ԿարևորՀասարակություն

Որսաշրջանը բացված է. դժգոհ են և՛ որսորդները, և՛ բնապահպանները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ստորագրել է «Որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» հրամանը։ Բնապահպանները, սակայն տարակուսած են, որ որսի հետ կապված որոշումն այդպես էլ կայացվել է առանց բնապահպան-կենդանասերների հետ լուրջ քննարկումների, ինչի անհրաժեշտության մասին իրենք բարձրաձայնել էին ամիսներ առաջ:  

Շրջակա միջավայրի նախարարի երեկվա հրամանով սահմանվել է  որսի կենդանիների համար նախատեսվող 2019-2020 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանով երկրորդ տարին անընդմեջ որսաշրջանի ընթացքում չի թույլատրվել կաթնասունների որս` բացի գայլերից և շնագայլերից։

Որսորդական միություններն ի սկզբանե խնդիրներ են տեսել որսի օրերի հետ կապված: Սկզբում նախատեսվել է որսի թույլտվություն միայն շաբաթ եւ կիրակի օրերին, ինչին դեմ են արտահայտվել որսորդական միությունները: Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Սեւակ Բալոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ որսորդական միությունների հետ բավականին քննարկումներից հետո որոշում է կայացվել որսի օրերի թիվն ավելացնել. «Շաբաթ եւ կիրակի օրերից բացի, որսը թույլատրվել է իրականացնել նաեւ չորեքշաբթի, և օրենքով հաստատված տոներին ու հիշատակի օրերին»։  

Կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը հանձնարարվել է  կազմակերպել Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությանը։ Սեւակ Բալոյանը տեղեկացրեց, որ արդեն 12 կազմակերպության հետ որսի օգտագործման պայմանագիր է կնքվել.«Սպասվում է, որ նոր հայտեր նույնպես կներկյացվեն երկրորդ փուլով: Որսորդմիությունների հետ երեկվա մեր քննարկումներում նրանք ասացին, որ շատ հնարավոր է նոր հայտեր ստանան իրենց որսորդներից: Դրան համապատասխան էլ իրենք հայտեր կներկայացնեն մեզ, որոնց հիման վրա էլ  նոր պայմանագրեր կկնքվեն»:

Բնապահպան, կենդանասեր Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ նախարարի նոր հրամանին ծանոթ չէ: Նա միաժամանակ տարակուսեց, որ որսի թույլտվության հրամանն արձակվել է, այդպես էլ չկազմակերպելով խորհրդարանական լսումներ, ինչի մասին իրենք համապատասխան նամակով դիմել էին շուրջ 6 ամիս առաջ:

«Զարմանալի բան է: Ես ասեմ՝ նույնիսկ նախկին կառավարության օրոք գոնե որեւէ պատասխան մենք ստանում էինք: Բայց այս Ազգային ժողովը բացարձակապես չի արձագանքել»:

Սա, բնապահպանի խոսքով, իրենք մտահոգիչ են համարում.«Մենք շուրջ 6 ամիս առաջ դիմել էինք խորհրդարան, որպեսզի  պառլամենտական լսումներ անցկացվեն  որսի խնդիրը լուծելու համար: Սակայն մինչեւ այսօր մենք ոչ մի պատասխան չենք ստացել: Բազմիցս զանգել-հարցրել ենք, թե ի՞նչ եղավ մեր նամակի պատասխանը՝ ոչ մեկը ոչինչ չի արձագանքել: Ես կարծում եմ, որ հենց դրա համար էլ չեն արձագանքել, որպեսզի որսի հետ կապված այնպիսի որոշում ընդունեն, որը, ըստ իս, հարմարեցված կլինի իրենց»:

Հայաստանի որսորդական ՀԿ-ների և նախաձեռնությունների ղեկավարների խորհրդի անդամ Էդուարդ Սարիբեկյանը նույնպես այդ առումով խնդիր է տեսնում: Նա կարծում է, որ վերահսկողությունն իրականացնող բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի գործողություններն արդյունավետ չեն եւ առաջարկում են իրենց աջակցությունը.

«Մենք առաջարկել ենք մարդ, միջոց, վառելիք, չգիտեմ՝ ամեն-ինչ, որ այդ տեսչական գործողություններն արդյունք տան, բայց նախարարությունն ու պատկան մարմինները հրաժարվում են դրանից: Իմ ենթադրությամբ՝ մենք գործ ունենք փակ համակարգի հետ, որտեղ որսագողերն ու նրանց դեմ պայքարողները, ամենայն հավանականությամբ, կոմֆորտ զոնայում են»:

Մենք ամեն օր կարդում ենք տեսչական մարմնի մամուլի հաղորդագրությունները, անտառի և տարբեր այլ գողություններ են հայտնաբերում, բայց երբեք չենք լսում որսագողության մասին՝ նշում է Էդուարդ Սարիբեկյանը: Վերահսկողական գործառույթների մասով պարզաբանում խնդրեցինք նաեւ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Այստեղից խոստացան արձագանքել երկուշաբթի օրը:

       

Կարդացեք նաև

Back to top button