ԿարևորՀասարակություն

Արարատի վերելքի ուղին մեկն է, ճամփաները՝ տարբեր. Աննա Մարտիկյան

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երեւի թե չկա մի հայ, որի մտքով գոնե մեկ անգամ չի անցել Արարատի գագաթին լինելու գաղափարը:

Այդ միտքը գուցե շատերի մոտ ծնվում է մեկ անգամ ու այդպես էլ մահանում, ոմանց մոտ այն մնում է անհաս, հեռու, ինչոր երազանք, ոմանք անցնում են վերելքի ճանապարհով ու հասնում բիբլիական գագաթ: Արարատի վերելքի ուղին  մեկն է, ճամփաները՝ տարբեր:

Մեր գործընկեր Աննա Մարտիկյանի ճամփան հազարավորներից մեկն է:

Լուսի՞ն, Մա՞րս, թե՞ Արարատ. իրար հավասարազոր

-Մտածում էի, որ Արարատ բարձրանալն իմ խելքի բանը չէ, դա կարող է բախտ վիճակվել միայն հատուկ կամ ընտրյալ մարդկանց,- ասում է Աննա Մարտիկյանն, ով անցյալում թողել է Արարատի երկու վերելք:

-Ինչպես, ասենք, Լուսնի վրա կանգնե՞լը, այդքա՞ն անհավանական,- հարցնում եմ ես:

-Նույնքան, որքան Մարսի վրա հայտնվելը,-պատասխանում է Աննան:

Պատասխանում ու համեմատում է կրակոտ Մարսին, միակ Լուսնին ու Արարատի գագաթն իրար հետ: Ես լսում եմ ու հասկանում, որ Արարատի մասին յուրաքանչյուրիս պատկերացումն այլ է՝ տիեզերական անհավանականությամբ ու նույնքան անհավանական համեմատությամբ:

Աննայի մոտ առաջին անգամ ամեն ինչ սկսվեց երգից, որ երգում էին Գյումրիում, թե Արարատի գլխին դրոշ պիտի դնեն՝ վաղ, թե ուշ:

«Մեջս միտք առաջացավ: Լավ, քանի՞ տարի կարելի է երգել, գնալ ու մի հատ փորձել դրոշ դնել՝ անկախ ամեն ինչից»,- ասում է Աննան:

Առաջին փորձի նախապատրաստական աշխատանքներն արվում են 2012-ին: Խումբը, որի հետ Աննան որոշում է բարձրանալ Արարատ, հայտնվում է արագ ու դառնում լավագույն տարբերակը:

Առաջինը՝ բոլորից, երկրորդը՝ ծանոթներից

Առաջին անգամ վախ կար չհաղթահարելու բարձրությունը, ասում է Աննան: Դրա համար, մինչեւ սպասված օրվան հասնելը, միանում է մեկ այլ խմբի ու մեկ օրում բարձրանում Արագածի բոլոր չորս գագաթները:

«Ես ինձ գրեթե կորցրել էի, բայց տեսա, որ հնարավոր է: Ինքնազգացողությունս լավ էր, միայն ֆիզիկական սարսափելի հոգնածություն էի զգում»,- ասում է Աննան:

Արագածն օգնում է հասկանալ, որ կարող է: Ու կարողանում է հենց առաջին անգամ, առանց ֆիզիկական հատուկ պատրաստվածության, առանց նախատրամադրվածության: Միայն անչափելի մեծ ցանկությամբ:

Աննան գագաթից իջնելուց հետո իմացել է, որ իր առաջին փորձից ուղիղ 100 տարի առաջ մի գյումրեցի աղջիկ, ճիշտ իր նման, փորձել է բարձրանալ Արարատ ու գագաթին չի հասել:

Երկրորդ անգամ 7 տարի անց Աննան նորից փորձում է բարձրանալ գագաթ ու չնայած ֆիզիկական էլ ավելի վատ պատրաստվածության, հասնում է գագաթին:

Դրա համար շնորհակալ է միայն Արարատին, ասում է՝ իրենց թույլ է տվել, որ բարձրանա, դրա համար էլ կարողացել է:

Խոսի՛ր ինձ հետ

Սարը քեզ հետ խոսում է, ասում է Աննան: Խոսում է անհատական, խոսում է միայն քեզ հետ ու միաժամանակ բոլորի հետ՝ առանձին:

Սկզբում վախենում ես արտահայտել զգացողություններդ, քեզ թվում է՝ չեն հասկանա կողքիններդ, իսկ հետո հասկանում ես, որ իրենք էլ խոսակցության մեջ են Արարատի հետ եւ եթե հնար լիներ, կվերցնեին իրենց քնապարկն ու կառանձնանային:

«Արարատն ինձ պատմեց, որ ինքը մերը չէ, ես թուրքերինն էլ չեմ, էն երրորդինն էլ չեմ, որ փորձում է քաղաքական տարբեր խաղերի միջոցով ինձ նվիրաբերել սրան կամ նրան: Արարատը միշտ կա, մեր կյանքերն ու պատմություններն են ակնթարթի պես անցնում ու գնում Արարատի վրայով»,- ասում է Աննան:

Աննան լեռան հետ ոչ միայն զրուցել է, նաեւ վիճել՝ ճանապարհին, թե ինչո՞ւ իրենց թույլ չի տալիս առաջ գնալ ու բարձրանալ: Աննան վստահ է՝ Արարատն իրենց լսել է ու օգնել, ձեռքից բռնել ու հասցրել ցանկալի գագաթին:

Հաջորդը՝ մենակ

Հաջորդ՝ երրորդ անգամ, Աննան որոշել է միայնակ բարձրանալ ու հասնել Արարատի գագաթին:

Առաքելությունն այս անգամ մեկն է՝ հնարավորինս երկար առանձնազրույց ունենալ Մասիսի հետ:

«Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել մենակ, չմտածել ու չանհանգստանալ որեւէ մեկի մասին, լինենք իմ չոր գլուխն ու Մասիսը»,- ասում է Աննան:

Եթե ուխտի եք գնում, վերջում խոսք է խնդրում Աննան, սարն անպայման ինքը կօգնի, որ բարձրանաք: Միգուցե իր անտեսանելի ձեռքով, բայց քո ձեռքից բռնած քեզ վերեւ կտանի:

Կարդացեք նաև

Back to top button