ԿարևորՀասարակություն

Թռչնատառերը կարող են հմայել. տարազի դետալներ՝ նորաոճ հագուստներում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Մարտունի քաղաքի ավտոկայանից քիչ հեռու,  պարսպապատ շինության ներսում գործող կարի փոքր արտադրամասում  ծնունդ են առնում  հայկական հնագույն ազգային զգեստները՝ տարազները: Կարի արտադրամասը սոցիալական ձեռնարկություն է,  հիմնվել է  հինգ տարի առաջ: Այստեղ աշխատողները սկզբում միայն հաշմանդամություն ունեցող կանայք էին, ապա նրանց միացել են աշխատանքային միգրանտների կանայք: Սկսել են մանկական տրիկոտաժե իրերից, սփռոցներից, աշխատանքային արտահագուստից, հետո անցել տարազներին, ազգային այն հագուստին, որոնք կրել են իրենց նախնիները:

«Մեր տարածաշրջան եկել են Մուշից, Ալաշկերտից և Իգդիրից: Սա տղամարդու և կնոջ Իգդիրի տարազն է: Ամբողջ ասեղնագործությունը մեր մոտ է արված, սա Ալաշկերտինն է, հարսանեկան են բոլորը,  գոտիների վրա գրած է՝ ի վայելումն հարսի: Ունենք նաև սրանցից որևէ զարդանախշ ժամանակակից շորերի վրա: Ընդ որում Սվետլաննա Պողոսյանն է մեր ազգագրագետը եղել: Միաժամանակ վերականգնել ենք Տիգրան Մեծի և Լևոն թագավորի բոլոր պալատական զգեստները, որպեսզի երեխաները իրենց ծնունդները թագավորական նշեն, հագնեն թագավորի, թագուհու պալատական զգեստներ»:

Անահիտ Գևորգյանը մեկ-մեկ  ներկայացնում է այն տարազներն ու պալատական զգեստները, որոնց հեղինակն ինքն է, կազմել  է այնպիսի մոդելներ, որոնք  արտահայտում են նաև ժամանակակից միտումներ ու պահանջված են: Տարազները լավագույն լուծումն էին: Ազգագրագետ-հնագետների հետ ուսումնասիրել է մեր նախնիների հագուստները:

«Նրբորեն է մշակված, որ տարազի, որ հատվածում, որ  զարդանախշն ինչ նշանակություն ունի: Չի կարելի խախտել,  հենց էնպես՝ սա սիրուն է, ասեղնագործել կրծքի հատվածում, սա գեղեցիկ է՝ գոտիի վրա կսազեր, դրանք բոլորն իրենց նշանակությունն ունեն, երբեմն, խառնելը նույնիսկ վտանգավոր է, որովհետև կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Դրա համար մենք անպայման խորհրդակցում ենք ազգագրագետների հետ»:

Մտնում եմ  արտադրամաս՝  առաջին  սենյակում ասեղնագործող  կարի մեքենա է: Սմարթ կամ խելացի մեքենային հրահանգներ տվողը նկարիչ -մոդելավորող  Նարինե Ավետիսյանն է: Ընտրում է նախշը, իսկ մեքենան՝ ասեղնագործում:

«Հրահանգը տվել եմ, չափերը տեղադրել եմ, որ ինքը պատրաստի վիճակով ունենա էս չափը: Եթե ունի մի քանի գույնի թելեր, ապա ես ծրագրով ընտրում եմ՝ սկզբից որ գույնը անի, հետո որ գույնը: Կարող է  սրա վրա մի քանի գույն օգտագործեմ»:

Այդպես ծնվում են  ոչ միայն հագուստի զարդանախշերը, այլև թռչնատառերը: Տարազների վրա  ասեղնագործված թռչնատառերը հագնողի  վրա ունենում են հմայական ազդեցություն՝ կարծել են մեր նախնիները:

«Ունենք հայկական այբուբենի բոլոր թռչնատառերը՝ իրենց բացատրություններով,  ծագումով և հմայական ազդեցությամբ: Ի դեպ, մենք  այս մեքենայի  համար բավականին բարդ ենք ստացել թռչնատառերը, երևի միայն մենք ունենք»:

Տարազներով տարբերակել են մարդկանց խավն ու հասարակական դիրքը: Թռչնատառերն ու հին հայկական զարդանախշերը փորձել են համադրել ժամանակակից հագուստի հետ և հինը նորովի ներկայացնել:  Մտնում եմ հաջորդ սենյակ, այստեղ կարի տարբեր մեքենաներ են, դերձակներն՝ իրենց գործի վարպետը:

Արտադրանքը հանդես է գալիս «Թագանի՝ քո արմատները» ապրանքանիշով:  Անահիտ  Գևորգյանը որոշել է ընդլայնել գործունեությունը և գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը:

«Այս  տարածքը, որ տեսնում եք (ձեռքով ցույց է տալիս հարակից շինությունը), ցանկանում ենք մի քիչ  ընդլայնել մեր արտադրությունը, հուշանվերներ նույնպես արտադրել ոչ միայն թռչնատառերով, այլև մեր տարածքի պատմամշակութային արժեքների սիմվոլիկայով, օրինակ՝ Արմաղան լեռով, Սևանա լճով, աստղային քարտեզով, Արփա-Սևան թունելով: Սրանով մենք տուրիստներին կհրապուրենք, այս ձևով նրանք կծանոթանան մեր պատմամշակութային արժեքներին: Կբացենք նաև ստուդիա, որ մարդիկ այստեղ այցելելիս լուսանկարվեն: Ստուդիան նույնպես կկոչվի «Թագանի»:

Բացի Իգդիրի, Ալաշկերտի և Մուշի տարազներից Անահիտ Գևորգյանը պատրստվում է վերականգնել  մեր պատմական հայրենիքի մյուս գավառների ազգային հագուստները՝ դարձյալ խորհրդակցելով ազգագրագետների հետ:

Կարդացեք նաև

Back to top button