց խոսքով՝ Զարթոնքը զարթոնք ապրի, և թվարկում գյուղի խնդիրները, մյուսները խնդիրներ չեն տեսնում և ցանկանում շարունակել ապրել այնպես, ինչպես տարիներ շարունակ՝ առանց համայնքի ղեկավարի փոփոխության:

«Առաջինը կուզեի մենակ գյուղում մանկապարտեզ լինի, իմ թոռնիկը մանկապարտեզ է գնում, որ տեղափոխվի գյուղ, թե չէ՝ ուրիշ բան-բողոք չունեմ: Գյուղում մանկապարտեզ եղել է, ավերվել է»:
«Մենք լավ ակնկալիքներ ունենք այս ընտրություններից, մենք կհասնենք մեր պայքարի բուն նյութին: Մենք պայքարում ենք մեր երեխեքի ու մեր ընտանիքի ապագայի համար: Մենք չունենք մշակույթի տուն, մանկապարտեզ, պատերն է մնացել, գույքը ամբողջությամբ թալանվել է»:
«Լարվածությունը կա, լարված վիճակա, ժողովուրդն իրար են ուտում, ինչի համար է, չգիտես: Աթոռի կռիվ են անում: Էսի կարելի էր, սենց խախանդ գյուղն ավերեցին: Մեր գյուղապետն ինչ էր արել իրանց, քիչ էր օգնել, քիչ էր տվել: Ով էլ նստի նույն մարդիկ ենք, նույն հողագործությամբ տանջվող, ապրող, մեզի գյուղապետը չպտի բերի տա, ես ուտեմ: Մինչև ե՞րբ, մեր գյուղապետից լավը չկա: Մեր ժողովրդին թող խախանդություն եղնի, իրար չուտեն»:
Զարթոնքի 15/3 տեղամասում ընտրողների ընտրացուցակային 1975 ընտրողից ընտրությանը մասնակցել է 975-ը և ցուցաբերվել է 49.3 տոկոս մասնակցություն, անվավեր է ճանաչվել 17 քվեաթերթ: Նախկին համայնքի ղեկավարը ստացել է 436 քվե, իսկ Սամվել Աղաջանյանը 522 քվեով ընտրվել Զարթոնքի գյուղապետ:

Նոր Կեսարի համայնքում գործող ղեկավարը կրկին ընտրվել է՝ ստանալով 546 քվե, մրցակից քեռորդին՝ 240, անվավեր է ճանաչվել 10 քվեաթերթ, ընտրությանը ցուցաբերվել է 66.3 տոկոս մասնակցություն:
Տանձուտում համայնքի ղեկավարի 5 թեկնածուից առավելագույն ձայները ստացել է գործող ղեկավար Մխիթար Պետրոսյանը՝ 406 քվե: 1551 ընտրողից ընտրությանը մասնակցել է 1004-ը, իսկ Եղեգնուտ համայնքի ավագանին արդեն նոր կազմով է, որոնց թվում են նախկին համայնքի ղեկավարի որդին և եղբայրը: Տանձուտում ընտրությանը 1530 ընտրողից մասնակցել է 863-ը, անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթ:




